ՈՒՂԱՐԿԵԼ ՀԵՂԻՆԱԿԻՆ

Եթե կա անհրաժեշտություն ստանալ պատասխան խմբագրությունից, ապա խնդրում ենք հաղորդագրության մեջ նշել նաև Ձեր էլ.հասցեն։

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ:
ՈՒՂԱՐԿԵԼ:

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #23, 2017-06-16

ՊԱՇՏՊԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆ

ՂՊՏԻՆԵՐԸ, ԱՍՈՐԻՆԵՐՆ ՈՒ ՀԱՏԿԱՊԵՍ ԵԶԴԻՆԵՐԸ...

ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա

Մի քանի տարի առաջ Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղում եզդիական Լալիշ տաճարի բացման հանդիսավոր արարողությանը ես ներկա էի մոսկվացի ռուս գործընկերոջս հետ: Իրադարձության ժամանակ մի պահ նա շուռ եկավ ու կողքը կանգնած երիտասարդին հարցրեց .

- Դուք եզդի՞ եք:

- Այո:

- Իսկ ձեր գյուղում միայն եզդինե՞ր են ապրում:

- Ոչ, հայ-եզդիական գյուղ է:

- Եվ ինչպե՞ս եք ապրում:

- Շատ համերաշխ, ոչ մի լուրջ խնդիր մեր մեջ չի առաջանում, ժպտալով ասաց ջահել եզդին, նույնիսկ խառն ամուսնություններն էլ են սովորական դառնում:

Զգացվեց, որ ռուս բարեկամս, որը լրջորեն զբաղվում է եզդիների պատմությամբ, գոհ մնաց այդ երկխոսությունից: Մարդիկ հոգնել են աշխարհը հեղեղած ազգամիջյան երկպառակությունների վերաբերյալ հաղորդումներից: Այդ թվում նաեւՙ առնչված եզդի ժողովրդին:

Վերջին տարիներին Մերձավոր Արեւելքում իսլամիստական ծայրահեղականությունների հետ կապված իրադարձությունների զոհերից մեկն էլ դարձել է հենց եզդի ժողովուրդը: Բավական է միայն հիշել Շանգալ քաղաքի գրավումը իսլամիստների կողմից, երբ գերեվարվեց մոտ 7000 եզդիՙ հիմնականում կանայք ու երեխաներ: Կոտորածներից, բռնություններից ու ստորացումներից հետո ջիհադիստները նրանց շուկայում վաճառում էին 12-15 դոլարով:

Այս անգամ սակայն խնդիր չի դրված խորանալ այս հնամյա ժողովրդի ծագումնաբանության, արմատների, կրոնի, քուրդ-եզդիական առնչությունների եւ նման բազմաբարդ պատմական խնդիրների մեջ, առավել եւս, որ այս թեմայով նորօրյա հրապարակումներում հառնում են նաեւ բազմապիսի «էկզոտիկ» հարցեր: Թեկուզեւ կրոնի պարագան: Ուշադրություն դարձնենք հարցի քաղաքական կողմինՙ այդ ժողովրդի պետականությունը որեւէ ձեւով վերականգնելու խնդրին:

Վերջերս ազգային անվտանգության փնտրտուքներով Մոսկվայում էր եգիպտոսցի ղպտիների հոգեւոր առաջնորդը: Նորերս ռուսաց մայրաքաղաքում էին սիրիացի ասորիների ներկայացուցիչները, որոնք եկել էին խնդրելու Վլադիմիր Պուտինին աջակցելու Սիրիայում գոնե կոմպակտ բնակվելու հնարավորության ստեղծման մեջ: Իսկ ահա օրերս Մոսկվայում տեղի ունեցավ միջազգային կոնֆերանս («Միջագետքն Մեսոպոտամիա) այսօր. եզդիական պետության արմատներն ու հեռանկարները» թեմայով: Միջոցառման ժամանակ եզդի ժողովրդի պատվիրակները նպատակահարմար գտան իրազեկելու, որ հասունացել է պահը, երբ եզդիները կարող են հայտարարել հայրենիք ունենալու իրենց իրավունքի մասին: Անցյալ տարի եզդի ժողովրդի խորհրդարանը հատուկ նիստով ընտրել էր եզդի ժողովրդի տիրակալ սուլթան Կելաշինՙ Ռեզգան տոհմից, որն էլ ներկա էր մոսկովյան կոնֆերանսին եւ պարզաբանումներ էր տալիս իր ժողովրդի քաղաքական ծրագրերի մասին:

Եզդի ժողովուրդը իր պատմությունը համարում է հինավուրց, սակայն ողբերգական: Եզդի պատմաբանները համաշխարհային պատմության մեջ հաշվել են 360 ցեղասպանություն, որից 161-ը բաժին է ընկնում հենց իրենց: Սուլթանը հավաստում է, որ քրդերն ու եզդիները նույն ազգային հանրությունն ենՙ բաժանված սոսկ կրոնական գործոնով: Աշխարհում եզդիների քանակը առավելագույնս հասնում է 3 միլիոնի: Սուլթանը հատուկ ընդգծում է, որ աշխարհով մեկ սփռված եզդիները, այդ թվում նաեւ Հայաստանում, առավել բարենպաստ կյանքով են ապրել ու ապրում են քրիստոնեական երկրներում: Անհամեմատ խնդրահարույց են եղել հարաբերությունները մուսուլմանների հետ:

Խոսելով ազգային պետականության վերականգնման ծրագրերի մասին սուլթան Կելաշը առաջին հերթին հիշեցնում է, որ եզդիների պատմական հայրենիքը Միջագետքն է: Սակայն ներկա պայմաններում իրենք իրատեսություն են դրսեւորում եւ նպատակահարմար գտնում եզդիների համար կազմավորել վարչական միավորՙ նահանգի տեսքով: Տվյալ փուլում ավելի կոնկրետՙ Լալեշի շուրջ ոչ մեծ տարածքի շնորհել հատուկ կարգավիճակ, եւ քանի որ այդ քաղաքում է գտնվում եզդիական աշխարհի նստավայրը, ապա այստեղից էլ կարելի է իրականացնել եզդիների կրոնական համայնքի ղեկավարումը համայն աշխարհում:

Եվ ամենակարեւորը: Քրիստոնյա ղպտիներից ու ասորիներից հետո ոչ քրիստոնյա եզդիները եւս ազգափրկության խնդրանք-մղումով դիմում են ոչ թե «քրիստոնեական» Եվրոպային կամ Ամերիկային, այլ Ռուսաստանին: «Ես ունեմ միայն մեկ, գուցեեւ վերջին հույսը, որ իմ ժողովրդին կփրկի Ռուսաստանը», ասում է սուլթան Կելաշը: Սա նոր երեւույթ է, երբ հիմնականում մուսուլմանաբնակ Մերձավոր Արեւելքում ապրող քրիստոնյա եւ ոչ մուսուլման ազգային հանրությունները ի դեմս Ռուսաստանի տեսնում են իրենց գոյատեւման պատվարին: Ի դեպ, նորընծա սուլթանն ինքը առայժմ ապրում է Գերմանիայում եւ նոր-նոր պատրաստում է մեկնել Լալեշ:

Բաղձալի պետությունը, սուլթանի ցանկությամբ, կկոչվի ոչ թե ավանդական Եզդիստան, այլ Եզդիա:


https://www.archive.azg.am/AM/2017061621

© AZG Daily, 2008