ՈՒՂԱՐԿԵԼ ՀԵՂԻՆԱԿԻՆ

Եթե կա անհրաժեշտություն ստանալ պատասխան խմբագրությունից, ապա խնդրում ենք հաղորդագրության մեջ նշել նաև Ձեր էլ.հասցեն։

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ:
ՈՒՂԱՐԿԵԼ:

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #40, 2016-10-28

ՀԱՅԱՑՔ

ԻՆՉՈ՞Ւ ՈՉ ԱԶՆԱՎՈՒՐԸ

ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ, Դետրոյթ, ԱՄՆ

Մեր անցյալ համարով տեղեկացրել էինք, որ այս տարվա գրականության Նոբելյան մրցանակը շնորհվեց ամերիկացի երգիչ Բոբ Դիլանին դուրս թողնելով մյուս թեկնածուներին, որոնց թվում էին Սալման Ռուշտին, սիրիացի-լիբանանցի պոետ Ադոնիսը եւ քենիացի գրող Նգուգի Ուա Թիսնգոն: Ըստ համացանցային տեղեկությունների, երգիչը բոլորովին չի արձագանքել այդ լուրին: Ոչ էլ պատասխանել է Ակադեմիական հանձնաժողովի հաճախակի հեռախոսազանգերին: Մրցանակի հայտարարման օրըՙ հոկտեմբերի 13-ին, Դիլանը Լաս Վեգասում համերգի է եղել, որը եզրափակել է հնչեցնելով իր տարբերակը Ֆրենկ Սինատրայի հայտնի «Ինչո՞ւ եք փորձում ինձ փոխել հիմա» երգի: Նա ոչ մի ակնարկ չի արել մրցանակի վերաբերյալ:

«Սա աննախադեպ երեւույթ է: Անքաղաքավարի եւ անբարտավան կեցվածք», նշել է SVT Հանրային հեռուստատեսությամբ հեռարձակված իր ելույթում Նոբելյան Ակադեմիայի անդամներից շվեդ գրող Պեր Ուաստբերգը: Հիշեցնենք, որ Էյնշտեյնը 1921-ին նախատել էր Ակադեմիային Նոբելյան մրցանակ ստանալու առթիվ, իսկ 1964-ին ֆրանսիացի գրող, փիլիսոփա Ժան Պոլ Սարտրը հրաժարվել էր իրեն շնորհված մրցանակից նշելով, որ այդ հանձնաժողովը անտեսում է 20-րդ դարի հեղափոխական գրողների ծառայությունները:


Հավանության եւ տարակարծության մթնոլորտում գրականության ասպարեզում Նոբելյան մրցանակ շնորհվեց նախանցյալ շաբաթ ռոք դարաշրջանի դափնեկիր բանաստեղծ Բոբ Դիլանին: Դրանով նա փաստորեն հավասարեցվեց, ինչպես «Նյու Յորք Թայմսն» է նշում, Թ.Ս. Էլիոտի, Գաբրիել Գարսիա Մարկեսի, Թոնի Մորիսոնի եւ Սամուել Բեքեթի մակարդակներին:

Մրցանակի շնորհման տարակարծությունները վերաբերում էին «գրականություն» բառեզրի սահմանումին: Երգերի բառեր գրելն արդյոք համարվո՞ւմ է գրականություն: Կարծես Շվեդիայի Ակադեմիան ընդլայնելով այդ բառեզրի սահմանումըՙ տվյալ հարցին անվերապահորեն դրական է պատասխանում, ակնարկելով այն մասին, որ մարդկային հոգեկանի վրա ազդող ստեղծագործ մտքի արտահայտման որեւէ միջոց արժանի է գրականություն կամ արվեստ համարվելու:

Մ. Նահանգների նախկին դափնեկիր բանաստեղծ Բիլի Քոլինզի համոզմամբ, Բոբ Դիլանը արժանի է ճանաչման ոչ միայն որպես երգերի բառերի հեղինակ, այլեւ որպես կայացած բանաստեղծ: Որոշ գրական մշակներ նույնպես հավատացած են, որ Բոբ Դիլանը գրական նորարար-ոճաբան է, հիմնվելով Քեմբրիջ համալսարանի հրատարակչատան լույս ընծայած «Cambridge Companion to Bob Dylan» վերնագրով համառոտ ձեռնարկի վրա, որտեղ 17 էսսեների տակ իրենց ստորագրությունն են դրել Եյլ, Քառնեգի-Մելոն, Վիրջինիա եւ այլ համալսարանների գրականության մասնագետներ:

