ՈՒՂԱՐԿԵԼ ՀԵՂԻՆԱԿԻՆ

Եթե կա անհրաժեշտություն ստանալ պատասխան խմբագրությունից, ապա խնդրում ենք հաղորդագրության մեջ նշել նաև Ձեր էլ.հասցեն։

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ:
ՈՒՂԱՐԿԵԼ:

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #12, 2013-02-06

Մարզական

ՅՈՒՐԱ ՄՈՎՍԻՍՅԱՆ. «ՄԻ ՔԱՆԻ ՇԱԲԱԹԻՑ 100 ՏՈԿՈՍՈՎ ՊԱՏՐԱՍՏ ԿԼԻՆԵՄ»

Յուրա Մովսիսյանը գոլով նշանավորեց նորամուտը Մոսկվայի «Սպարտակի» կազմում: Արաբական Միացյալ Էմիրություններում ուսումնամարզական հավաք անցկացնող «Սպարտակը» ստուգողական խաղում 2-0 հաշվով հաղթեց տեղի «Ալ Դաֆրային»: 62-րդ րոպեին փոխարինման դուրս գալով, Յուրա Մովսիսյանը 19 րոպե անց տուգանային հրապարակի մատույցներից կատարած դիպուկ հարվածով կրկնապատկեց հաշիվը: Խաղավերջում Յուրան կարող էր նաեւ իր 2-րդ գոլը խփել, սակայն հաջող խաղաց մրցակցի դարպասապահըՙ հետ մղելով գնդակը:

«Ալ Դաֆրայի» հետ խաղից հետո Յուրա Մովսիսյանը հարցազրույց է տվել «Սպարտակի» պաշտոնական կայքին:

- Յուրա, շնորհավորում եմ հաջող նորամուտի առթիվ: «Սպարտակի» կազմում առաջին իսկ խաղում, թեկուզ եւ ընկերական, քեզ հաջողվեց գոլի հեղինակ դառնալ: Ինչպե՞ս կգնահատես խաղը:

- Իհարկե, շատ երջանիկ եմ, որ վնասվածքից հետո կրկին վերադարձա խաղադաշտ եւ արդեն կարող եմ խաղալ: Ինձ համար առավել կարեւորը ոչ թե խփածս գոլն է, այլ թիմի տարած հաղթանակը «չոր» հաշվով:

- Ամեն դեպքում, խաղադաշտ դուրս գալով, դու կես ժամ շատ հաջող խաղացիր:

- Կարող էի նաեւ 2-րդ գոլը խփել: 2-3 լավ պահ ունեցա: Սակայն սկզբի համար մեկ գոլն է բավարար է:

- Ե՞րբ կկարողանաս ամբողջ 90 րոպեն խաղադաշտում անցկացնել:

- Դա որոշ ժամանակ կպահանջի: Լիարժեք մարզումները սկսել եմ ընդամենը 10 օր առաջ: Իսկ մինչ այդ 4 ամիս չեմ մարզվել: Ներկայումս բացի ամենօրյա մարզումներից նաեւ բուժման կուրս եմ անցնում: Կարծում եմ, որ մի քանի շաբաթից արդեն 100 տոկոսով պատրաստ կլինեմ:

- «Սպարտակում» խփած առաջին գոլն ո՞ւմ կնվիրես:

- Առաջին գոլը, նույնիսկ ոչ պաշտոնական խաղում, անկասկած շատ կարեւոր է: Մանավանդ որ «Սպարտակում» խաղալիս ինձ համար ոչ մի հանդիպում էլ ընկերական բնույթ չի կրում: Այդ գոլը կարող է օգնել ինձ վերադարձնելու վստահությունս: Ուստի այսօրվա խփած գոլը ցանկանում եմ նվիրել բոլոր նրանց, ովքեր հավատում եւ աջակցում էին ինձ, երբ վնասվածք ունեի եւ որոշեցի տեղափոխվել «Սպարտակ»:

- Ինչո՞ւ «Սպարտակում» ընտրեցիր 12 համարի մարզաշապիկը:

- Որովհետեւ կուռքսՙ Թյերի Անրին այդ համարի մարզաշապիկ է կրում: Իսկ ազգային հավաքականում հանդես եմ գալիս 14 համարի մարզաշապիկով: Այդ համարով եւս Անրին խաղացել է: Ինձ դուր եկող մյուս համարներն արդեն զբաղված էին, ուստի ընտրեցի իմ սիրած ֆուտբոլիստի համարը:

- Իսկ ինչո՞ւ ես սիրում Անրիին:

- Պարզապես նա աշխարհում լավագույններից մեկն է: Անրին յուրօրինակ խաղաոճ ու էներգետիկա ունի եւ նրա գործողություններին հետեւելը մշտապես հետաքրքրական է: Երբ Անրիին տեսնում ես խաղադաշտում, իրական բավականություն ես ստանում ֆուտբոլից: Նրա նվաճումներն ու խփած գոլերն ինձ գրավել են դեռեւս մանկուց:

- Իսկ եթե ձեռքով գոլ խփես, խաղից հետո կխոստովանե՞ս:

- Այո: Այդ կերպ գոլ խփել եմ: Սակայն եթե դու ձեռքով ես խաղացել ու մրցավարը չի սուլել, ապա պարտավոր ես գրավել դարպասը եւ օգուտ տալ թիմիդ: Իհարկե, պետք է ազնիվ լինել, բայց եթե մրցավարը գոլն արձանագրել է, ուրեմն վերջ:

- Ի՞նչն է քեզ դուր գալիս Ռուսաստանում, որը չկա ԱՄՆ-ում:

- Լեզու սովորելու հնարավորությունը: Մանկուց ցանկացել եմ ռուսերեն խոսել: Ռուսերենն ինձ միշտ դուր է եկել:

- Ընտանիքում հայերե՞ն ես խոսում, թե՞ անգլերեն:

- Միայն հայերեն: Եվ ոչ միայն ես, այլեւ ամբողջ ընտանիքս: Վստահ եմ, որ երեխաներս էլ հայերեն կխոսեն:

- Քեզանից բացի, «Սպարտակում» կա՞ մեկը, որ հայերեն գիտի:

- Ոչ մեկը չգիտի: Որոշ ֆուտբոլիստներ հայերեն ընդամենը մի քանի բառ գիտեն: Փոխարենը «Սպարտակում» ժամանակին մի քանի հայ ֆուտբոլիստներ են հանդես եկել, ինչը շատ կարեւոր է:

- Գիտե՞ս, որ ծնվել ես «Սպարտակի» չեմպիոնության տարում:

- Հիմա արդեն գիտեմ: Կարծում եմ, որ դա լավ նշան է:


https://www.archive.azg.am/AM/2013020625

© AZG Daily, 2008