ՈՒՂԱՐԿԵԼ ՀԵՂԻՆԱԿԻՆ

Եթե կա անհրաժեշտություն ստանալ պատասխան խմբագրությունից, ապա խնդրում ենք հաղորդագրության մեջ նշել նաև Ձեր էլ.հասցեն։

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ:
ՈՒՂԱՐԿԵԼ:

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #3, 2020-01-24

ՄԻ ԿՈՂՄԻՑ ԽԱՂԱՅԻՆ ՀՆԱՐՔՆԵՐ, ՄՅՈՒՍ ԿՈՂՄԻՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

Այսպես կարելի է բնութագրել Քրիս ՄկՔորմիկի նոր «The Gimmicks» (Հնարագետները կամ խաղային հնարքները) վեպը, որի «խաղային» մասը ներառնում է նարտին, ըմբշամարտը, իսկ «պատմության» մասըՙ ցեղասպանությունը եւ արդարությունը վերականգնելու ԱՍԱԼԱ-ի գործունեությունը:

Վեպի իրադարձությունները տեղի են ունենում 1970-ականների սկզբներին: Ռուբեն Պետրոսյանը Խորհրդային Հայաստանում ապրող երիտասարդ է, որը չի հանդուրժում այն փաստը, որ Թուրքիան չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը, ներողություն չի խնդրում եւ փոխհատուցում չի տրամադրում: «Թուրքիայի դաշնակիցների թիվն ավելանում էր եւ նույնիսկ հայերին համակրող երկրներ, հանուն քաղաքական նպատակահարմարությունների անտեսում էին իրականությունը», գրում է ՄկՔորմիկը:

Ռուբենը վարպետ նարտի խաղացող է, որն առիթից օգտվելով իր ընկերուհուՙ Մինայի փոխարեն լքում է հայրենիքը եւ մեկնում Փարիզ, իբր մասնակցելու նարտու մրցարշավին, բայց իրականում ծավալելու իր քաղաքական գործունեությունը: Նա փորձում է համոզել իր հեռավոր ազգականինՙ Ավոյին (19 տարեկան) Լոս Անջելես տեղափոխվել եւ միանալ ԱՍԱԼԱ-ի գործողություններին: Բայց Ավոն ըմբիշ է եւ երազում է դառնալ չեմպիոն այդ բնագավառում: Նրա սրտովը չէ վրեժխնդրությունը: Վեպում կա նաեւ սիրային եռանկյունի:

Հակառակ իրադարձությունների հագեցվածությանը, հեղինակը կարողացել է, ըստ «Նյու Յորք Թայմսում» տպագրված Ջոն Ուիլյամսի գրախոսականի, պահպանել գործողությունների սահուն ընթացքը եւ գրավիչ ոճով մատուցել այն ընթերցողին:

ՄկՔորմիկը մեծացել է Կալիֆոռնիայում եւ մորական կողմից հայ է: Սիրում է հենվել պատմական իրական փաստերի վրա: Վեպն ավարտվում է 1988-ի ավերիչ երկրաշարժի նկարագրությունով, որի առթիվ Մինան ԱՄՆ է տեղափոխվում եւ նշում, որ «շատ բան ենք կորցրել, բայց պետք է զգույշ լինենք, որ այլեւս ուրիշ ոչինչ չկորցնենք»:

Հ.Ծ.


https://www.archive.azg.am/AM/2020012420

© AZG Daily, 2008