ՈՒՂԱՐԿԵԼ ՀԵՂԻՆԱԿԻՆԵթե կա անհրաժեշտություն ստանալ պատասխան խմբագրությունից, ապա խնդրում ենք հաղորդագրության մեջ նշել նաև Ձեր էլ.հասցեն։ |
ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #36, 2014-11-14 90-ԱՄՅԱԿ ՀԱՅ ԴԱՍԱԿԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՏՄԱԲԱՆԸ ԵՎ ՏԵՍԱԲԱՆԸԼրացավ գրականագետ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սերգեյ Ներսեսի Սարինյանի ծննդյան 90-ամյակը: Ս.Ն. Սարինյանը ծնվել է 1924 թ. նոյեմբերի 17-ին, ԼՂՀ Ասկերանի շրջանի Սեյդիշեն (այժմ` Խաչեն) գյուղում: 1941-42 թթ. ուսուցիչ է աշխատել Սեյդիշենի դպրոցում: 1942 թ. օգոստոսին զորակոչվել է բանակ, մասնակցել Հայրենական մեծ պատերազմին, վիրավորվել 1943 թ. փետրվարին եւ հոսպիտալային բուժումից հետո զորացրվել: Պարգեւատրվել է «Հայրենական մեծ պատերազմի երկրորդ աստիճանի» եւ «Մարտական ծառայությունների համար» մեդալներով: 1944 թ. սեպտեմբերին ընդունվել է ԵՊՀ լեզվագրական ֆակուլտետը եւ 1949թ. գերազանցության դիպլոմով ավարտելով այն, նույն թվականին ընդունվել Գիտությունների ակադեմիայի ասպիրանտուրան: 1950 թվականից աշխատում է ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում: 1960 թվականից առ այսօր ինստիտուտի հայ նոր գրականության բաժնի վարիչն է: Ս. Սարինյանի ընդհանուր աշխատանքային ստաժը Հայոց Ակադեմիայի կառույցում կազմում է 64 տարի, իսկ որպես գիտական բաժնի վարիչՙ 54: Իսկապես որ աննախադեպ փաստ է: 1953 թ. «Ռեալիզմի սկզբնավորումը հայ գրականության մեջ» թեմայով պաշտպանել է թեկնածուական, իսկ 1967 թ.` «Հայկական ռոմանտիզմ» թեմայով դոկտորական ատենախոսություն: 1970 թ. ստացել է պրոֆեսորի գիտական կոչում: 1990 թ. ընտրվել է ՀՀ ԳԱԱ թղթակից-անդամ, իսկ 1996 թ.` իսկական անդամ: Խորհրդանշական է, որ Ս. Սարինյանի մուտքը գիտության աշխարհ 1950-ական թթ. սկզբնավորվեց հայկական ռեալիզմին եւ Րաֆֆուն նվիրված ուսումնասիրություններով, որոնք վերաբերում էին 19-րդ դարի հայ գրականության երկու գլխավոր ուղղություններին: Հաջորդող տասնամյակներին նա ընդլայնեց եւ ավելի խորացրեց իր ուսումնասիրությունների շրջանակը, ընդգրկելով 18-20-րդ դարերի հայ գրականության պատմության եւ տեսության հարցերը: «Հայկական ռոմանտիզմ» (1966թ.) ուսումնասիրությունում ներկայացված են գրական այս ուղղության տիպաբանությանը բնորոշ առանձնահատկությունները, ձեւավորման սկզբնական շրջանում աստիճանական սահմանազատումը հայկական կլասիցիզմից, ապա եւ զարգացման վերջին փուլումՙ 1880-ական թվականներից միախառնումը ռեալիզմին: Հետազոտական հսկայական աշխատանքով Ս. Սարինյանին հաջողվել է հայկական ռոմանտիզմի պատմությունը ներկայացնել իր պատմական զարգացման ընթացքի մեջ եւ իր աշխարհագրական ամբողջական ընդգրկունությամբ: Սարինյանը, որպես գրականության պատմաբան, ներկայացնում է ոչ միայն գրական մեծություններին, այլեւ ավելի քիչ հայտնի հայ հեղինակների դիմանկարների մի ամբողջ շարք է ստեղծում: Գրականության պատմաբանի համար զգալի դժվարություններ ներկայացնող «գրական անցումները» Սարինյանը լավագույնս իրականացրել է հայաշխարհի եւ գաղթաշխարհի գրականությունների պատմա-քաղաքական միջավայրերի եւ սոցիալական-հոգեբանական յուրահատկությունների վերհանմամբ, ինչպես, օրինակ, Աբովյանից Ալիշան հետեւյալ անցումը. «Մինչդեռ Աբովյանը հայրենի բնօրրանում ժողովրդական շնչի թելադրող մթնոլորտում էր իմաստավորում գրական-լուսավորչական ու հասարակական-քաղաքական իր իդեալները, նրանից անկախ, օտար երկնքի տակ, միջավայրի ու մտավոր կյանքի այլ պայմաններում էր դարաշրջանի տիրապետող մտայնությունն ընկալում արեւմտահայ ռոմանտիզմի ռահվիրանՙ Ղեւոնդ Ալիշանը»: Հաջորդող շրջանի