ՈՒՂԱՐԿԵԼ ՀԵՂԻՆԱԿԻՆԵթե կա անհրաժեշտություն ստանալ պատասխան խմբագրությունից, ապա խնդրում ենք հաղորդագրության մեջ նշել նաև Ձեր էլ.հասցեն։ |
«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #22, 2017-06-09ԴԵՅՎԻԴ ՖԻԼԻՊՍԻ «ԱՆՀՈՒՍԱԼԻ ԴԱՇՆԱԿԻՑԸ» ՄԵՂԱԴՐԱԿԱՆ ՀԱՏՈՐԸԱմերիկացի քաղաքագետ, միջազգային հարաբերությունների մասնագետ Դեյվիդ Ֆիլիպսը շարունակում է հանդես գալ դասախոսություններով եւ ներկայացնել իր վերջին, «Տրանսէկշըն» հրատարակչատան կողմից 2017-ին հրատարակված «An Uncertain Ally: Turkey Under Erdogan՛s Dictatorship» ( «Անհուսալի դաշնակիցը: Թուրքիան Էրդողանի բռնատիրության ներքո» ) խորագրով վերլուծական հատորը, որն ըստ հրատարակչատան կայքի բնորոշման «անկեղծ մեղադրական ակտ է» ուղղված Էրդողանի հասցեին, ում հեղինակը «բռնատեր» է անվանում: Նա գրքի սկզբում ներկայացնում է ժամանակակից Թուրքիայի զարգացումները սկսած սառը պատերազմի տարիներին որպես Մ. Նահանգների դաշնակից, «աշխարհիկ եւ արեւմտամետ ժողովրդավարական երկիր», որը խնդրահարույց էր, քանի որ 1938-ից հետո ժողովրդահանրապետական կուսակցությունը (CHP) հետզհետե անցնում էր կոռումպացված եւ ինքնանպատակ առաջնորդների ձեռքը, որոնք էլ ստեղծեցին «խորքային պետությունը», որը դարձավ ստվերային հզոր իշխանություն: «CHP-ն երկիրը ղեկավարում էր երկաթե բռունցքով», գրում է Ֆիլիպսը, որ շարունակելով անցնում է 2002-ին իշխանության գլուխ եկած «Արդարություն եւ բարգավաճում» (AKP) կուսակցության բարեփոխությունների մասին նշել: «Այդ կուսակցության առաջնորդ Էրդողանը ճշգրիտ ազդանշաններ ուղարկեց, որ արեւմտյան արժեքներին հետեւելով ստեղծելու է ավելի ազատական մի երկիր»: Նա հավաստիացրեց, որ իսլամական եւ արեւմտյան արժեքները կարող էին միասին գոյատեւել, խոստացավ մարդու իրավունքները պաշտպանել, հետամուտ եղավ տնտեսական բարեփոխումներ իրականացնելուն, փորձ արեց Եվրոմիությանը անդամակցելու եւ նույնիսկ բանակցություններ վարելու քուրդերի հետ: Հատորի հաջորդ մասերում Ֆիլիպսը ցույց է տալիս, թե ինչպես պատեհապաշտ Էրդողանը դարձավ բռնապետ: «Նրա եվրոպական զգեստավորումը ինքնանպատակ էր: ...Նա Թուրքիան վերածեց մի հսկայական գուլագի... եւ բացահայտեց իր մեջ նստած Ստալինին», գրում է Ֆիլիպսը, իրար հետեւից շարադրելով Էրդողանի հակաամերիկյան քայլերը Իրաքում, Սիրիայում եւ այլուր: «Էրդողանը դարձել է «անհուսալի դաշնակից» եւ նրա բնավորության կամ գործադրած քայլերի մեջ ոչինչ չկա հավաստիացնելու, որ նա հաշտության ճանապարհը կընտրի այսուհետ», եզրակացնում է Ֆիլիպսը: Դեյվիդ Ֆիլիպսը մեծ փորձ ունի քաղաքական վերլուծություններ անելու: Նա անդրադարձել է ինչպես Իրաքի («Losing Iraq: Inside the Postwar Reconstruction Fiasco» (2011): «Կորցնելով Իրաքը: Հետպատերազմյան վերակառուցման աշխատանքների Ֆիասկոյի ներքին ծալքերը»), այնպես էլ Կոսովոյի («Liberating Kosovo: Coercive Diplomacy and U.S. Intervention» (2012): «Ազատագրելով Կոսովոն: Հարկադիր դիվանագիտություն եւ Մ. Նահանգների միջամտություն») եւ Քուրդիստանի իրադարձություններին («The Kurdish Spring: A New Map of the Middle East» (2015): «Քրդական գարունը: Մերձավոր Արեւելքի նոր քարտեզը»): «Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթի պատասխանատու աշխատակիցներից Արամ Արքունի հետ զրուցելիս Ֆիլիպսը խոստովանել է, որ ընտանիքը Մ. Նահանգներ է եկել Մինսկից 20-րդ դարի սկզբներին եւ զբաղվել շապկագործությամբ, որը հետագայում խոշոր ընկերության է վերածվելՙ «Phillips-Van Heusen Corporation» անունով: «Երբեք չենք մոռացել մեր համեստ ծագումը», ասել է նա: Նրա նախնիները Նյու Յորքում հիմնել են «Բեթ Իսրայել հիվանդանոցը», իսկ հայրը հիմնել է «Ամերիկահրեական միջազգային ծառայությունը»: Նա պետքարտուղարությունում երբեք պաշտոնապես չի աշխատել, բայց ժամանակ առ ժամանակ հատուկ կարգավիճակով եղել է խորհրդական ամերիկյան տարբեր վարչակազմերի պետական այրերի (Քլինթոն, Բուշ, Օբամա, եւյլն): Աշխատել Բալկաններում, Հնդկաստանում, Շրի Լանկայում եւ այլուր: «Գործել եմ այնպես, ինչպես իմ խիղճն է թելադրում: Եթե կառավարության անդամներից մեկը խնդրել է կատարել մի քայլ, որ իմ սկզբունքների դեմ է եղել, ես հրաժարվել եմ հնազանդվել», նշել է նա: Դեյվիդ Ֆիլիպսը գործուն դերակատարություն է ունեցել ժամանակին հայ-թուրքական հարաբերությունների մերձեցման (TARC) գործում: «Այդ ժամանակ պայմանները Թուրքիայում տարբեր էին, երկխոսության հնարավորություն կար: Այսօր քաղաքացիական հասարակությունը ազատորեն չի կարողանում գործել կառավարության ճնշողական քաղաքականության հետեւանքում»: Նշել է նա ավելացնելով, որ ինքը «ցեղասպանություն» բառը հաճախ է օգտագործում, երբ խոսք է գնում 1915-ի մասին: Նա խստորեն քննադատել է թուրքական կառավարության նենգ միջամտությունը հայոց նոր պատրիարքի ընտրության գործընթացում: Նա կոչ է արել ամերիկյան կառավարությանը ավելի ակտիվ համագործակցություն ցուցաբերել Հայաստանի եւ Ղարաբաղի հետ: «Մենք չենք ցանկանում տեսնել մեկ ուրիշ ցեղասպանություն իրագործված Ադրբեջանի ագրեսիվ կառավարության կողմից», եզրակացրել է Ֆիլիպսը: Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆ https://www.archive.azg.am/AM/2017060922 © AZG Daily, 2008 |