ՈՒՂԱՐԿԵԼ ՀԵՂԻՆԱԿԻՆԵթե կա անհրաժեշտություն ստանալ պատասխան խմբագրությունից, ապա խնդրում ենք հաղորդագրության մեջ նշել նաև Ձեր էլ.հասցեն։ |
«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #68, 2013-04-27«ԱՐՄՄՈՆՈՆ» ԱՅՍ ՏԱՐԻ` ԼԵՀԱԿԱՆ ՈՒՂՂՎԱԾՈՒԹՅԱՄԲԱպրիլի 26-30-ը մեկնարկում է «Արմմոնո» մոնոներկայացումների միջազգային թատերական 11-րդ փառատոնը: Այս տարի փառատոնի առանցքն է կազմելու լեհական ծրագիրը, որը նվիրված կլինի նաեւ մեր երկու երկրների միջեւ դիվանագիտական կապերի հաստատմանը: Լեհական նշյալ ծրագրի շրջանակներում կցուցադրվի 5 մոնոներկայացում, ինչպես նաեւ Երեւանի կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտում կանցկացվեն վարպետության դասընթացներ, գործնական պարապմունքներ ուսանողների համար: Փառատոնի շրջանակում կցուցադրվի 22 ներկայացում` Գերմանիայից, Ռուսաստանից, Լեհաստանից, Լիտվայից, Վրաստանից եւ Հայաստանից: «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանը երեկ լրագրողներին տեղեկացրեց, որ ի տարբերություն մյուս տարիների, այս տարի կլինի նաեւ «Արմմոնո-դեբյուտ» ծրագիր, որին կմասնակցեն մոնոներկայացման ժանրում իրենց առաջին քայլերն անող երիտասարդ բեմադրիչներն ու դերասանները եւ ավելացրեց, որ փառատոնին կմասնակցեն հանրահայտ մոնոներկայացումների միջազգային փառատոների տնօրեններ` Նինա Մազուրը (Ուկրաինա), Յոլանտա Սուտովիչը (Գերմանիա), Մարիա Տանանան (Լիտվա), Վեցլավ Գերասնը (Լեհաստան), թատերագետներ` Տոմաշ Միլկովսկին (Լեհաստան), Պյոտր Բարկովսկին (Լեհաստան): Փառատոնին նաեւ ակտիվ մասնակցություն ունեն հայ դերասանները` ՀՀ վաստ.արտիստ Մուրադ Ջանիբեկյան, Լարիսա Ղեւոնդյան, Նորա Բադալյան, Անահիտ Մութաֆյան, Երվանդ Ենգիբարյան, Մարինե Խաչատրյան, Նարինե Գրիգորյան, Ֆրիդա Յորք եւ այլք: Հայաստանում Լեհաստանի դեսպան Զդիսլավ Ռաչինսկին «Արմմոնո» մոնոներկայացմուների փառատոնի վերաբերյալ ասել է. «Այս փառատոնը, որը կազմակերպվում է Երեւանում 2002թ.-ից ի վեր, արդեն մշտապես իր տեղն է գրավել Հայաստանի եւ Եվրոպայի թատերական քարտեզի վրա: Այն դարձել է մշակույթի ոլորտում Հայաստանի կարեւորագույն միջազգային իրադարձություններից մեկը, որը հյուրընկալում է աշխարհի ամենահայտնի դերասաններին»: Ի դեպ, փառատոնին կցուցադրվի Մեծ եղեռնին նվիրված ներկայացում «Աննի լռությունը»` գերմանիացի դերասանուհի Բիաթե Էhլերի կողմից, որն ի դեպ հայկական արմատներ ունի: Հայ հանդիսականն հնարավորություն կունենա փառատոնի շրջանակում դիտելու հետեւյալ ներկայացումները` «Իմ անցած ուղին. Սերգեյ Եսենին» (դերակատար` Երվանդ Ենգիբարյան), «Պանտելեյ Կարմանովի տաղտկալի ճշմարտությունը» (դերակատար` Սթիվեն Թոմաս Օքսներ), «Աննի լռությունը» (դերակատար`Բիաթե Էhլեր), «Բարեւ» (դերակատար` Անահիտ Մութաֆյան), «Մարիա Ստյուարտ» (դերակատար` Նորա Բադալյան), «Խոստովանություն» (դերակատար` Մուրադ Ջանիբեկյան), «Ես եմ Ճայը» (դերակատար` Լարիսա Ղեւոնդյան), «Իմ դին» (դերակատար` Բոգուսլավ Կիերց), «Ֆեդրա» (դերակատար` Աննա Սկուբիկ ), «Նովոցենտո» (դերակատար` Մաթեուշ Օլշեւսկի), «Մարիա Ստյուարտ» (դերակատար` Լուսինե Խաչատրյան), «Ստրիպտիզ» (դերակատար` Ֆրիդա Յորք), «Երբ դու չկաս...» (դերակատար` Մարինե Պետրոսյան), «Դզին-Բանա-ստեղծագործություն» (դերակատար` Նարինե Գրիգորյան), «Առագաստ» (դերակատար` Արամ Գյուրջյան), «Շների աշխարհ» (դերակատար` Ստանիսլավ Նաթենաձե), «Միլկա» (դերակատար` Քշիշտոֆ Գրաբովսկի), «Կոտրված եղունգներ» (դերակատար` Աննա Սկուբիկ): Իսկ «Արմմոնո-դեբյուտի» շրջանակում հայ հանդիսականը կդիտի` «Վերջ վերջապես» (դերակատար` Վարազդատ Փանոյան), «Զսպաշապիկ» (դերակատար` Արմեն Թորոսյան), «Սպասասրահ կամ հրաժեշտի կոմպարսիդա» (դերակատար` Շողեր Գրիգորյան), «Չեմ բողոքում» (դերակատար` Լիանա Վարդանյան): Վրոցլավի մոնոփառատոնի ղեկավար Վեցլավ Գերասը ապրիլի 29-ին Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտում դասախոսություն կկարդա ժամանակակից լեհական թատրոնի եւ մոնոներկայացումների մասին: Նշենք, որ «Արմմոնո» առաջին միջազգային թատերական փառատոնը տեղի է ունեցել 2003թ. սեպտեմբերի 24-ին: ՄԱՆԱՆԱ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ https://www.archive.azg.am/AM/2013042719 © AZG Daily, 2008 |