ուսումնասիրություններում Սարինյանը հայկական ռոմանտիզմի պատմությունը բաժանում է երեք փուլիՙ դասական ռոմանտիզմՙ 1830-1880-ական թթ., ուշ ռոմանտիզմՙ 1880-90-ական թթ. եւ վերջապես նեոռոմանտիզմՙ 1900-ական թթ.: Ուշ ռոմանտիզմի գրական առանձնահատկությունների քննությամբ է գրված «Մուրացան. տիպաբանություն, էթիկան, պատմության փիլիսոփայությունը» ուսումնասիրությունը, որը հրատարակվել է երկիցսՙ 1976 եւ 2004 թթ.: Ուշ ռոմանտիզմի ցայտուն ներկայացուցչիՙ Մուրացանի ստեղծագործության օրինակով գրականագետը ցույց է տալիս, թե ինչ էական տարբերություններ կան ռոմանտիզմի դասական եւ ուշ շրջանների միջեւ եւ հատկապես ուշ ռոմանտիզմի հերոսների գործունեության աշխարհագրական սահմանափակվածությունը: Գրական ստեղծագործությունների քննության ժամանակ սյուժեն ներկայացնելու եւ այն վերլուծելու հարաբերակցությունը Ս. Սարինյանը բնորոշում է հետեւյալ ձեւակերպմամբ. «Գեղարվեստական երկի սյուժեն պատմելը չափազանց դժվար արվեստ է, իսկ սյուժետային վերլուծության ունակությունը գրեթե բացառիկ շնորհ»: Ս. Սարինյանը տասնամյակներ շարունակ եղել է ոչ միայն գրականության պատմաբան ու տեսաբան, այլեւ ժամանակի գրական ընթացքի քննադատ, գրական զարգացման այս ընթացքը ներկայացնելով «Քննադատությունը եւ գեղարվեստական զարգացումը» (Երեւան, 1973թ.) եւ «Սերունդներ եւ ավանդներ» (Երեւան, 1984 թ.) գրքերում, ինչպես նաեւ գիտական ու գրական մամուլում լույս տեսած տասնյակ հրապարակումներում եւ հոդվածներում: 1950-ական թվականներից նա արձագանքել է հայ արդի գրականության յուրաքանչյուր նշանակալից հեղինակի կամ նոր գրական անվան մուտքին, նոր տաղանդավոր ստեղծագործության ի հայտ գալուն: Գրական զարգացման այս ընթացքը լավագույնս արտահայտվել է նրա «Հայոց գրականության երկու դարը» խորագիրը կրող հիմնարար աշխատության հինգ հատորներում: 1988-ին լույս տեսած առաջին հատորի առաջաբանում նա գրում է, որ ծրագրել է այն հրատարակել երկու գրքով, որոնց թիվը սակայն այսօր հասել է հինգի, որպես գրական շարունակական մի ընթացք: Ռոմանտիզմը, հատկապես հայկական ռոմանտիզմը, քանի որ իր իդեալների դրսեւորումները գտնում էր ավելի շատ անցյալի իրողություններում, բնականաբար ռոմանտիզմի դպրոցի ներկայացուցիչներին ավելի բնորոշ էր պատմական թեմաներին եւ պատմավիպասանությանը դիմելը: Այս հանգամանքն էլ իր հերթին թելադրել է, որ Ս. Սարինյանը անդրադառնա հայ պատմավեպի, ապա եւ հայ վեպի պատմությանը: Հայաստանի անկախացումը Ս. Սարինյանին մղեց ոչ թե գրականության եւ պատմության անցողիկ կոնյունկտուրային մեկնաբանություններին, որոնցով ցավոք հեղեղված էր 1990-ական թթ. գրական եւ հասարակական մամուլը, այլ ընդլայնեց հայ գրականության տարբեր հարցերի քննության շրջանակը, անդրադառնալով գրական այն խնդիրներին եւ հեղինակներին, որոնց հանդեպ նախորդող տասնամյակներին գոյություն ունեին գաղափարական հայտնի արգելքներ եւ խեղաթյուրված մեկնաբանություններ: Այս առումով բնորոշ է Սարինյանի «Լեւոն Շանթ» (1991 թ.) մենագրությունը: Այստեղ նորովի է քննվում Շանթի գրական ժառանգությունը, վերջինիս եւ հատկապես պատմական ժամանակի ազգային ակունքներն ու արեւմտաեվրոպական ազդեցությունները եւ, որ ամենակարեւորն է, ժամանակի նրբին եւ անուղղակի անդրադարձը Շանթի ստեղծագործություններում: Գիտնականի նշանակալից աշխատություններից է հայ ազգային գաղափարաբանությանը նվիրված մենագրությունը, որն ունեցել է երկու հրատարակություն: Առաջինըՙ «Հայ գաղափարաբանություն» (Երեւան, 1997 թ.), գիտատեսական ուսումնասիրություն լինելով, միաժամանակ արձագանք եւ պատասխան էր 1990-ական թթ. որոշակի ըմբռնումներինՙ կապված հայ ժողովրդի պատմական ճակատագրի եւ քաղաքական կողմնորոշումների