Իրոք, որպես երգի բառեր գրողի, իր ամբողջ կարիերայի ընթացքում նա նշանակալի աճ է արձանագրել թափառական աշուղի (troubadour) իր կարգավիճակից բարձրանալով առավել հղկված, հարուստ կենսափորձ ունեցող մի անձնավորության, միաժամանակ անշուշտ բարձրացնելով իր արվեստը եզակի մի մակարդակի: Նրա արծարծած թեմաները առնչվում են մարդկային իրավիճակների համարյա բոլոր ասպեկտներին, իսկ նրա բարոյական կամարտահայտությունը մղել է նրան բարձրաձայնելու քաղաքական անարդարությունների դեմ եւ պայքարելու հանուն սոցիալական հրատապ խնդիրների, որքան էլ ռիսկային լինեին դրանք: Նա դրվատանքի է արժանացել հատկապես վիտենամական պատերազմի դեմ մղած իր արշավի համար, համարելով այն «անբարոյական գործողություն»: Նրա խորագիտակ լինելը բացահայտվում է պարզունակ թվացող այնպիսի երգերում, որոնցում նա ակնարկում է ֆրանսիացի բանաստեղծներ Արթուր Ռեմբոյին եւ Պոլ Վեռլենին, ինչպես նաեւ ամերիկացի Էզրա Փաունդին: Իրենց առօրյա կյանքում Ռեմբոն եւ Վեռլենը թափառաշրջիկներից այնքան էլ չեն տարբերվել:

Շվեդիայի ակադեմիան Դիլանին է վերագրում «ամերիկյան երգարվեստի դարավոր ավանդության մեջ պոետական նոր արտահայտություններ գտնելու հատկությունը»: Դուայթ Գարները «Թայմսի» իր հոդվածում հավելում է. «Նոբելյան այս մրցանակը հաստատում է այն, ինչ մենք վաղուց զգում էինք, որ ճշմարիտ է: Դիլանը Ամերիկայի ծնունդ տված ամենաիսկական ձայներից է, այնպիսի հանդուգն ու հնչեղ պատկերների ստեղծողը, ինչպիսին ստեղծել են Ուոլտ Ուիթմենն ու Էմիլի Դիկենսոնը»:

Բոբ Դիլանը ծնվել է 1941-ին Դուլութում (Մինեսոտա) հրեաների ընտանիքում, բայց կարիերայի գագաթնակետին է հասել Նյու Յորքում, երբ սկսել է հորինել եւ կատարել իր հակապատերազմական եւ մարդու իրավունքները պաշտպանող բալլադները:

Արդյոք քաղաքականությունը ինչ-որ ձեւով կապ ունի՞ մրցանակակիր դառնալու նրա ընտրության հետ: Մրցանակներ շնորհող ակադեմիական հանձնաժողովը քանիցս ապացուցել է, որ քաղաքական նկատառումները երբեմն ազդում են իր որոշումների վրա: Օրինակ, Խորհրդային Միության ժամանակաշրջանում այլախոհները ավելի հաճախ էին արժանանում մրցանակի: Հիշենք Բորիս Պաստեռնակին, Ալեքսանդր Սոլժենիցինին եւ Ջոզեֆ Բրոդսկուն:

Նույնիսկ Օրհան Փամուքի եւ պակիստանցի ակտիվիստ Մալալա Յուսուֆզայի ընտրությունները քաղաքական բնույթ էին կրում, առաջինըՙ որպես կշտամբանք Թուրքիայի դաժան ռեժիմին, երկրորդըՙ որպես ուղերձ Թալիբանին, որ փորձել էր սպանել Մալալաին:

Հայերից ամենամոտիկը Նոբելյան մրցանակին հասել է դոկտ. Ռեյմոնդ Դամադյանըՙ մագնիսա-ռեզոնանսային շերտադիտարկման մեքենայի (MRI, Յամմեր) գյուտարարը, որն այդպես էլ վերջնագիծը չհատեց, տարաձայնությունների տեղիք տալով: 2003-ին բժշկության Նոբելյան մրցանակը շնորհվեց Պոլ Լոթերբուրին եւ Սըր Փիթեր Մենսֆիլդին MRI-ի հետ առնչվող հայտնագրությունների համար:

«Եթե ես ծնված չլինեի, MRI-ը գոյություն կունենա՞ր: Չեմ կարծում: Եթե Լոթերբուրին ծնված չլիներ, ես ի վերջո վերջնագիծը հատած կլինեի», նշեց այդ ժամանակ Դամադյանը:

Տարաձայնությունը երկար ժամանակ ԶԼՄ-ների ուշադրության կիզակետում էր, բայց ապարդյուն, մինչեւ որ իր ավարտին հասավ փիլիսոփա Մայքլ Ռուզի հայտարարությամբ, որտեղ ասվում էր, որ Դամադյանին չեն արժանացրել մրցանակի իր «ստեղծագործական մոտեցումների» պատճառով: «Ես ստորացած եմ զգում ինձ այն մտքից, որ Ռեյմոնդ Դամադյանին մերժեցին արժանացնել այդ պատվին, իր կրոնական հայացքների պատճառով: Մեր բնագավառում տարօրինակ գաղափարներ ունենալը պատճառ չպետք է դառնա մերժելու մեկ այլ բնագավառում լավ գաղափարներ ունենալու մարդկային արժանիքները», գրել էր նա:

