ՈՒՂԱՐԿԵԼ ՀԵՂԻՆԱԿԻՆ

Եթե կա անհրաժեշտություն ստանալ պատասխան խմբագրությունից, ապա խնդրում ենք հաղորդագրության մեջ նշել նաև Ձեր էլ.հասցեն։

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ:
ՈՒՂԱՐԿԵԼ:

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #17, 2013-02-13

«1915-Ի 100-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՆՈՐԻՑ ԿՄՏՆԻ ՕՐԱԿԱՐԳ ԵՎ ԿՀԱՆԳԵՑՆԻ ԱՅԼ ԱՐԴՅՈՒՆՔԻ»

Թուրքերին նախազգուշացրել է ֆրանսիացի սենատորը, որքան էլ իրեն համարի Թուրքիայի բարեկամը

Փետրվարի 11-ին ընդդիմադիր Միասնություն հանուն ժողովրդական շարժման կուսակցությանՙ UMP-ի 5 պատգամավորներ Ֆրանսիայի Ազգային ժողովի քարտուղարություն են ներկայացրել ցեղասպանությունների, այդ թվում նաեւ Հայոց ցեղասպանության, ուրացումը քրեականացնող նոր օրինագիծը: Այս օրինագծի հեղինակը, ինչպես եւ անցյալ տարվա փետրվարի 28-ին Սահմանադրական խորհրդում մերժվածն էր, Վալերի Բուայեն է:

Օրինագիծը ցեղասպանության ուրացման համար 2 տարի ազատազրկում եւ 45 հազար եվրո տուգանք է նախատեսում, միաժամանակ «Հայոց ցեղասպանություն» արտահայտության օգտագործումը արգելում է «այսպես կոչված», «ենթադրյալ», «պնդում» եւ «կեղծ» բառերի ուղեկցությամբ: Քարտուղարությունը Ազգային ժողովի Սահմանադրական հանձնաժողով է փոխանցել ժխտողականությունը քրեականացնող նոր օրինագիծը:

Դա ե՞րբ կդրվի քննարկման, չգիտենք: Պարզապես հայտնի է, որ նախորդ օրինագծի համար Վալերի Բուայեն էլեկտրոնային փոստով ամենաայլանդակ, փողոցային հայհոյանքներ էր ստացել, եւ հայհոյանքների թուրք հեղինակները, այդ թվումՙ ֆրանսաբնակ, սպառնացել էին Ֆրանսիայի ազգային ժողովի կին պատգամավորին, թե սպանելու են նրա երեխաներին:

Ի դեպ, տիկին Բուայեին հասցեագրված հայհոյանքների ու սպառնալիքների մասին ժամանակին գրել էր Անկարայի համալսարանի քաղաքական գիտելիքների ամբիոնի պրոֆ. Բասքըն Օրանը: Թուրքիան դեռ հրապարակավ չի արձագանքել նոր օրինագծին, ոչ էլ թուրք հրոսակն է հակազդում: Ըստ երեւույթին սրանք արձագանքի կամ հակազդեցության համար սպասում են քննարկումների ընթացքին:

Սակայն սպասողական վիճակը չի խանգարել «Ջիհան» լրատվական գործակալությանը, որ օրինագծի առնչությամբ դիմի Ֆրանսիայի Սենատի անդամ Նատալի Գուլեին: Օգտվելով առիթից, նշենք, որ Սենատում Ֆրանսիա-Թուրքիա բարեկամության խմբի ղեկավարի տեղակալ տիկին Գուլեն անցյալ տարի Վրաստան այցելության ընթացքում հայտարարել էր. «Ցեղասպանության ուրացումը քրեականացնելու համար մղած պայքարում հայերն այնքան իրավացի են, որքան Հոլոքոսթի պարագայում հրեաները»: Թերեւս նա դրանով էլ վշտացրել է թուրքերին:

Այլ կերպ, թուրքական գործակալության ընտրությունը պատահական չէ: Համենայն դեպս, տիկին Գուլեն ասել է, որ ինքը դեմ է պատմական խնդիրների խորհրդարաններում քննարկմանը, ներկա պահին շատ փոքր է համարում նոր օրինագծի մուտքը Ազգային ժողովի օրակարգ, սակայն դա չի ենթադրում ցեղասպանության հարցի վերջնական դուրսմղումը Ֆրանսիայի օրակարգից:

Տիկին սենատորը միաժամանակ զգուշացրել է, որ 1915-ի 100-ամյա տարելիցին Հայոց ցեղասպանության խնդիրը նորից օրակարգ կմտնի Ֆրանսիայում եւ 2015-ին հայկական սփյուռքի նախաձեռնությունն արդեն բոլորովին այլ արդյունքի կհանգեցնի, քան նախորդ նախաձեռնությունները: Ավելին, նա մատնանշել է, որ վերջին շրջանում նկատելի աշխուժացող ֆրանկո-թուրքական հարաբերությունների կարեւորագույն խոչընդոտը Հայկական հարցն է, իսկ հայերը չափազանց ազդեցիկ են Ֆրանսիայում:

Թեեւ սենատոր Գուլեն հավաստիացրել է «Ջիհան» գործակալությանը, թե ինքը շարունակում է լինել Թուրքիայի ու Ադրբեջանի բարեկամը, թուրքերին վշտացնող անցյալ տարվա հայտարարությունը սխալ են հասկացել, նույնիսկ արտահայտվել է Խոջալուի «կոտորածի», այսպես կոչված, ադրբեջանական տարածքի «հայկական օկուպացիայի» մասին, բայց եւ այնպես ընդգծել է. «Հայոց ցեղասպանության հարցի առնչությամբ անցյալ տարի ցուցաբերածս դիրքորոշումը մնում է անփոփոխ»:

Այսինքն, «հայերը ցեղասպանության հարցում այնքան իրավացի են, որքան Հոլոքոսթի պարագայում հրեաները»: Արտատպելով «Ջիհան» գործակալության հաղորդագրությունը երեկվա համարում, Նյու Յորքի «Թուրքական» կայքէջը զերծ է մնում մեկնաբանությունից: Ըստ երեւույթին, սենատոր Նատալի Գուլեի խոսքերը տեղ են հասել, բայց չպետք է հասանելի լինեն դեռեւս 21-րդ դարում հայատյացության անասնական բնազդով տառապելու պատճառով առ այսօր բռնությունը պաշտող, մարդասպանով հիացող թուրքական զանգվածներին: Այլապես թուրքական պետությունն այս զանգվածներին չի կարող իբրեւ հայհոյանքի եւ սպառնալիքի միջոց օգտագործել ինչպես ֆրանսիացի սենատորների, այնպես էլ Վալերի Բուայեի նման պատգամավորների դեմ:

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ


https://www.archive.azg.am/AM/2013021302

© AZG Daily, 2008