ՈՒՂԱՐԿԵԼ ՀԵՂԻՆԱԿԻՆԵթե կա անհրաժեշտություն ստանալ պատասխան խմբագրությունից, ապա խնդրում ենք հաղորդագրության մեջ նշել նաև Ձեր էլ.հասցեն։ |
«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #40, 2016-10-28 ՔԱՂԱՔԱԿԱՆ Ո՞Վ ԿԲԱՑԻ ԳԱՂՏՆԻՔԸՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ, Ստեփանակերտ Լեռնային Ղարաբաղին «ինքնավար հանրապետության կարգավիճակ շնորհելու հնարավորության» հայտարարությունն Իլհամ Ալիեւն արեց Ադրբեջանի պետական անկախության վերականգնման տոնի նախօրյակին: Ինչո՞ւ: Այստեղ խորհրդանշական ինչ-որ բան կա՞ր: Մանավանդ եթե նկատի ենք ունենում, որ դա ասվեց Ռուսաստանի պետական հեռուստատեսության եթերիցՙ Կրեմլի մեդիա-քարոզիչ Կիսելյովի հետ հարցազրույցում, ապա տարածվեց «ՌԻԱ-Նովոստի» գործակալության խողովակներով: Բանն այն է, որ Լեռնային Ղարաբաղի ինքնավարությունը լուծարվել է 25 տարի առաջՙ 1991թ. նոյեմբերի 23-ին Ադրբեջանի Գերագույն խորհրդի կողմից ընդունված հատուկ օրենքով: Այդ օրենքի նախաբանում գրված է, որ նման որոշման հիմք է հանդիսանում սեփական «պետական կառուցվածքը որոշելուՙ Ադրբեջանի հանրապետության ինքնիշխան իրավունքը»: Իսկ այդ իրավունքն իր հերթին հենվում է «Պետական անկախության վերականգնման մասին» (1991թ. հոկտեմբերի 18) սահմանադրական օրենքի վրա, որը 1995թ.-ին ընդունվածՙ Ադրբեջանի սահմանադրության առանցքն է կազմում: Սահմանադրությամբ Ադրբեջանը հռչակված է ունիտար պետություն: Բայց նույնիսկ դա չէ կարեորը: Խնդիրն այն է, որ ԼՂ ինքնավարության լուծարման մասին օրենքում հստակ գրված է, որ Ադրբեջանի կազմում հայկական ինքնավարությունը «հակասում է ադրբեջանական ժողովրդի ազգային շահերին, հանդիսանում հայ եւ ադրբեջանցի ժողովուրդների միջեւ հակամարտության աղբյուր, մանավանդ որ Հայաստանում ադրբեջանցիները չեն ունեցել նույնիսկ մշակութային ինքնավարություն, իսկ ներկայումս (1991թ.) այնտեղ գրեթե ոչ մի ադրբեջանցի չի ապրում»: Կարելի է վիճել, թե որքանո՞վ են այս ձեւակերպումները համապատասխանում միջազգային իրավունքին, համամարդկային արժեքներին եւ այլն, բայց փաստը մնում է փաստՙ Ադրբեջանում հայկական ինքնավարության գոյությունն օրենքով համարվում է «ադրբեջանական ժողովրդի ազգային շահերին հակասող»: Քառորդ դար Բաքվում ոչ ոք չի համարձակվել հրապարակավ խոսել ԼՂ-ին «ինքնավար հանրապետության կարգավիճակ շնորհելու» ճանապարհով խնդրի կարգավորմանը հասնելու մասին: Եւ հանկարծ այդ մասին հայտարարում է Ադրբեեջանի նախագահը: Ի՞նչ է դա նշանակում: Ալիեւը չգիտի՞ ԼՂ ինքնավարությունը լուծարելու մասին օրենքը: Չի՞ կարդացել: Օգնականները նրան չե՞ն զեկուցել, որ գոյություն ունի օրենք, որն արգելում է ԼՂ ինքնավարությունն Ադրբեջանի կազմում: Իսկ եթե զեկուցել են, եւ Ալիեւն, այնուամենայնիվ, նման հայտարարություն արել է, ապա նա երկյուղ չունի՞, որ ժողովուրդը կըմբոստանա, իրեն կմեղադրեն դավաճանության մեջ: Եթե Ադրբեջանը լիներ օրենքի երկիր, ապա հաջորդ օրն իսկ Միլլի մեջլիսը պետք է արտահերթ նիստ հրավիրեր եւ Ալիեւին պետական դավաճանության համար պաշտոնանկ հռչակելու եւ դատական պատասխանատվության ենթարկելու գործընթաց սկսեր: Քանի որ Ադրբեջանի սահմանադրությունը նրան չի լիազորում դիտարկել ԼՂ-ին «ինքնավար հանրապետության կարգավիճակ շնորհելու հնարավորությունը», իսկ ինքը, որպես նախագահ, երդվել է պահպանել սահմանադրությունը: Բայց Ալիեւի հայտարարությունը նույնիսկ ընդդիմության շրջանում որեւէ քննադատության չարժանացավ: Ինչո՞ւ: Որովհետեւ ոչ ոք դա լուրջ չի ընդունում: Ակնհայտ է, որ Ալիեւը չի կարող նման փաստաթուղթ ստորագրել: Դրա համար նա, ինչպես ասվեց, օրինական լիազորություն չունի: Բայց Ալիեւը նաեւ չունի ցանկություն: Հակառակ պարագայում սեպտեմբերի 26-ի սահմանադրական փոփոխությունների հանրաքվեում կներառներ ԼՂ ինքնավարությունը վերականգնելու