Եթե Դամադյանի առաջ դռները փակվեցին, ապա մեկ ուրիշ հայ նշանավոր անձնավորությանՙ Շառլ Ազնավուրի առաջ դրանք կարող են բաց լինել, մանավանդ որ ամենայն հաջողությամբ նա կարող է մրցել Դիլանի հետ, ով նրանՙ Ազնավուրին դասել է «live- կատարողներից լավագույնների շարքը»:

1988-ին CNN-ը եւ Time-ի առցանց այցելուները աշխարհի ամենատարբեր անկյուններից Ազնավուրին հռչակեցին «Դարի լավագույն կատարողը»ՙ տալով նրան ընդհանւոր ձայների մոտ 18 տոկոսը, որն ավելի էր, քան Էլվիս Փրեսլիին եւ Բոբ Դիլանին տրված ձայների քանակից: Դը Գոլի իշխանության օրոք, Ֆրանսիան հպարտանում էր, որ ունի երկու Շառլ, մեկըՙ մեծ Շառլը, մյուսըՙ փոքր Շառլը:

Ազնավուրը իր ծնողներից է ժառանգել երգելու, մարդկանց ուշադրությունը գրավելու, նրանց հետաքրքրությունը առաջացնելու ունակությունը: Նրա կարիերայում շրջադարձային եղավ «Մուլեն Ռուժում» երգելը լեգենդար Էդիտ Պիաֆի հետ, որն էլ քաջալերեց նրան երգեցողությունը մասնագիտություն դարձնել: Նրան կոչում են «Ֆրանսիայի Ֆրենկ Սինատրան» եւ «Ֆրանսիական պոպ երաժշտության Աստվածը»: Նա երգիչ է, երգի բառերի հեղինակ, կոմպոզիտոր, դերասան, հասարակական գործիչ եւ դիվանագետ: Գրել է ավելի քան 800 երգ, ձայնագրել ավելի քան 1,200-ը ութ տարբեր լեզուներով եւ վաճառել ավելի քան 180 միլիոն ձայնասկավառակ:

Նա ժողովրդականություն է ձեռք բերել ոչ միայն կատարողական արվեստում, այլեւ ստեղծագործական գրելաոճի ասպարեզում: Նա բանաստեղծ է բառիս բուն իմաստով, ռեալիստ բանաստեղծ: Նրա երգերի բառերը մեծապես հարստացրել են արդի ֆրանսիական պոեզիայի բառապաշարը: Նրա երգերը բազմաբովանդակ են, առնչություն ունեն մարդկային ամենատարբեր փուլերի, իրավիճակների հետ: Նրա պոեզիային բնրոոշ են զգացողության, հոգեկան պոռթկումների սիրո եւ բաժանումի եզակի պատկերներ («La Boheme», «Emmenez Moi», եւ այլն):

Ինչպես Պիաֆը եւ Ժակ Բրելը, այնպես էլ Ազնավուրը, հավատարիմ մնալով ֆրանսիական շանսոնի ավանդույթներին, սովորական, առօրյա երեւույթները բարձրացրել է արվեստի ամենաբարձր աստիճանիՙ իր ընտրած բառերի եւ հորինած երաժշտության շնորհիվ: Նա նույնիսկ անդրադարձել է մի ժամանակ տաբու համարվող արվամոլության հարցին, եղել է քաղաքականապես ակտիվՙ ձայնը բարձրացնելով ընդդեմ Ֆրանսիայի աջակողմյան քաղաքական ուժերի:

Նրա բարեգործական եւ մարդասիրական գործունեությունը չի սահմանափակվում սոսկ Հայաստանի տարածքով, այլ ունի գլոբալ ընդգրկվածություն: Նրա երգերը մարդկային հոգու ամենացավոտ հարցերն են շոշափում: 2013-ին նա խաղաղությանը նվիրված համերգային ծրագրով ելույթ ունեցավ Ահինոարու Նինիի (Noa) հետ Թել Ավիվի «Նոկիա Արենա» դահլիճում: Թախծալի երգեր նվիրեց 1988 թվի Հայաստանին պատուհասած ավերիչ երկրաշարժին («Pour Toi, Armenie») եւ Հայոց ցեղասպանությանը («Ils Sont Tombe՛s»):

Ազնավուրը, այդ փոքրամարմին անձնավորությունը, 92 տարեկանում հպարտ կանգնած է երկու դարաշրջանների հատույթում, եւ Նոբելյան հանձնաժողովի վրա է ընկնում նրա գլխապտույտ առաջացնող գործերի համար տեսնել եւ արժանին մատուցել նրան:

Այդ պատճառով էլ հարցնում ենք. ինչո՞ւ ոչ Ազնավուրը:

Թարգմ. Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆԸ, Armenian Mirror-Spectator-ից


https://www.archive.azg.am/AM/2016102811

© AZG Daily, 2008