հետ: Երկրորդ լրացված հրատարակությունում նույն իրողությունն արդեն հիմնականում քննվում է տեսական-ակադեմիական մոտեցմամբ: Այս գործը կարելի է համարել գիտնականի նախորդ ողջ աշխատանքի յուրօրինակ հանրագումարը: Իր ուսումնասիրություններում Սարինյան գրականագետը հայ դասականներին ու նրանց ստեղծագործությունները ներկայացնում է պատմական մոտեցմամբ, ժամանակի սոցիալ-տնտեսական հարաբերությունների, հասարակական մտքի, գեղագիտական եւ փիլիսոփայական ըմբռնումների ընդհանուր համատեքստում: Նման մոտեցումը հնարավորություն է տալիս առավել խորությամբ ըմբռնել գրական ընթացքը եւ տարբեր գործերի գրությունը պայմանավորող պատմա-հասարակական ակունքները: Իսկ հայոց ազգային գաղափարաբանությանը նվիրված մեծարժեք ուսումնասիրությունում Սարինյանն արդեն կատարում է հակառակ վերացարկումըՙ հայ գրականության, քննադատական մտքի, հրապարակախոսության եւ հայ պարբերական մամուլի նյութերի հիման վրա ներկայացնելով հայոց գաղափարաբանության պատմությունը եւ հայ քաղաքական մտքի որոնումների ընթացքը: Գրականության պատմաբանի մոտեցմամբ նա համապատասխան պարբերացմամբ է ներկայացնում հայ գաղափարաբանության ընթացքըՙ միջնադարյան հայ ազատագրական մտքի որոնումներից դեպի եվրոպական նոր գաղափարները եւ ազգային կուսակցությունների գործունեությունը մինչեւ 1915 թ. Մեծ եղեռնը եւ խորհրդայնացման շրջանը, ապա եւ ազգային գաղափարների նորովի արծարծումը նորանկախ Հայաստանում: Ազգային-հասարակական մտահոգություններով ապրող գիտնականը առանձնակի արժեւորման է ենթարկել Զորի Բալայանի գրական, հասարակական գործունեությունը, անվանի գրող-հրապարակախոսի միջոցով ներկայացնելով մի ողջ ժամանակաշրջան «Շարունակվող լեգենդ» գրքում, որը յուրահատուկ է նաեւ գրական-ժանրային առումով եւ ինքնատիպությամբ: Ս. Սարինյանը տասնամյակներ շարունակ հանդես է գալիս նաեւ որպես գիտության կազմակերպիչ, ղեկավարելով ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի հայ նոր գրականության պատմության բաժինը: Այստեղ նրա անմիջական ղեկավարությամբ ստեղծվել է «Հայ նոր գրականության պատմության» ակադեմիական հինգհատորյակը, որը 1980 թ. արժանացել է ՀԽՍՀ պետական մրցանակի, ինչպես եւ երկհատոր «Հայ քննադատության պատմությունը» եւ «Հայ վեպի պատմությունը»: Գիտական գործունեությունը Սարինյանը զուգակցել է մանկավարժական աշխատանքի հետ: Լինելով դպրոցական եւ բուհական մի շարք դասագրքերի եւ ուսումնական ձեռնարկների հեղինակ, նա դասավանդել է հանրապետության տարբեր բուհերում, ղեկավարելով քսանից ավելի ասպիրանտների եւ հայցորդների գիտական աշխատանքները: Անվանի գրականագետի տասնամյակների այս վաստակը բարձր է գնահատվել: 1985 թ. նա ստացել է գիտության վաստակավոր գործչի կոչում, 2005թ.ՙ ՀՀ նախագահի մրցանակ, պարգեւատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» երկրորդ աստիճանի, «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» եւ ԼՂՀ «Վաչագան Բարեպաշտ» շքանշաններով: Չթուլացող եռանդով Սերգեյ Սարինյանը շարունակում է աշխատել նաեւ այսօր, իր իննսունամյակի շեմին հրատարակության հանձնելով «Հայ գրականության պատմության» ակադեմիական վեցհատորյակի երրորդ հատորը եւ շարունակելով հետեւել արդի գրական կյանքի ընթացքին ու գլխավորելով Գրականության ինստիտուտում գործող Հայ եւ արտասահմանյան գրականության մասնագիտական խորհուրդը: Գիտական գործունեության եւ քաջառողջության նորանոր արգասաբեր երկար տարիներ մաղթենք հայ գրականագիտության նահապետին: ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Ռ.Մ. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ https://www.archive.azg.am/AM/2014111404 © AZG Daily, 2008 |