ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՍԽԱԼԻ ՄԱՍԻՆ

Եթե կա անհրաժեշտություն ստանալ պատասխան խմբագրությունից, ապա խնդրում ենք հաղորդագրության մեջ նշել նաև Ձեր էլ.հասցեն։


ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #23, 2019-06-14

ՇԵՇՏԱԴՐՈՒՄՆԵՐ

ՄԵՌԱԾՆԵՐԻ ՀԵՏԵՎԻՑՙ ՄԻԱՅՆ ՃԻՇՏԸ

ԳԵՎՈՐԳ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ

Շաբաթներ առաջ մտերիմներիցս մեկի մոտ պատահաբար տեսա «Հայ նորագույն գրականություն» կոչվող մի ուսումնաօժանդակ ձեռնարկ-մատենաշարի հերթական հատորներից մեկըՙ Նաիրի Զարյան :

Նախՙ ՀՀ ԿԳՆ Կրթության ազգային ինստիտուտի կողմից երաշխավորված որպես ուսումնաօժանդակ ձեռնարկ համարվող այս բրոշյուրի որեւէ հատվածում գրված չէՙ այն ուսանողի՞, աշակերտի՞, թե՞ մանկավարժի համար է նախատեսված: Նվեր Վիրաբյանի ու Գայանե Գրիգորյանի կազմած այս ձեռարկում կարելի է գտնել բազմաթիվ վրիպակներ, որոնցից ամենանհամեստն ու ,արդեն ոչ ուղղակի վրիպակըՙ բանաստեղծի հայտնի «Հայոց լեզուն» գազելի 6-րդ տանը կատարված «կոսմետիկ վերանորոգությունն է»: Իրականում Ն. Զարյանը գրել է այսպես.

«Քանի՜ ցեղեր ցամաքեցին, ինչպես հեղեղն ավազի մեջ,

Բայց լենինյան ծովին հասավ մեսրոպատառ հայոց լեզուն»:

Նորին մեծություն խմբագրակազմը որոշել է, որ հիմա Լենինը նորաձեւ չէ, եւ որոշել է «լենինյան» բառը հանել ու առաջացած բացատը փակել «նոր դարի» բառակապակցությամբ.

«Քանի՜ ցեղեր ցամաքեցին, ինչպես հեղեղն ավազի մեջ,

Բայց նոր դարի ծովին հասավ մեսրոպատառ հայոց լեզուն»:

Այս խմբագրական անբարեխղճությունն արդեն խոսում է ձեռնարկի, մեղմ ասած, ո՛չ այնքան հավաստի լինելու մասին: Որովհետեւ կոպիտ միջամտություն է կատարվել, որըՙ խմբագրական միջամտություն ավանել չի կարելի, դա բանաստեղծության գաղափարի, ինչպիսին էլ որ այն լինի, տրոհում է, արհեստականացում: Ինչեւէ, անցնենք հաջորդին.

Գրքույկում բացառապես դրական երանգներով ներկայացված է Նաիրի Զարյանի կենսագրությունը, անդրադարձ է կատարված նրա ստեղծագործական կյանքին, հատկապեսՙ հանրահայտ «Արա Գեղեցիկ» պոեմին: Վերջում զետեղված է Ռուբեն Զարյանի հուշըՙ բանաստեղծի մասին: Թե ինչու միայն Ռ. Զարյանինը, թող խմբագրակազմը պատասխանի այդ հարցին:

Մի խոսքով, այս ուսումնաօժանդակ ձեռնարկ կոչվածը ոչ այլ ինչ է, քանՙ լուսապսակ Նաիրի Զարյանի համար:

Ես չեմ պաշտպանում այն տեսակետը, թեՙ մեռածների հետեւիցՙ կամ լավը կամ ոչինչ, ոչ եւ երիցս ոչ. մեռածների հետեւից միայն ու միայն ճիշտը: Իսկ ո՞րն է գլխավոր ճիշտը Ն. Զարյանի մասին, որը «խմբագրական խնամատարության» հետեւանքով դուրս է մնացել ձեռնարկ կոչվածից:

Ինչ խոսք, Նաիրի Զարյանն իր շրջանի ալեւելահայ բանաստեղծական լեզուն գրեթե տերյանական մակարդակի հասցրած մի գրող է, փաստ, որը ոչ ոք չի ժխտում եւ իրավունք էլ չունի ժխտելու, մարդը կարողացել է մաքուր պահել իր գրական լեզուն, ցավոք, միայն գրականը...

Եթե այս ձեռնարկն ստեղծված է դպրոցականների կամ ուսանողների համար (դատում եմ ձեւի, նույթի եւ շարադրանքի մակերեսային լինելուց), ապա ինչո՞ւ են երեխաներից թաքցված կարեւոր փաստեր, ինչո՞ւ գրված չէ նաեւ այն, ինչը գոնե հիմա, բոլորը պարտավոր են իմանալ: Ի՞նչ ենք թաքցում մեր երեխաներից: Ինչո՞ւ ենք թաքցնում, ստի ու կեղծ հերոսականության մե՞ջ ենք պատրաստվում դաստիարակել մեր երեխաներին:

Օրինակ, երբ ձեռնարկում խոսվում է Զարյանի գրական ժառանգության մասին, եւ երբ բերվում են օրինակներ, ինչու է մոռացվում նրա, ասենք, «Գրական սերունդի» 1936թ. 4-րդ համարում գրած «Նացիանոլիստը հայ գրողի դիմակի տակ» հոդվածը, որտեղ երկու նախադասության մեջ Զարյանը ցեխ է նետում երեք մեծանուն գրողների ուղղությամբ.

