ՈՒՂԱՐԿԵԼ ՀԵՂԻՆԱԿԻՆ

Եթե կա անհրաժեշտություն ստանալ պատասխան խմբագրությունից, ապա խնդրում ենք հաղորդագրության մեջ նշել նաև Ձեր էլ.հասցեն։

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ:
ՈՒՂԱՐԿԵԼ:

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #11, 2021-03-26

ԿԱՐՈ ՓԱՅԼԱՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԱՆԿԱՐԱՅԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԳԵՐԵԶՄԱՆՈՑ, ՈՐՏԵՂ ԱՊՕՐԻՆԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Է

Թուրքիայի Ճարտարապետների պալատի Անկարայի բաժնի տնօրեն Թեզջան Քարաքուշ Ջանդանը եւ ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) հայ պատգամավոր Կարո Փայլանը մամուլի ասուլիս են կազմակեպել Անկարայի Ուլուս շրջանի այն հրապարակում, որտեղ գտնվող հայկական գերեզմանոցում ապօրինի շինարարությունը շարունակվում է:

Ջանդանն ու Փայլանը փորձել են տեղում զննություն իրականացնել, բայց ոստիկանները արգելել են նրանց մուտք գործել գերեզմանոցի տարածք, փոխանցում է ermenihaber-ը:

Ապօրինի շինարարության մասին օրեր առաջ առաջինը ահազանգած Ճարտարապետների պալատի Անկարայի բաժնի տնօրենը եւս մեկ անգամ հիշեցրել է, որ համաձայն բոլոր պաշտոնական աղբյուրներիՙ շինհրապարակի տարածքում նախկինում հայկական գերեզմանոց եւ մատուռ է եղել:

Նա մտահոգություն է հայտնել այն առթիվ, որ երկրի իշխանությունները արտոնում են գերեզմանոցի տարածքում նման շինարարությունըՙ բետոնի շերտի տակ թաղելով մարդկային ոսկորները: Ջանդանը իր ափսոսանքն է հայտնել, որ մարդիկ, ՏԻՄ մարմիններն ու երկրի իշխանությունները այդքան անխիղճ են եւ կարող են նման կերպ անարգել նախնիների հիշատակը: «Մի՞թե կարծում եք, որ գերեզմանոցի վրա կառուցված խանութներում մարդիկ հանգիստ խղճով կարող են առեւտուր անել: Գերեզմանի վրա կառուցված խանութը չի կարող բարօրության աղբյուր լինել»,- ընդգծել է նա:

Իսկ Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը հիշեցրել է, որ նշված տարածքը Անկարայի պատմամշակութային շրջաններից է: Այնտեղ երկարատեւ ժամանակ կողք-կողքի ապրել ու արարել են հայերը, քրդերն ու թուրքերը:

«Մեր թիկունքում գտնվող թաղամասը նախկինում հայկական գերեզմանոց է եղել: Այստեղ ապրող հայերը աքսորվեցին այս տարածքներից: Նրանց կրոնի նկատմամբ հարգանք չցուցաբերվեց: Նույնիսկ նրանց հանգուցյալների նկատմամբ հարգանք չի ցուցաբերվում: Հանգուցյալի հանդեպ հարգանք չունեցողը ողջերի նկատմամբ էլ երբեւէ հարգանք չի կարող ունենալ: Այստեղ մահացած հայերին աղոթքներով հուղարկավորել են, նրանց գերեզմաններին գերեզմանաքարեր են կառուցել: Այդ գերեզմանաքարերը կոտրել էին, հիմա էլ գերեզմանները ծածկում են բետոնով: Ու՞մ խիղճը կարող է սա հանդուրժել: Մի՞թե այս երկրում մեծամասնություն կազմող մուսուլմանների խիղճը կարող է հանդուրժել սա», - ասել է Փայլանը:

Նա նշել է, որ որպես պատգամավոր, եկել էր ապօրինի շինարարության տարածքում դիտումներ կատարելու, բայց անվտանգության աշխատակիցները խոչընդոտել են նրա մուտքը տարածք: Պատգամավորը եւս մեկ անգամ կոչ է արել դադարեցնել հայկական գերեզմանոցի վրա ապօրինի կառույցների շինարարությունը:

Գեւորգ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ


https://www.archive.azg.am/AM/2021032620

© AZG Daily, 2008