ՈՒՂԱՐԿԵԼ ՀԵՂԻՆԱԿԻՆ

Եթե կա անհրաժեշտություն ստանալ պատասխան խմբագրությունից, ապա խնդրում ենք հաղորդագրության մեջ նշել նաև Ձեր էլ.հասցեն։

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ:
ՈՒՂԱՐԿԵԼ:

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #93, 2013-06-06

ՕՐԵՐԻ ՀԵՏ

ԻՍԿ Ո՞Վ Է ԼԻՍԿԱՅԻ ՊԱՇՏՊԱՆ ՓԱՍՏԱԲԱՆԸ

Բնավորությամբ ու փորձառությամբ վաղուց արդեն խիստ կասկածամիտ դարձած հայաստանցին երեկ նոր առիթ ստացավ արդարացնելու իր կասկածամտությունը: Այդ առիթը այս անգամ տվեց հանրապետության գլխավոր զինդատախազ Գեւորգ Կոստանյանըՙ նշելով, որ Սյունիքի դեռեւս մարզպետ Սուրեն Խաչատրյանը (Լիսկա մականվանյալ), ըստ նկարահանող սարքի տվյալների, ներկա չի եղել իր առանձնատան առջեւ շաբաթ օրը տեղի ունեցած արյունալի միջադեպին, որին զոհ գնաց իր նախկին մրցակից Ավետիք Բուդաղյանը, մինչ նրա եղբայրըՙ գնդապետ Արտակ Բուդաղյանը, ծանրորեն վիրավորվեց եւ այժմ գտնվում է հիվանդանոցումՙ բժիշկների անմիջական հսկողության տակ: «Սուրիկ Խաչատրյանը չի եղել դեպքի վայրում եւ հրաձգությանը չի մասնակցել», երեկ պարզ ու հստակ հայտարարեց զինդատախազըՙ փաստորեն իր վրա վերցնելով սովորաբար փաստաբաններին վիճակված պաշտպանական ալիբին: Ուզենք կամ ոչՙ այդ հայտարարությունը կարող է ընդունվել որպես մարզպետին հետագա մեղադրանքներից ու մեղսակցությունից ապահովագրելու փորձ: Ավելին, զինդատախազը նույնիսկ ընդգծեց, որ Բուդաղյան եղբայրներն իրե՛նք են հարձակվել Սուրիկ Խաչատրյանի առանձնատան վրա, եւ հետագա քննությունը կպարզի վիրավոր գնդապետի (կարելի է հետեւեցնելՙ նաեւ նրա հանգուցյալ եղբոր) մեղսակցության աստիճանը:

Մեր կասկածամտությունը քաջալերելուն է նպաստում նաեւ այն հանգամանքը, որ հարգարժան զինդատախազն իր այդ հայտարարությունը կատարեց արագ, լրատվամիջոցների մեծ մասի համար աննկատ կազմակերպված մամլո ասուլիսում, միայն ընտրյալ հեռուստաընկերությունների մասնակցությամբ, որոնք սովորաբար հայտնի են իրենց հեզությամբ եւ խիստ կարգապահությամբ... Ըստ երեւույթին «ավելորդ» հարցերն ու հարցասիրությունը, որոնք ավելի քան բնական են նման պայմաններում, կանխավ անհանգստացնում էին պրն Գ. Կոստանյանին: Այնինչ այդ հարցերն այժմ ամենուրեք ենՙ համացանցից մինչեւ հասարակ քաղաքացիների բնակարաններ եւ անգամ պետական գրասենյակներ:

Բնավ չեմ ցանկանում անմեղության կանխավարկածը կասկածի տակ առնել նույնիսկ Սուրիկ Խաչատրյանի պարագայում, որի վերջին 20 տարվա կենսագրությունը իսկապես հարուստ է ամեն տեսակի բռնարարքներով ու խժդժություններովՙ ռմբահարումից մինչեւ կրակոցներ, հարստահարումից մինչեւ ծեծ ու ջարդ: Եվ ի զուր չէր թվում, որ դեռ մի քանի ամիս առաջ մեր թերթը տպագրում էր անանուն գորիսեցիների նամակ-աղաչանքը հանրապետության նախագահինՙ ի սեր Աստծո, Սուրիկ Խաչատրյանին հեռացնել մարզպետի պաշտոնից:

Զինդատախազի երեկվա ինքնապաշտոնափոխումըՙ մեղադրող դատախազից պաշտպան փաստաբանի, հուսահատեցնող է իսկապես:

Հ. ԱՎԵՏԻՔՅԱՆ


https://www.archive.azg.am/AM/2013060601

© AZG Daily, 2008