«Բակունցը ոչ միայն մազաչափ անգամ չի բարձրանում Րաֆֆու ռասսայական թրքատեցությունից, այլեւ մի աստիճան ավելի խորն է թաղվում անասնական շովինիզմի թունավոր ճահիճը :

Ահարոնյանական սենտիմենտալ ոճով գրված այդ լղարիկ հատվածներում չկա իրական կյանքի ոչ մի նշույլ, կենդանի մարդու ոչ մի կերպարանք» :

Որեւէ մեկը կարո՞ղ է բացատրել, գոնե փորձել արդարացումներ գտնել, թե ի՞նչ ուներ Նաիրի Զարյանն իր ծնունդից 12 տարից առաջ մահացած վիպասան Րաֆֆու հետ: Ոչինչ, թերեւս, բացի նրա ազգայնականությունը հալածելով կարմիրների սիրտն իր վրա տաքացնելու միտումը:

Եթե սա ոմանց կողմից համարվի «պահի ազդեցություն» կամ «բարկություն», որը ոչ մի տեսանկյունից ընդունելի չէ, ապա ի՞նչ անուն կարելի է տալ մեկ տարի անցՙ 1937թ. դեկտեմբերի 2-ին նրա գրածՙ «Ո՞վ եմ ես» վերտառությամբ նամակին, որտեղ գրում է, մեջբերում եմ բառացիորեն.

«1934 թվականին, երբ հակահեղափոխական գրողները հանդես եկան մի առանձնահատուկ լկտիությամբ եւ աշկարա քարոզում էին իրենց նացիոնալիստական-տրոցկիստական գաղափարները, երբ նրանք Լինչի դատաստան տեսան բոլոր նրանց հետ, ովքեր կուլտուրայի, հատկապես գրականության հարցերում փորձում էին պաշտպանել լենինյան-ստալինյան գիծը, կատաղի խանջյանականության այդ օրերին ես գրեցի հենց իրՙ Խանջյանի եւ նրա ոհմակի դեմ ուղղված պոեմների ու բանաստեղծությունների շարք: Այսպեսՙ «Վաչագան Հատորունի» (երգիծանք) պոեմն ուղղված է հակահեղափոխական գրչակներ Թոթովենցի, Ալազանի, Բակունցի, Մահարու, «Վեպի հերոսները» երգիծական պոեմըՙ Ալազանի, «Ֆիրդուսի» պոեմըՙ Չարենցի, «Երկու հանճարեղ գլուխ» պոեմըՙ Խանջյանի եւ նրան քծնողների, «Իմ երիտասարդ մայրը» պոեմըՙ Բակունցի ու Չարենցի եւ, ընդհանրապես, դաշնակցության դեմ: (...) Հայաստանի խորհրդային գրողների առաջին համագումարում հանդես եկա ճառով եւ բազմաթիվ փաստերի վերլուծության հիման վրա ցույց տվեցի Չարենցի, Բակունցի, Ալազանի, Մահարու, Թոթովենցի, Արմենի, Սուրխաթյանի, Պ. Մակինցյանի, Ա.Կարինյանի եւ մյուսների գրքերում եւ հոդվածներում առկա նացիոնալիստական-տրոցկիստական գիծը: (...) Բայց ես չմնացի Հայաստանի շրջանակներում: Հայ գրականության մեջ առկա նացիոնալիզմի դեմ ջախջախիչ ճառով ընդդեմ Չարենցի, Բակունցի, Ալազանի եւ մյուսների ես հանդես եկա Մոսկվայում» :

Այս մեկը կարծեմՙ արդեն շատ լուրջ է, եւ ասելու ոչինչ չի մնում, կարիք էլ չկա, որովհետեւ փաստերն ամեն ինչ ասում են: Վերոբերյալներով չբավարարվողները թող կարդան, իմանան, եթե չգիտեն, եւ նմանատիպ ձեռնարկներում էլ գրենՙ ով է բոլշեւիկ «ղասաբներին» մատնել հայ մեծանուն պոետ Եղիշե Չարենցի «Պատգամ» բանաստեղծության գաղտնագիրը, գուցե գոնե դա համոզիչ լինի. չէ՞ որ այդ մատնիչը նույն Նաիրի վերանվանվածՙ երբեմնի Հայաստան Եղիազարյանն էր, որն իր ապրած կյանքով ապացուցեց, որ ինքը ո՛չ Նաիրի, ո՛չ էլ Հայաստան անունների հետ հոգեւոր որեւէ կապ ունենալ չի կարող:

Փաստորեն այս ձեռնարկն անպետք, անօգուտ մի բան է: Չհանդգնելով դրան գիտական երաշխավորություն տված ՀՀ ԿԳՆ Կրթության ազային ինստիտուտի աշխատակիցներին մեղադրել ոմանց հետ «բախշիշային» մակարդակի հարաբերություններ հաստատելու համար, միաժամանակ նկատի ունենալով, որ ձեռնարկը թափոն է, մակուլատուրայի հումք, կմտածեմ, որ երշախավորագիրն ստորագրած անձինք կա՛մ թերացել են աշխատանքի մեջ եւ չեն կարդացել նյութը, կա՛մ էլ, ներեցեք, բայց թերուս, ծանծաղամիտ մարդիկ են:

Հ.Գ. Այո՛, մեռածների հետեւիցՙ միայն ճիշտը:


https://www.archive.azg.am/AM/2019061403

© AZG Daily, 2008