ՈՒՂԱՐԿԵԼ ՀԵՂԻՆԱԿԻՆԵթե կա անհրաժեշտություն ստանալ պատասխան խմբագրությունից, ապա խնդրում ենք հաղորդագրության մեջ նշել նաև Ձեր էլ.հասցեն։ |
ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #39, 2014-12-05«+ԿԻՆՈՅԻ» ՄԻԱՑՅԱԼ ՀԱՄԱՐԸՄեր թղթակցի այն հարցին, թե ավարտվում է 2014 թվականը, ի՞նչն է նշանակալի «+Կինո» ամսագրի համար, գլխավոր խմբագիր Ռոբերտ Մաթոսյանն ասաց. - Առաջին` հրատարակչական գործի արդի, դժվարին պայմաններում արդեն 7-րդ տարին է, ինչ պարբերաբար, առանց ընդհատումների լույս է տեսնում «+Կինոն»: Ճշմարտությունը պահանջում է ասել, որ այդ ամենն իրականացվում է Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության անմիջական ջանքերի շնորհիվ, ինչպես նաեւ Մշակույթի նախարարության մասնակի օժանդակությամբ: Նման բարձրակարգ տպագրությամբ պարբերական հրատարակելը այսօր, ինչպես գիտեք, թանկ հաճույք է: Երկրորդ` գրեթե պատրաստ է ամսագրի էլեկտրոնային տարբերակը (կայքը), որի պահանջարկը մեծ է մեր ընթերցողների շրջանում: Եկող տարվանից «+Կինոն» հասու կլինի նաեւ արտերկրում ապրող մեր հայրենակիցներին: Ավելին, նրանցից շատերը զարմացած են, որ մինչեւ այժմ չունենք սեփական կայք: Այս ամենը, անշուշտ, լրացուցիչ ծախս է պահանջում: Իսկ այն հարցին, թե ո՞րն է ամսագրի հիմնական նպատակը, Ռ. Մաթոսյանն ասաց. «Եթե բնութագրեմ ընդամենը մեկ նախադասությամբ, մեր նպատակն է մշակութային կամուրջ հանդիսանալ ավագ սերնդի ստեղծած արժեքների եւ այսօրվա երիտասարդների միջեւ»: Իսկ ի՞նչ նյութեր են հրապարակվել նոր լույս տեսած միացյալ համարում: - Ամսագիրը բացվում է Հայաստանի վաստակավոր արտիստ, Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան թատրոնի դերասանուհի Անահիտ Քոչարյանի դիմանկար - հարցազրույցով: «Նրա հետ աշխատանքի ընթացքում ես համոզվեցի, որ գործ ունեմ տաղանդավոր դերասանուհու հետ, որի հետ համագործակցելը ե՛ւ հեշտ էր, ե՛ւ դժվար», իր գնահատանքի խոսքում դերասանուհուն այսպես է բնութագրում կինոռեժիսոր Ալբերտ Մկրտչյանը: «Բանավեճի կարգով» խորագրի ներքո տպագրված «Արդյոք կգոյատեւի՞ մեր Օպերային թատրոնը» հոդվածի հեղինակ արվեստագիտության թեկնածու, ԵՊԿ դոցենտ Ծովինար Մովսիսյանը սկզբունքային վերլուծության է ենթարկել վերջին տարիներին Օպերային թատրոնում տեղ գտած խնդիրներն ու պրոբլեմները: «Մարտիկ» հաղորդաշարի եւ կինեմատոգրաֆիստների միության նախաձեռնությամբ կինոռեժիսոր Ռուբեն Գեւորգյանցի հետ միասին վերջերս եղանք Հայաստանի հեռավոր սահմանապահ մի զորամասում, մեկ օր հաղորդակցվեցինք մեր սահմանի հուսալի պաշտպանների ծառայությանն ու ապրելակերպին: «Երբ Երեւանում դուք իրար եք խառնվում, թշնամու դիրքերից կրակ են բացում», սահմանապահ զինվորի այս խոսքով է սկսվում լեռնագագաթի սահմանապահ հրաշալի տղաների արիության ու նվիրումի մասին պատմող նյութը: ««Ֆիլմ» թերթի էջերից» խորագրի ներքո հրատարակված են անվանի արձակագիրներ Սերո Խանզադյանի եւ Հրանտ Մաթեւոսյանի խոսքերը` ուղղված հայ կինեմատոգրաֆիստներին: Խանզադյանը խորհուրդ է տալիս, որ մեր կինոգործիչները հաճախակի օգտվեն հայ արձակի փոքր ժանրից` պատվածքներից, իսկ Հրանտ Մաթեւոսյանը նշում է. «Կինոն մեր մշակութային ճակատի այն ամենակարեւոր հատվածն է, որի պարտությունը հավասարազոր կլիներ ամբողջ ճակատի պարտությանը»: «Երկու Գեւորգ Չաուշ» հոդվածը նվիրված է հայդուկային շարժման գլխավոր դեմքերից մեկին` Գեւորգ Չաուշին եւ նորօրյա հերոս ազատամարտիկ Գեղազնիկ Միքայելյանին (Չաուշ): «Մղձավանջային օրերի երեք սերունդ» հոդվածը պատմում է 1915 -ին հրաշքով փրկված երզնկացի Թարզի Խաչիկի (Ստեփանյան) գերդաստանի մասին: Նրա որդին գրող, գրականագետ, արվեստագիտության դոկտոր Գառնիկ Ստեփանյանն է, իսկ Գառնիկի որդիները (երրորդ սերունդ) նախկին հեռուստաֆիլմերի ստուդիայի տնօրեն, հանգուցյալ Պերճ Ստեփանյանն ու Մատենադարանի գիտաշխատող Արմեն Տեր-Ստեփանյանն են: Քսանինը տարի շարունակ Վենետիկում անց են կացվում հայագիտական դասընթացներ, որտեղ զգալի տեղ է հատկացվում նաեւ թատրոնին եւ կինոյին: Այս տարվա աննախադեպ մի դասընթացի մասին է պատմում Արծվի Բախչինյանը: Ամսագրի գրեթե ամեն համարում խմբագրությունն անդրադառնում է Հայաստան աշխարհի հերոս պաշտպաններին եւ այդ թեման մեր ռեժիսորների ուշադրությանն է հրավիրում: Այս անգամ այդ էջը նվիրված է Երվանդ Սաղումյանին, որը 1990 թվականին Երասխավանում առաջին զոհված մարտիկն էր եւ հուղարկավորված է Ծիծեռնակաբերդում: Այս համարում տեղ են գտել նաեւ Երվանդ Մանարյանի եւ Տիգրան Մանսուրյանի ծննդյան հոբելյաններին նվիրված նյութեր: «Վերնիսաժ» եւ «Լուսանկարչական վերսինաժ» բաժիններում այս անգամ տեղ են գտել գյումրեցի նկարիչ եւ քանդակագործ Էմիլ Գազազի ստեղծագործությունները, որը 1980 - ին տեղափոխվել է Լոս Անջելես եւ մինչեւ օրս բնակվում եւ ստեղծագործում է այնտեղ: Տպագրված են նաեւ ամերիկահայ լուսանկարիչ Լեւոն Փարյանի գործերը: Ինչպես միշտ, այս անգամ էլ հետաքրքրական եւ բազմազան նյութեր են տպագրված «+Կինոյի» ռուսական բաժնում: ՄԱՐԻԱՄ ՄԱՐԿՈՍՅԱՆ https://www.archive.azg.am/AM/2014120505 © AZG Daily, 2008 |