ՈՒՂԱՐԿԵԼ ՀԵՂԻՆԱԿԻՆ

Եթե կա անհրաժեշտություն ստանալ պատասխան խմբագրությունից, ապա խնդրում ենք հաղորդագրության մեջ նշել նաև Ձեր էլ.հասցեն։

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ:
ՈՒՂԱՐԿԵԼ:

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #212, 2013-12-05

ՖՐԱՆՍԻԱՑԻ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԸ ԲԱՑԱՌԵԼ ԵՆ ԱՐԱՖԱԹԻ ԹՈՒՆԱՎՈՐՄԱՆ ՀԱՎԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Ֆրանսիացի փորձագետները լիովին բացառում են թունավորման հետեւանքով Յասեր Արաֆաթի մահացած լինելու հավանականությունը: Այդ մասին հաղորդում է Ֆրանսպրես գործակալությունը, վկայակոչելով պաղեստինցի առաջնորդի մահվան պատճառների հետաքննության ընթացքին ծանոթ մի աղբյուր:

Ֆրանսիացի մասնագետների կարծիքով, Արաֆաթը մահացել է բնական մահով, իսկ մահվան անմիջական պատճառը եղել է «ընդհանուր վարակումը»: Թե ինչի վրա է հիմնված ֆրանսիացիների այդ վստահությունըՙ աղբյուրները չեն հաղորդում:

BBC-ն նշում է, որ փորձագետները հետազոտել են Արաֆաթի գերեզմանի բացման ժամանակ աճյունից վերցված փորձանմուշները, որոնք ուղարկվել էին Ֆրանսիա, Շվեյցարիա եւ Ռուսաստան: Դա արվել էր «Ալ Ջազիրա» հեռուստաալիքի հետազոտության արդյունքների հրապարակումից հետո, որոնց համաձայն Պաղեստինյան ինքնավարության նախկին ղեկավարի անձնական իրերի վրա հայտնաբերվել են պոլոնիում-210-ի հետքեր:

Ավելի վաղ Լոզանի (Շվեյցարիա) ռադիոֆիզիկայի ինստիտուտի մասնագետները եզրակացրել էին, որ Արաֆաթի հյուսվածքներում իրոք եղել է պոլոնիումի եւ դրա տրոհման արգասիքների մեծ քանակություն: Այդ տեղեկությունը հրապարակելովՙ շվեյցարացիները հայտարարել էին, որ իրենք այնուամենայնիվ հետեւություններ չեն անի Արաֆաթի մահվան պատճառների վերաբերյալ:

Ռուսաստանցի փորձագետներն առայժմ ոչինչ չեն ասում իրենց հետազոտության արդյունքների մասին:

Մինչդեռ պաղեստինյան ինքնավարության իշխանություններն արդեն հայտարարել են, թե իրենց հայտնի են Արաֆաթի թունավորման մեջ կասկածվող անձանց անունները, բայց դրանք առայժմ չեն հրապարակվի: Անցյալում պաղեստինցիները իրենց ղեկավարի սպանության մեջ մեղադրել էին Իսրայելի հատուկ ծառայություններին:

Արաֆաթը մահացել էր 2004-ին Ֆրանսիայի հիվանդանոցներից մեկում: Այն ժամանակ բժիշկները չէին կարողացել պարզել նրա սրընթաց հիվանդության եւ մահվան պատճառները, իսկ հանգուցյալի այրին արգելել էր դիահերձումը:

Պ. Ք.


https://www.archive.azg.am/AM/2013120507

© AZG Daily, 2008