ՈՒՂԱՐԿԵԼ ՀԵՂԻՆԱԿԻՆԵթե կա անհրաժեշտություն ստանալ պատասխան խմբագրությունից, ապա խնդրում ենք հաղորդագրության մեջ նշել նաև Ձեր էլ.հասցեն։ |
ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #8, 2018-03-02ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԸ 2017-ԻՆ ԵՎ 2018-ԻՆ201800810.jpgՆաիր ՅԱՆ 2017 թվականին նախատեսված էր վերականգնել - ամրակայել պատմամշակութային 7 հուշարձան, բայց շինարարական աշխատանքները կիսատ են մնացել. շինարար կազմակերպությունները ժամկետների մեջ չտեղավորվեցին: 2017-ի նոյեմբերին, ինչպես տեղեկացրել ենք ժամանակին, մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը լրագրողների հետ շրջայց կատարեց պատմամշակութային այն հուշարձաններ, որոնց վերականգնումը պետք է մինչեւ տարեվերջ ավարտին հասցվեր. ակնհայտ էր, որ մինչեւ ցրտերի ընկնելը շինարարները չէին հասցնի գործն ավարտել: Եթե անգամ նրանք պատրաստ լինեին աշխատել, միեւնույն է, դա անթույլատրելի է, որովհետեւ երբ ջերմաստիճանը +5-ից ցածր է, կրաշաղախը փչանում է, չի կպչում: Օրեր առաջ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը հայտնեց, որ անցյալ տարի կիսատ մնացած շինարարական աշխատանքները շարունակվելու են մինչեւ այս տարվա մայիս: Իսկ կիսատ մնալու պատճառն այն էր, որ շինարարները պատմամշակութային հուշարձանների վրա աշխատելու թույլտվությունը ստացել էին 2017-ի սեպտեմբերինՙ կորցնելով ամառվա ամիսները: Մրցույթին մասնակցած, բայց մրցույթը չշահած կազմակերպություններից մեկը դիմել էր դատարան. այդ պատճառով էլ ընդհանուր գործընթացը ձգձգվել էր: Դրան ավելացել էին մրցույթը շահած «Արհովշին» ընկերության շինարարական աշխատանքների կազմակերպչական թերությունները, եւ խնդրեմ. պաշտոնական տերմինոլոգիայով ասածՙ 2017-ի կատարողականը ժամանակին չի հասցվել: Ի դեպ, անցկացված ստուգումների արդյունքում 6 ընկերություն աշխատել է խախտումներով ու չարաշահումներով. գումարի տեսքով դրանք 65 միլիոն դրամի են: Կազմվել են համապատասխան արձանագրություններ, իրավապահ մարմինները զբաղվում են նրանց գործով: Դառը փորձից ելնելովՙ մշակույթի նախարարությունն այս տարի պատմամշակութային հուշարձանների վերականգնման մրցույթն ավելի վաղ է հայտարարել: 8 հուշարձանի վերականգնման համար արդեն դիմել է 21 կազմակերպություն. նման ակտիվությունն աննախադեպ է: Ի դեպ, նախարարությունը դեռ շարունակում է նոր հայտեր ընդունել: Եթե անգամ անցյալ տարվա նման դատական գործ հարուցվի, մրցույթի ժամկետները չեն ձգձգվի, որպեսզի շինարարական աշխատանքերը ժամանակին սկսվեն ու մինչեւ տարեվերջ ավարտվեն: Նախատեսված է 2018 թվականի ծրագրում ներառված հուշարձանների վերանորոգման աշխատանքներն սկսել ապրիլից: Ընդհանուր հաշվով այս տարի վերականգնվելու է 18 հուշարձանՙ անցյալ տարվա չվերականգնվածները ներառյալ: Պայմանագրում նոր պայման կա. շինկազմակերպությունները պարտավոր են շինհրապարակներում տեղադրել տեսախցիկներ: Մշակույթի նախարարության կայքէջով հնարավոր կլինի 24 ժամ հետեւել շինարարի աշխատանքին: 2017-ին պատմամշակութային հուշարձանների վերականգման ու ամրակայման համար պետբյուջեից հատկացվել է ավանդական 250 միլիոն դրամ, որից խնայվել եւ բյուջե է վերադարձվել 17 միլիոն դրամ: Միայն անցյալ տարի անհատ բարերարներն ու մասնավոր կազմակերպությունները հայրենի մշակույթին