ՈՒՂԱՐԿԵԼ ՀԵՂԻՆԱԿԻՆ

Եթե կա անհրաժեշտություն ստանալ պատասխան խմբագրությունից, ապա խնդրում ենք հաղորդագրության մեջ նշել նաև Ձեր էլ.հասցեն։

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ:
ՈՒՂԱՐԿԵԼ:

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #15, 2013-02-09

ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱՊԱԿԵՆՏՐՈՆԱՑՄԱՆ ՀՐԱՄԱՅԱԿԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՎ ԳՅՈՒՄՐԻՆ

«Սիվիլիթաս»-ի հերթական քննարկումը մայրաքաղաքից դուրս

ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ

Գյումրին 100 տարի առաջ ուներ այնքան բնակիչ, ինչքան Երեւանը: Ավելին, Գյումրին գրեթե միշտ ունեցել է գերազանցապես հայկական բնակչություն: Սրանք հանրապետության երկրորդ քաղաքի «Արեւամանուկ» կենտրոնում օրերս կազմակերպված քննարկման ժամանակ «Սիվիլիթաս» հիմնադրամի վերլուծաբան, լրագրող Թաթուլ Հակոբյանի բերած տվյալներն են, որոնք ցույց են տալիս, թե ուր կարող է հասցնել զարգացման ընթացքի տարբերությունը:

«Սիվիլիթաս» հիմնադրամը դրվատելի հետեւողականություն է հանդես բերում ոչ միայն իր տարեկան զեկույցները մայրաքաղաքից դուրս եւս ներկայացնելու, այլ նաեւ տեղական խնդիրների շարունակական բարձրաձայնմանը նպաստելու հարցում: Իր հինգերորդ տարեկան զեկույցի առիթով Գյումրիում կազմակերպված հանրային քննարկումը` «Ապակենտրոնացման հրամայականը եւ հեռանկարները», շարունակում էր անցյալ տարվա քննարկման թեման, եւ դա իրոք այն խնդիրն է, որը միշտ արդիական է մեր երկրի ընդհանուր զարգացման տեսակետից, երբ ամեն ինչ շարունակում է վտանգավոր կերպով գերկենտրոնացված մնալ մայրաքաղաք Երեւանում:

Իր բազմաթիվ խնդիրներով հանդերձ այսօր ի՞նչ կարող է առաջարկել Գյումրին որպես առկա իրավիճակին այլընտրանք, ինչպե՞ս եւ ի՞նչ չափով կարող է լինել գրավիչ ու ծառայել ապակենտրոնացմանը: Փորձելով պատասխանել այս եւ նման այլ հարցերի, քննարկման երեք բանախոսներից ազգագրագետ, էթնոժողովրդագրագետ Արտաշես Բոյաջյանը նախ հիշեց, որ խորհրդային տարիներին Լենինականը կոչվել է նաեւ տեքստիլագործների քաղաք. այն ժամանակ արդյունաբերական ձեռնարկություններում զբաղվածների թիվը կազմել է 45 հազար, որի կեսից մի քիչ պակասը` 20-21 հազարը զբաղված է եղել թեթեւ արդյունաբերության ոլորտում: Քաղաքը եւ ընդհանրապես Շիրակը հայտնի էին ունեցած որակյալ աշխատուժով, գիտական ներուժով, այսօր էլ առկա եւ իրենց արժեքը չկորցրած պատմամշակութային հուշարձաններով, պատմական բոլոր ժամանակափուլերի շենք-շինությունների առկայությամբ, ինչով Գյումրին առանձնանում է մեր հանրապետության մյուս բնակավայրերից: Խորհրդային տարիներին բնակավայրն իր քաղաքային գործառույթները բարձր մակարդակով կատարում էր:

«Այլ է իրավիճակն այժմ,- ասաց Ա. Բոյաջյանը:- Այսօր ես մեր քաղաքը կբնութագրեի որպես մեծ գյուղ. արդյունաբերական ձեռնարկությունները չեն աշխատում, հասարակությունը հիմնականում բաժանված է երկու շերտի` վաճառողների եւ գնողների: Եվ մարդկանց մի մաս էլ կա, որ քաղաքից բացակայում է. արտագնա աշխատանքի են մեկնում, այնտեղից գումարն ուղարկում են, այստեղ իրենց հարազատները, բարեկամները գոյությունները պահպանում են: Այսինքն, քաղաքային գործառույթը, որ պետք է կատարի քաղաքը որպես բնակավայր, որպես միջավայր, չի կատարում»: Գյումրու համար այսօր ամենագլխավոր խնդիրները ազգագրագետը համարում է քաղաքային միջավայրի բարեկարգումը, բարոյահոգեբանական մթնոլորտի փոփոխությունը եւ ամենակարեւորը` արդյունաբերական, արտադրական ձեռնարկությունների գործարկումը:

«Եթե մենք այս երեք կարեւոր խնդիրներին լուծում չտվեցինք, ուրեմն մոտակա տասնհինգ-քսան տարիների ընթացքում Գյումրին, որը ժամանակին ունեցել է 230 հազար բնակիչ, այժմ պաշտոնական տվյալներով ասում ենՙ 146 հազար է, բայց առկա բնակչության թիվը մոտավոր հաշվարկներով 90-100 հազար է, ոչ ավելի, կհայտնվի շատ ավելի ծանր իրավիճակում: Միայն մի թվային տվյալ ասեմ,- որպես ժողովրդագրական իրավիճակի վատթարացման ցցուն արտահայտություն նշեց Արտաշես Բոյաջյանը,- քաղաքի դպրոցներում այսօր սովորող աշակերտների թիվը 14 հազար է` 1926-30-ական թվականներից քիչ, այն դեպքում, երբ խորհրդային տարիներին 40 հազարից ավելի աշակերտություն ենք ունեցել: Սա արդեն ասում է ամեն ինչ, ասում է, թե մեր քաղաքի ներկա զարգացման վեկտորը ուր է տանում»:

Ըստ բերված տվյալների, այսօր քաղաքն ունի այնքան բնակիչ, որքան ունեցել է 1959 թվականին, մինչդեռ ժողովրդագրական կայուն զարգացման պայմաններում այդ թիվն արդեն պետք է լիներ 300 հազարից ոչ պակաս...

Ազգագրագետը նշեց Գյումրիում պետական հստակ սոցիալ-տնտեսական քաղաքականության իրականացման անհրաժեշտությունը, տեղին ընդգծելով, որ քաղաքի արդյունաբերության, աշխատատար արտադրության զարգացումը լոկոմոտիվի, առաջշարժիչ ուժի դեր կարող է կատարել բնակավայրի կյանքի մյուս բոլոր ոլորտների զարգացման համար:

Իսկ արդյո՞ք տեղական իշխանություններն էլ անում են բավարարը, որ իրենք նաեւ քաղաքը գրավիչ դարձնեն: Սախարովի անվան իրավապաշտպան կազմակերպության Շիրակի մասնաճյուղի ղեկավար Սեյրան Մարտիրոսյանը , փոխաբերաբար խոսելով երկրորդ, երրորդ, չորրորդ բեւեռների կամ ոտքերի անհրաժեշտության մասին, նաեւ որոնց վրա պետք է հենվի, կանգուն լինի մեր հանրապետությունը, նկատեց, թե այսօր Երեւանից բացի ուրիշ ոտք չկա... Ս. Մարտիրոսյանն այսօր Հայաստանում տեսնում է 915 դժբախտ համայնք: Նման վիճակի պատճառն, ըստ նրա, այն է, որ պետական մտածելակերպ չկա, չկա հայեցակարգային ծրագիր: Եվ տեղական ինքնակառավարումն էլ երկրում չի կայացել, տեղական ժողովրդավարությունը շատ ցածր մակարդակի է:

«Ես չեմ կարող Հայաստանում գեթ մեկ համայնք նշել, որն ապահով, անվտանգ, գրավիչ տարածք է մարդու համար ու պահանջված է նաեւ բնակիչների որդիների, հետագա սերունդների համար: Չկա պարզապես: Եվ շատ պարզ պատճառով: Տեղական ինքնակառավարումը պետք է լինի ինքնակառավարում, ընտրությունները պետք է լինեն ազատ ընտրություններ, բայց այդ ազատությունն արդեն խաթարված է...»:

Մեր երկրում կառավարությունը ժողովրդին հաշվետու չէ, նույն կերպ տեղական իշխանությունը ժողովրդին հաշվետու չէ, հաշվետվողականության, թափանցիկության մեխանիզմներ գոյություն չունեն: Չի կայացել ավագանու ինստիտուտը: Գյումրիում կարող էր լավ ավագանի լինել, եթե «Քաղաքը մերն է» նախաձեռնությունն այնտեղ ավելի շատ ներկայացված լիներ: Բայց հասարակությունն այլ կերպ ընտրեց, ընտրեց հիմնականում թաղային հեղինակություններին: Եվ պարզ է` այս ամբողջը չեն կարող նպաստել որ, տվյալ դեպքում, Գյումրին լինի այնտեղ, որտեղ պետք է լիներ, եզրակացրեց իրավապաշտպան կազմակերպության ղեկավարը:

Սեյսմիկ պաշտպանության հյուսիսային ծառայության տնօրեն, պրոֆեսոր Սերգեյ Նազարեթյանը Գյումրու գրավչություններից առաջին երկուսը համարում է մշակույթը եւ զբոսաշրջության զարգացման լուրջ հիմքերի առկայությունը: Այդպիսի հիմք, նրա համոզմամբ, նախ կարող է լինել «Կումայրի» պատմաճարտարապետական արգելոց-թանգարանը, որտեղ կան հարյուրից ավելի տարվա հնության, Գյումրուն բնորոշ ճարտարապետությամբ 1200 շենքեր: Նաեւ` թանգարանների ցանցը, ավանդույթներն ու բնորոշ ճաշատեսակները: Նաեւ Ախուրյանի ջրամբարը: «Եթե ուշադիր նայեք,- ասաց պրն Նազարեթյանը,- թուրքերն այն կողմից օգտագործում են լիճը տարբեր նպատակներով, այդ թվում` լողանալու համար: Եթե բացվի ցանկապատն ու գոնե որոշակի տարածք, որն անվտանգության տեսակետից քիչ է հարկավոր, հատկացվի լողանալու, հանգստավայր դարձվի, դրանից կշահեն ե՛ւ մեր քաղաքը, ե՛ւ բնակչությունը, եւ հարակից շրջանների մարդիկ փոխանակ գնան Սեւան լողանալու, կգան այստեղ կլողանան: Սեւանում լողանալու ժամանակահատվածը երկու ամիս է, այստեղ չորս ամիս կլինի, որովհետեւ ծովի մակարդակից հազիվ 500 մետր է բարձր»:

Ս. Նազարեթյանը համամիտ է, որ այսօր հնարավոր չէ քաղաքի խոշոր գործարանները վերականգնել, բայց, ըստ նրա, պետք է իրական քայլեր արվեն փոքր ու միջին գործարարության, տնտեսություն հիմնելու, արդյունաբերություն զարգացնելու եւ զբաղվածություն ապահովելու համար:

Գյումրին այսօր, ՍՊԱԾ բաժանմունքի ղեկավարի հավաստմամբ, երկրում սեյսմիկ ամենանվազ ռիսկն ունեցող քաղաքներից մեկն է, երկրաշարժից հետո կառուցված շենքերի (20 հազարից ավելի բնակարան) սեյսմակայունության մակադակը բարձր է: Դա` ի տարբերություն Երեւանի, որտեղ իրավիճակն այս առումով «պարզապես խիստ վախեցնող է»: Այնքան մոտ են շենքերն իրար, այնքան նեղ են ճանապարհները քաղաքի բուռն զարգացող կենտրոնում որ, Աստված չանի, աղետի դեպքում օգնության եկողներն էլ չէին կարողանա արդյունավետ աշխատել: Սա եւս բազմակողմ ապակենտրոնացման լուրջ կռվան է:


https://www.archive.azg.am/AM/2013020907

© AZG Daily, 2008