հարցը: Այսինքն, կստանար ժողովրդի համաձայնությունը, ապա նոր միայն կաներ համապատասխան հայտարարություն: Այս դեպքում ո՞րն է Ալիեւի «պատրաստակամության» իմաստը: Թվում է, խնդիրը պետք է դիտարկել հոկտեմբերի 7-ին կառավարության նիստի նրա անսպասելի խոստովանության համատեքստում, երբ հայտարարեց, որ բանակցություններում Ադրբեջանին պարտադրում են համաձայնել ԼՂ-ի անկախությանը: Ըստ էության, դա այն է, ինչ տարիներ շարունակ ասում է հայկական կողմըՙ բանակցությունների առանցքում Արցախի ինքնորոշման խնդիրն է: Եւ որքան Ադրբեջանը խուսափում է այդ հարցի քննարկումից, այնքան ամրապնդվում է ԼՂՀ փաստացի անկախության լեգիտիմացման հեռանկարը: Հնարավոր է իրավիճակ, երբ Ադրբեջանի համաձայնությունն արդեն որեւէ նշանակություն չի ունենա: Ինչպես դա եղավ Կոսովոյի դեպքում, նախադեպ, որից Ադրեջանում պարզապես սարսափում են: Մեր դիտարկումներում մենք ավելի հաճախ տուրք ենք տալիս զգացմունքայնությանը: Մինչդեռ հարկ է իրավիճակը գնահատել խորքով: ԼՂ-ին «ինքնավար հանրապետության կարգավիճակ շնորհելու հնարավորության» մասին Ալիեւի հայտարարությունը միայն մի հասցեատեր ունիՙ միջազգային հանրությունը: Որքան էլ Ադրբեջանում տեսք ընդունեն, թե միջազգային իրավունքը նախապատվությունը տալիս է սահմանների անխախտելիությանը, ապա նորՙ ինքնորոշմանը եւ ժողովուրդների իրավահավասարությանը, գործնականում առաջինը ստորադասված է երկրորդին: Այսինքն, պետության սահմաններն անխախտելի են, նրա տարածքային ամբողջականությունը հարգելի է, եթե հարգվում են մարդու եւ փոքրամասնությունների իրավունքները: Պարզ ասած, երկրի տարածքային ամբողջականությունը չի կարող կաշկանդել ժողովուրդների ինքնորոշման իրավունքը: 25 տարի առաջ ընդունելով ԼՂ-ի ինքնավարությունը լուծարելու մասին օրենքը, հայկական ինքնավարությունը համարելով ադրբեջանական ժողովրդի ազգային շահերին հակասող, այդ հիման վրա 1995թ.-ին սահմանադրություն ընդունելովՙ Ադրբեջանը պետական կարգի մակարդակով մերժել է ինքնորոշման իրավունքը: Դա բավական է, որպեսզի ԼՂՀ անկախությունը ճանաչվի միանգամայն օրինական: Միջազգային ասպարեզում այս իրողությունը խեղաթյուրելու նպատակով, ահա, պետական անկախության վերականգնման 25-ամյակի նախօրեին Ալիեւիը հայտարարեց, որ կա «ԼՂ-ին ինքնավար հանրապետության կարգավիճակ շնորհելու հնարավորություն»: Բայց նա իր դերի մեջ չէր լինի, եթե նույն տեղում թույլ չտար հերթական «լյապը»: Ալիեւը հայտարարեց, որ այդ դեպքում պատրաստ է «ապահովել Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգությունը»: Այսինքնՙ այսօր չի ապահովում, չի ապահովի նաեւ վաղը, եթե արցախահայությունը չընդունի «ինքնավար հանրապետության կարգավիճակը»: Ստացվեցՙ ինչպես միշտ: Եւ մի անգամ եւս պարզ դարձավ, որ Ադրբեջանի պետական նպատակադրվածությունն էՙ բռնատեղահանել կամ բնաջնջել Արցախի խաղաղ բնակչությունը: Եւ առնվազն տարօրինակ է, որ ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահը Բաքվում երկու օր անց մամուլի ասուլիսին դրական ինչ-որ երանգներ էր տեսնում ԼՂ-ին «ինքնավար հանրապետության կարգավիճակ շնորհելու հնարավորության» մասին Ալիեւի խոսքում: Թեեւ նրան, գուցե, կարելի է հասկանալ. առաջին անգամ է, որ Ալիեւը չի խոսում «օկուպացված տարածքներն ամեն գնով ազատագրելու, Շուշիում Ադրբեջանի դրոշը ծածանելու իրավունքի» ոճով: Իսկ գուցե ամբողջ գաղտնիքն ապրիլյան պատերազմում Ադրբեջանի կրած պարտությա՞ն մեջ է: Ամերիկյան National Interest-ը հոկտեմբերի 24-ին գրել է, որ «Ռուսաստանը կարող է թեժացնել իրավիճակը Լեռնային Ղարաբաղում»: Ո՞ւմ ձեռնտու կլինի իրավիճակի սրումըՙ դժվար է ասել: Բայց Ռուսաստանին, երեւի, դա այնքան էլ այս պահին պետք չէ: Նրան, կարծես, Սիրիան եւ Ուկրաինայի արեւելքը լիուլի բավական են... https://www.archive.azg.am/AM/2016102816 © AZG Daily, 2008 |