հատկացրել են 2,8 միլիոն դոլար, որի զգալի մասը տրամադրվել է պատմամշակութային հուշարձանների վերականգնմանը: Օրինակՙ Կոտայքի մարզի Սոլակ գյուղում գտնվող Մայրավանքի վերականգնմանը պետբյուջեից հատկացվել է 50 միլիոն դրամ, իսկ մասնավոր ներդրումը կազմել է 80 միլիոն: Անհատ բարերարների, մասնավոր հիմնադրամների կողմից մշակույթ հովանավորելը, արժեքավոր հուշարձանները պահպանելն ու վերականգնելն աշխարհում ընդունված մշակույթ է: Մեզանում սպիտակ ագռավների տպավորություն են թողնում նրանք, ովքեր մշակույթին օգնության ձեռք են մեկնում: Մեկ այլ դիտարկում. ունեւոր մարդիկ հաճախ են եկեղեցիներ կառուցում, մինչդեռ հազար տարվա վաղեմությամբ արդեն խոնարհվող եկեղեցիները հազվադեպ են վերանորոգում. նման օրինակները բացառիկ ենՙ Իրինդի Սբ. Աստվածածինը կամ Օձունի բազմաչարչար եկեղեցին, որի վերականգնման հետ կապված բազմաթիվ խախտումներ ու չարաշահումներ հայտնաբերվեցին: 2018-ին վերականգնվելիք հուշարձանների ցանկում են Շիրակի Հոռոմ գյուղի Սբ. Հռիփսիմեն, Սյունիքի Տեղ գյուղի Սբ. Գեւորգը, Լոռվա մարզի Լոռի Բերդը, Սանահին վանական համալիրը, Նուռնուսի 13-րդ դարի եկեղեցին, Ամբերդը, որն անցյալ տարի մեր կառավարությունը հայտարարեց արգելոց, Քոբայրավանքը, Ոսկեվազ գյուղի միջնադարյան բազիլիկ եկեղեցին, Այգեշատի Թարգմանչաց եկեղեցին: Պատմամշակութային հուշարձանների պահպանությունը 99 տոկոսով պետության վրա է դրված, տարածքների վերահսկումըՙ եւս: Օրինակները բազմաթիվ են, թե ինչպես է հուշարձանի տարածքը վերածվում քաղաքացիական գերեզմանոցի կամ կերուխումի վայրի: Իսկ եկեղեցիների ու վանքերի տանիքներին աճող բուսականությունն ուղղակի պատուհաս է դարձել պետության համար. Սանահինի վանական համալիրի գլխին աճած հսկա ծառերը մի քանի տարի առաջ մեծ աղմուկ բարձրացրին: Ոչ ցանկալի բուսածածկույթից ազատվելն այնքան էլ հեշտ չէ: Շինանյութը թունաքիմիկատով մշակելը հետո միայն օգտագործելը ելքերից մեկն է, բայց ոչ վերջնականապես հուսալի: Այնուամենայնիվ, մշտական հոգածությունն ու խնամքը պարտադիր են: Եկեղեցիների կղմինդրածածկ տանիքները պետք է պարբերաբար մաքրվեն բուսածածկույթից. հակառակ դեպքում ամեն մի վերանորոգում ու վերականգնում անիմաստ կդառնա ու կարճ ժամանակ անց հարկ կլինի նույն ծավալով ու ծախսված նույն գումարի չափով աշխատանք կատարել: Մշակույթի նախարարությունը փորձելու է դիմել տեղի երիտասարդության օգնությանը: Այսինքնՙ այն համայնքը, որտեղ գտնվում է տվյալ հուշարձանը, հասարակական հիմունքներով խնամվելու էՙ ընդհուպ տանիքները բուսածածկույթից ազատելը: Մինչեւ հասարակության մոտեցումն ու հոգեբանությունը չփոխվի, ոչ մի վերանորոգում իր նպատակին չի ծառայի. այս համոզումն ունեն պատկան մարմինները: Քաղաքացին պետք է հասկանա ու զգա, որ պատմամշակութային կոթողի տերն ինքն է եւ ինքն էլ պատասխանատվություն է կրում դրա պահպանման, սերունդներին ժառանգություն թողնելու համար: Մինչեւ քաղաքացու մեջ այդ գիտակցությունը չարթնանա, նա շարունակելու է ուտել-խմել եկեղեցու պատի տակ, իր ու իր սիրած աղջկա անունը փորագրել 7-րդ դարի վանքի կիսախոնարհված գմբեթին: Պետության պարտավորությունները ոչ ոք չի վիճարկում, բայց Հայաստանում 24 հազար հուշարձան կա. 24 հազարի վրա պահակ դնել հնարվոր չէ: https://www.archive.azg.am/AM/2018030202 © AZG Daily, 2008 |