ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՍԽԱԼԻ ՄԱՍԻՆԵթե կա անհրաժեշտություն ստանալ պատասխան խմբագրությունից, ապա խնդրում ենք հաղորդագրության մեջ նշել նաև Ձեր էլ.հասցեն։ |
ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #44, 2016-11-25 ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆ «ԱՔՍՈՐԻ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԻԼԴԵ ԴՈՄԻՆ ՄՐՑԱՆԱԿ» 90-ԱՄՅԱ ՀԻԼԶԵՆՐԱԹԻՆԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա Նոյեմբերի 23-ին Հայդելբերգի քաղխորհրդի մեծ դահլիճում պատվել են գերմանագիր Էդգար Հիլզենրաթինՙ Հիլդե Դոմին 2016-ի մրցանակ հանձնելով, որ տրվել է հեղինակին աքսորում ստեղծած գրականության համար: 1926-ին Լայպցիգում ծնված ծագումով հրեա գրողն իր երկերում շոշափել է տաբու թեմաներՙ հրեաների հետապնդումն ու Հոլոքոսթը, Հայոց ցեղասպանությանՙ ցայսօր էլ քաղաքական ալեբախումներ հարուցող հարցին անդրադարձել իր գրականության մեջ: Այս վերջինը հատուկ շեշտադրում է գերմանական տեղական մամուլը նոյեմբերի 24-ին լուրը հրապարակելովՙ նկատել տալով Բունդեսթագի բանաձեւից հետո թուրք- գերմանական պրկված հարաբերությունները: Հիլդե Դոմին 2016-իՙ 15 000 եվրո պարգեւավճար ներկայացնող մրցանակը տրվում է Հիլզենրաթին, որն, ինչպես ձեւակերպված է ժյուրիի հիմնավորման մեջ, «իր մռայլ երեւակայության ծնունդ վեպերում փորձում է մարդու հանդեպ մարդու ստեղծած սարսափը գրոտեսկի միջոցով ներկայացնել, նրա պատմածի տեղանքը ծիծաղն է, որ կոկորդ է բռնում ու գալարվումՙ ցինիզմի, տխրության, ինքնահաստատման միջեւ»: 90- ամյա Հիլզենրաթը երախտագիտության իր խոսքում պատմել է, թե 1975- ին Գերմանիա վերադարձն առաջին հերթին նշանավորվել է լեզվովՙ «գերմաներենն է Գերմանիայի հետ իր միակ ուղին, միակ կապը»: 2006-ին ՀՀ նախագահի մրցանակին արժանացած գրողը քաջ ծանոթ է Հայաստանումՙ առավելապես որպես «Վերջին մտքի հեքիաթը» վիպակի հեղինակ: Լայպցիգում վաճառականի ընտանիքում ծնված Հիլզենրաթը ստիպված էր մոր հետ 1938-ին փախչել իր պատանության քաղաք Հալլեից դեպի Ռումինիաՙ Բուկովինա, տատուպապի մոտ, այնուհետ 1941-ին տեղահանվում է Ուկրաինա, փրկվում հրեական գետտոյում: 1945-ից բնակություն հաստատում Պաղեստինում, Լիոնում, Նյու Յորքում: Այսօր ապրում եւ ստեղծագործում է Բեռլինում: Մրցանակի հանձնման հանդիսությանը ելույթ է ունեցել 1997-ից Գերմանիայում բնակվող լրագրող Սուսաննա Ամիրխանյանը: Գրողի հասցեին իր գովասանաճառում, անդրադառնալով «Վերջին մտքի հեքիաթը» վեպին, բանախոսն ասել է, թե այդ երկն իր համար ազդեցիկ է եղել այնքան, որ այժմ նվիրվել է Հիլզենրաթի գրականությունը լուսաբանելու գործին: 700 տարվա գրական ավանդույթներ ունեցող Հայդելբերգը 2014- ին պաշտոնապես ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-յի ստեղծարար քաղաքների ցանցումՙ ստանալով «գրականության քաղաք» տարբերակումը: «Աքսորի գրականություն» (բնագրումՙ Literatur im Exil, որ կարելի է նաեւ թարգմանելՙ աքսորում ստեղծված գրականություն- Ան.Հ.) մրցանակը սահմանել է Հայդելբերգ քաղաքը 1992-ինՙ իր պատվավոր քաղաքացուհուՙ քնարերգու Հիլդե Դոմինի 80- ամյակի պատվին, որին բնականաբար տրվել է առաջին մրցանակը: Վերջինս Հիլզենրաթի բախտակիցն է եղելՙ փախել է ֆաշիստական ռեժիմից եւ աքսորում ստեղծել իր երկերը: 2006-ին բանաստեղծուհու մահից հետո մրցանակը վերանվանվել էՙ «Աքսորի գրականության Հիլդե Դոմին մրցանակ»: Մրցանակը տրվում է երեք տարին մեկ գերմանագիր այն գրողին, որ իր երկերը ստեղծում է գերմանական աքսորում կամ գրականությունը աքսորի մասին է: Տարբեր տարիների վերոնշյալ մրցանակի դափնեկիր են դարձել Գերմանիայում ապաստան գտած Սայիդը (Իրան), Բորիս Խազանովը (Ռուսաստան), նրա երկերի թարգմանիչ Աննելորե Նիթշկեն, Սթեվան Տոնտիչը (Բոսնիա), Համիդ Սկիֆը (Ալժիր), Շերկո Ֆաթահը (Իրաք), Օլեգ Յուրեւը (Ռուսաստան), Աբբաս Խիդերը (Իրաք): https://www.archive.azg.am/AM/2016112502 © AZG Daily, 2008 |