ՈՒՂԱՐԿԵԼ ՀԵՂԻՆԱԿԻՆ

Եթե կա անհրաժեշտություն ստանալ պատասխան խմբագրությունից, ապա խնդրում ենք հաղորդագրության մեջ նշել նաև Ձեր էլ.հասցեն։

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ:
ՈՒՂԱՐԿԵԼ:

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #32, 2021-09-03

ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՐԿԱՆ ԴԱՍԱՎԱՆԴԵԼՈՒ ՆՈՐ ՕՐԵՆՔ ՌՈԴ ԱՅԼԵՆԴՈՒՄ

Պրովիդենսի (Ռոդ Այլենդ, ԱՄՆ) Ազգային ժողովը հուլիսի սկզբին հավանություն է տվել մի օրինագծի, որը հետագայում նահանգապետ Դենիել Մկքիի ստորագրությամբ ստացել է օրենքի ուժ: Օրինագիծը, որը նախաձեռնել են Ներկայացուցիչների պալատի պատգամավոր Ռեբեկա Կիսլակն ու սենատոր Գեյլի Գոլդինը , նախատեսում է կազմել մշտական գործող մի հանձնաժողովՙ խթանելու եւ նորանոր տվյալներով համալրելու Հոլոքոսթի եւ Ցեղասպանության կրթական ծրագրերը դպրոցներում:

«Հաշվի առնելով, որ ատելությունն ու մոլեռանդությունը հանրային առօրյա քննարկումների նյութ են դարձել վերջերս, հատկապես կարեւոր ենք համարում ուսանողներին իրազեկել, որ նախապաշարմունքն ու անհանդուրժողականությունը աննկարագրելի ավերներ են գործել պատմության ընթացքում», ասել է սենատոր Գոլդինը, հավելելով, որ նոր օրենքը հնարավորություն կտա կարծիքներ փոխանակելու բռնատիրական արարքների վերաբերյալ: Գոլդինի նախնիները Արեւելյան Եվրոպայից Կանադա են ապաստանելՙ փախչելով կոտորածներից: Ընդհանրապես Ռոդ Այլենդի բնակչության մեծ մասը ներգաղթյալներ են, որոնք ճնշումների կամ հետապնդումների են ենթարկվել տարբեր երկրներում:

«Քանի որ օրեցօր ավելանում են ատելության հիման վրա կատարված հանցագործությունները, անհրաժեշտ է, որ ուսանողները տեղեկացված լինեն այն աղետալի հետեւանքների մասին, որոնք առաջանում են, երբ անհանդուրժողության սերմերն են ցանում», նշել է իր հերթին արեւելյան Պրովիդենսից դեմոկրատ պատգամավոր Քեթրին Ղազարյանը , որ օրինագծի համահեղինակներից է: Նրա նախնիներից ութը Հայոց ցեղասպանությունից փրկվածներ են եղել:

Նոր օրենքը, ըստ «Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթի տեղեկության, մշտապես գործող հանձնաժողով կազմավորելով ավելի ամուր հիմքերի վրա է դնելու 2016-ին ընդունված մի այլ օրենք, որը պահանջում էր հանրային դպրոցներում հատուկ ժամեր հատկացնել Հոլոքոսթի եւ ցեղասպանությունների դասավանդմանը:

Հ.Ծ.


https://www.archive.azg.am/AM/2021090323

© AZG Daily, 2008