ՈՒՂԱՐԿԵԼ ՀԵՂԻՆԱԿԻՆԵթե կա անհրաժեշտություն ստանալ պատասխան խմբագրությունից, ապա խնդրում ենք հաղորդագրության մեջ նշել նաև Ձեր էլ.հասցեն։ |
«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #44, 2019-11-22ՈՐԲ ՏՂԱՅԻ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԱՐԱՇԻՑԴասախոսություն Լեփսիուսհաուսում «Հայոց ցեղասպանագիտությանը նվիրված հսկայական գրականության մեջ հատուկ դեր ունեն առանձին ականատես վերապրողների վկայությունները, որոնք մեկը մյուսից տարբեր լինելով, ունեն որոշակի նմանություններՙ տագնապ ու սարսափ, բաժանում, տարագրություն եւ անորոշություն: Վերապրողներից շատ-շատերի անունները գուցե ծանոթ են հրատարակված հատորների շնորհիվ, բայց կան հազարավորներ, որոնք ցարդ անհայտ են մնացել», գրում է Մուրիել Միրաք-Վայսբախը Պոտսդամից, որտեղ գործող Լեփսիուսհաուսում ներկա է գտնվել հիմնարկի աշխատակիցներից դոկտ. Հայկ Մարտիրոսյանի արխիվային նյութերի վրա հիմնված դասախոսությանըՙ նվիրված Օսմանյան կայսրությունում ծնված, հետագայում Ֆրանսիայում եւ Գերմանիայում ապաստանած որբ տղայիՙ Հենրիխ Մելիտոնյանին: Մելիտոնյանը ծնվել է 1901-ին եւ ընդունվել Մարաշում գործող գերմանական «Hulfsbund fur Christliches Liebeswerk im Orient» (DHCLO) նպաստամատույց որբանոցը, որտեղ քույր Պաուլա Շաֆերի առաջարկով նրան այդ անուն-ազգանունով կնքել է բողոքական հոգեւորական Ռիչարդ Բրուննեմանը: Գերմանիայում ապրող հոգեւոր ծնողների նվիրատվությունների շնորհիվ Հայկը այդ որբանոցում է մնացել մինչեւ կառավարության որոշման համաձայն, այլ որբերի հետ, ուղարկվել է աշխատելու Բաղդադի երկաթգծի շինարարության վրա, որտեղ հիվանդացել է դողէրոցքով (մալարիա) եւ ետ ուղարկվել: Այդ կերպ նա թեեւ կարողացել է վերապրել ցեղասպանությունը, սակայն 1918-ի վերջերին սկսվել է նրա ոդիսականը, որը նրան տարել է Կիլիկիա, հետո Ադանա եւ այլ վայրեր: Բարեբախտաբար, որբանոցում ձեռք բերած լեզուների (գերմաներեն, թուրքերեն եւ անգլերեն) շնորհիվ նա ավելի լավ վիճակում է հայտնվել, քան ուրիշներ եւ կարողացել է աշխատել որպես թարգմանիչ: 1920-ին Միջին Արեւելքի նպաստընկալ ընկերության երեխաներին Ադանայից Կիպրոս է ընկերակցել: Այնտեղ նա ամերիկյան քոլեջ է հաճախել, մինչեւ դարձյալ երեխաների հետ Տարսոն տեղափոխվելը: Տարսոնում նա սովորել է ամերիկյան Սբ. Պողոս քոլեջում, բայց քաղաքական իրադարձությունները ստիպել են նրան փախչել Զմյուռնիա: Երբ ճանապարհին թուրքերը նավը կանգնեցրել են եւ ուղեւորներին կարգադրել դուրս գալ, Հենրիխը հասկացել է, որ թուրքերը բոլորին սպանելու են եւ մի քանի երեխաների հետ թաքնվել է եւ փրկվել: Հետագայում նա իր հուշերում գրելու էր. «Ես Բարձրյալին խոստացա, որ երախտապարտ կլինեմ եւ կծառայեմ նրան ամբողջ կյանքիս ընթացքում, եթե ազատվեմ այդ մահացու վտանգից»: Զմյուռնիայում նա շարունակել է ուսումը տեղի ամերիկյան քոլեջում եւ 1922-ին ընդունվել հոգեւոր ծառայության բողոքական եկեղեցում: Սեպտեմբերին, երբ սկսվել են կոտորածները, այլոց հետ նրան էլ են ձերբակալել եւ բանտարկել: 1923-ի մայիսին, Լոզանի պայմանագրի դրույթներով ազատ է արձակվել եւ մեկնել նախ Հունաստան, ապա Ֆրանսիա, Անգլիա եւ Կանադա, որտեղ բնակության իրավունք չստանալով վերադարձել է Ֆրանսիա: 1927-ին իր հոգեւոր ծնողների միջամտությամբ հաստատվել է Գերմանիայում եւ որոշ ժամանակ ուսանելուց հետո դարձել սարկավագ, բայց նրան չի թույլատրվել աշխատել որպես պաստոր: Տարբեր քաղաքներում սկսել է համագործակցել YMCA կազմակերպության հետ: 1930-ականներին որոշել է հուշերն ու փորձառությունները հանձնել թղթին: Մեկը մյուսի ետեւից հրատարակել է «Անցյալ, բայց չմոռացված: Հայ որբի հիշողությունները եւ միսիոներական կայանը Մարաշում», «Վտանգավոր քարափներով», «Լույսՙ մթությունից հետո» եւ «Քննարկումներ հայ քրիստոնյայի հետ» գրքերը, որոնցում իր թափառաշրջիկ կյանքն ու որբանոցային առօրյան է պատկերել, իսկ վերջին գրքումՙ փորձել հայերին ներկայացնել գերմանացիներին: «Մանրամասնություններով հարուստ նրա ականատեսի վկայությունները այսօր էլ չափազանց կարեւոր են մեզ համար: Հարյուր հազարավոր որբեր սպանվեցին, առեւանգվեցին կամ անհետ կորան: Մելիտոնյանի օրինակը ցույց է տալիս, թե ինչքան ջանք մարդ պետք է գործադրի, ինչքան հուսախաբություններ հաղթահարի եւ ինչքան անսասան պայքարի, որպեսզի կարողանա ողջ մնալ եւ հարատեւել», նշել է իր եզրափակման խոսքում դոկտ. Հայկ Մարտիրոսյանը : Պատրաստեցՙ Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆԸ, (The Arm. Mirror-Spectator) Նկար 1. Դոկտոր Հայկ Մարտիրոսյանը Լեփսիուսհաուսում https://www.archive.azg.am/AM/2019112212 © AZG Daily, 2008 |