ՈՒՂԱՐԿԵԼ ԽՄԲԱԳՐԻՆԵթե կա անհրաժեշտություն ստանալ պատասխան խմբագրությունից, ապա խնդրում ենք հաղորդագրության մեջ նշել նաև Ձեր էլ.հասցեն։ |
«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #12, 2013-02-06ԼԵՐՆԱ ԷՔՄԵՔՉԻՕՂԼՈՒՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒՄ ԷԱռաջին աշխարհամարտի հայոց պատմությունը Դոկտ. Լերնա Էքմեքչիօղլուն Մասաչուսեթսի տեխնելոգիական ինստիտուտում դասավանդում է 2011-ի աշնանից: Դոկտորական թեզը պաշտպանել է Նյու Յորքի համալսարանում 2010-ին եւ մեկ տարի աշխատել Միչիգանի «Էն Արբուր» համալսարանում: Մասնագիտանում է Թուրքիայում հայերի պատմության գծով, հատկապես Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի եւ ֆեմինիստական շարժման հայ ներկայացուցիչների պատմությամբ: Էքմեքչիօղլուն ծնվել է, ըստ «Արմինյն միրոր-սփեքթեյթր» շաբաթաթերթի հունվարի 5-ի հաղորդագրության, Ստամբուլում: Ծնողները Ադիյամանից եւ Մերսինից են եղել: Հոր ընտանիքը Իսկենդերուն է տեղափոխվել, եւ հայրը հաճախել է դպրեվանքի հայկական գիշերօթիկ դպրոցը: Էքմեքչիօղլուն ինքը հաճախել է հայկական դպրոց եւ ավարտել Ստամբուլի Կեդրոնական վարժարանը: Հետագայում Բողազիչի համալսարանում սկսել է հետաքրքրվել Թուրքիայում ֆեմինիստական շարժման ներկայացուցիչների կյանքով, տեղեկացել Զաբել Եսայանի, Զաբել Ասատուրի եւ Հայկանուշ Մառքի մասին: Նյու Յորքի համալսարանն ու «Զոհրապ տեղեկատվական կենտրոնը» լայն հնարավորություններ են բացում երիտասարդ գիտաշխատողի առաջ, եւ ընկերուհուՙ Մելիսա Բիլալի հետ թուրքերենով հրատարակում «Արդարության ճիչը: Հինգ հայ ֆեմինիստ գրողներ Օսմանյան կայսրությունում եւ Թուրքական Հանրապետությունում (1862-1933 թթ.)» հատորը, որը անմիջական կապ ուներ դոկտորական իր թեմայի հետ, որն ավելի ընդգրկուն էր եւ ներառում էր հետ I աշխարհամարտի հայերի պատմությունը Թուրքիայում: Այժմ նա աշխատում է «Շարունակելով ապրել նոր Թուրքիայում: Հայերը հետօսմանյան Ստամբուլում» մենագրության վրա, որը նա պատրաստվում է հրատարակել անգլերենով: Նրան հուզող կարեւոր հարցերից մեկն այն է, թե ինչու հնարավորություն ունեցող հայերն այնուամենայնիվ որոշեցին մնալ Թուրքիայում եւ միանալ քեմալական շարժմանը: Նա հավատացած է, որ հողը եւ ընտանիքը կարեւոր նշանակություն են ունեցել հայերի համար: Նա շնորհակալ է բոլոր նրանց, ովքեր հնարավորություն են ընձեռել խորանալու իրեն հետաքրքրող թեմաների մեջ: Նրանց թվում են Հայկական ուսումնասիրությունների ազգային ասոցիացիան, Հայ կանանց միջազգային ասոցիացիան եւ Լոս Անջելեսի ստամբուլահայերի կազմակերպությունը: Նրա առաջիկա հոդվածըՙ «Ներառման քաղաքականությունը Հայոց պատմությունից հետո» խորագրով, վերաբերում է հայ կանանց եւ նրանց երեխաների ինքնության վերականգնմանն ու հողային պահանջատիրության հարցերին: Հոդվածը այս տարվա առաջին կիսամյակում տպագրվելու է Հյուսիսային Ամերիկայում հեղինակավոր «Comparative Studies in Society and History» (Հասարակագիտության եւ պատմության համեմատական ուսումնասիրություններ) պարբերականում: Հ. Ծ. https://www.archive.azg.am/AM/2013020620 © AZG Daily, 2008 |