ՈՒՂԱՐԿԵԼ ՀԵՂԻՆԱԿԻՆ

Եթե կա անհրաժեշտություն ստանալ պատասխան խմբագրությունից, ապա խնդրում ենք հաղորդագրության մեջ նշել նաև Ձեր էլ.հասցեն։

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ:
ՈՒՂԱՐԿԵԼ:

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #32, 2017-09-01

ԳԱՐԵԳԻՆ ՊՈՂՈՍՅԱՆ. ՆՎԱՃԵԼՈՎ ԱՄԵՐԻԿԱՆ

Սոնա ՊՈՂՈՍՅԱՆ

Քսանամյա Գարեգին Պողոսյանն արդեն նախանձելի կարիերա ունի: Լիոնի Երաժշտության եւ պարի բարձրագույն ազգային կոնսերվատորիայում ուսանելուց եւ 2014 թ. Լոզանի մրցանակը շահելուց հետո նա այժմ պարում է «Ամերիկյան բալետի թատրոն» նշանավոր պարախմբում: Երիտասարդ տաղանդն անդրադառնում է իր կարիերային եւ Նյու Յորքում իր նորՙ ֆրանս-հայկական կյանքին:

- Ինչպե՞ս է պարը մտել ձեր կյանք:

- Արվեստագետների ընտանիքից եմ: Հայրս երգիչ է, մայրսՙ դասական պարի ուսուցչուհի եւ խորեոգրաֆ, իսկ քույրսՙ պարուհի: Դժվար խուսափեի այդ ամենից:

- Ե՞րբ է պարը դարձել լուրջ զբաղմունք ձեզ համար:

- 13-14 տարեկանում, երբ պարտավորված եղա ուսմանս ուղղությունն ընտրել: Ունկնդրության գնացի Լիոնի Բարձրագույն կոնսերվատորիա եւ ընդունվեցի: Դրանից առաջ չէի պատկերացրել, որ մի օր լրջորեն կզբաղվեի դրանով: Հետո հանդիպեցի Ֆիլիպ Լորմոյին, որն ամբողջովին փոխեց իմ մոտեցումը պարի հանդեպ: Այն ժամանակ հասկացա, որ պարը կարող է ավելի լուրջ զբաղմունք դառնալ իմ կյանքում:

- Վերջին հայը, որը մրցանակ էր շահել Լոզանի դասական պարի մրցույթում, Դավիթ Կարապետյանն էր 1999-ին: Ձեզ համար ի՞նչ էր Լոզանի մրցույթը:

- Բացառիկ հնարավորություն եւ կրկնակի հպարտություն, որովհետեւ այնտեղ միանգանից երկու երկիր ներկայացրիՙ Հայաստանը եւ Ֆրանսիան: Այդ մրցույթում Ֆրանսիան նույնպես վաղուց մրցանակ չէր շահել: Լարվածությունը մեծ էր: Ամբողջ արձակուրդս անցկացրի աշխատելով: Տարբեր պրակտիկաներ անցա Սանկտ Պետերբուրգում եւ Փարիզում: Մասնավոր պարապմունքի գնացի տարբեր հայտնի դեմքերիՙ Պատրիկ Դյուպոնի եւ Ալեքսանդր Աստիեի մոտ: Պետք է հաջողեի, ուրիշ տարբերակ չկար:

- Որտեղի՞ց է գալիս ձեր այս համառությունը:

- Դե հայ եմ, չէ՞ (ծիծաղում է): Չգիտեմ... Իրականում տարբեր բաներիցՙ իմ դաստիարակությունից, իմ ուսուցիչներից: Ինձ սովորեցրել են միշտ 200 տոկոսով նվիրվել գործին, կարգուկանոն պահպանել եւ սիրել աշխատանքը: Միշտ պետք է հիշել, որ պարողի կարիերան նման է կայծակի: Պետք է հենց հիմա նվիրվել, քրտնել, պարել: Այս ոլորտում զարգանալը պահանջում է խստություն, կասեիՙ նույնիսկ համառություն:

- Ինչպես է ընթանում սովորական օրը «Ամերիկյան բալետի թատրոնում»:

- Օրը սկսվում է դասական պարի դասովՙ ժամը 10.15-ից մինչեւ 11.45-ը, հետո փորձերը իրար են հաջորդում մինչեւ մոտավորապես ժամը 19-ը: Մեր պարախումբը հատուկ է այն բանով, որ բազմաթիվ ներկայացումներ է տալիս, այդ պատճառով էլ սովորական օր չի լինում մեզ համար:

«Նուվել դԱրմենի», Փարիզ, Ֆրանսերենից թարգմանեց ԱՇՈՏ ՓԱՓԱԶՅԱՆԸ


https://www.archive.azg.am/AM/2017090105

© AZG Daily, 2008