ՈՒՂԱՐԿԵԼ ԽՄԲԱԳՐԻՆԵթե կա անհրաժեշտություն ստանալ պատասխան խմբագրությունից, ապա խնդրում ենք հաղորդագրության մեջ նշել նաև Ձեր էլ.հասցեն։ |
«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #15, 2013-02-09ԲԱՑ ՆԱՄԱԿ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆԵրեւան քաղաքի Ծովակալ Իսակովի պողոտայի 4/2 շենքի բնակիչներից Հարգելի՛ պարոն Սարգսյան, Ձեզ ենք դիմում ապահով Հայաստան կերտելու Ձեր հավաստիացումներին ու պատրաստակամությանը հավատալով, մեր իրավունքները ոտնահարող անօրենությունների հետեւանքները վերացնելու եւ մեր իրավունքները պաշտպանելու գործում Ձեր աջակցության հույսով եւ խնդրանքով: Առանց քաղաքաշինական փաստաթղթերի եւ քաղաքապետարանի պաշտոնական թույլտվության, խախտելով քաղաքաշինական նորմերն ու «Լանդշաֆտային կոնվենցիայի» սկզբունքները, անմիջապես մեր շենքի դիմաց, մեր տնկած ծառերի եւ Իսակովի պողոտայի հետ մեր շենքը կապող ճանապարհի միջեւ կառուցվել է մի չինական պարիսպ: Այդ ծառերը տնկել եւ խնամել ենք հաշվի առնելով մեր բակում կանաչ զանգվածի գրեթե բացակայությունը: Ընդամենը մի քանի տարեկան այդ ծառերը մնացել են պարսպի հետեւում: Պարիսպը փակել է ամբողջ տեսադաշտը եւ մարդկանց վրա գործում է հոգեբանական տհաճ ազդեցություն: Այն նաեւ փակել է ծառերի հետեւում գտնվող մեծ թողունակությամբ գազատարը (որի վրա կան տեխնիկական շատ հանգույցներ)` հնարավորություն չտալով անհրաժեշտության դեպքում իրականացնել օպերատիվ վերանորոգման աշխատանքներ: Նաեւ նեղացրել է Իսակովի պողոտան մեր շենքին կապող առանց այն էլ նեղ ճանապարհը, այդ ճանապարհով բեռնատար մեքենաների մուտքը շենքի բակ անհնար է դարձել կամ շատ դժվարացել է: Իսկ ընդհանրապես հնարավոր չէ բեռնատար, ինչպես նաեւ առանձնահատուկ նշանակության այլ մեքենաների (շտապ օգնության, հրշեջ եւ այլն) մոտենալը շենքի մուտքերին: Շինարարությունը սկսելու պահից բազմիցս դիմել ենք քաղաքապետարան թեժ գծի միջոցով, քաղաքաշինության եւ հողի վերահսկողության վարչություն եւ անձամբ քաղաքապետին, սակայն մեզ ե՛ւ քաղաքապետը, ե՛ւ վերոհիշյալ վարչության աշխատակիցները հավաստիացրել են, որ այդ շինարարությունը գտնվում է իրենց վերահսկողության տակ, իրենք տեղյակ են դրա մասին... Ավելին, քաղաքապետարանի վերոհիշյալ վարչությունը, շատ լավ տեղյակ լինելով որ այդ շինարարությունը ապօրինի է, քաղաքապետարանին ահազանգած եւ գրավոր դիմումը ստորագրած բնակիչների հեռախոսահամարներն ու անունները տվել է կառուցապատողին, որ նա մեզ ահաբեկի, եւ մեր իրավունքները պաշտպանելուց հրաժարվենք: Տեսնելով, որ մենք հետեւողական ենք մեր իրավունքների պաշտպանության գործում` 2012-ի դեկտեմբերի 12-ին քաղաքապետարանը գրավոր մեզ պատասխանել է, որ «... առանց համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի քարե պարսպի կառուցման շինարարական աշխատանքներ իրականացնելու փաստի կապակցությամբ Երեւանի քաղաքապետարանի կողմից 07.12.2012 թ. կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ հ.009571 արձանագրությունը իրավախախտողին վարչական պատասխանատվության ենթարկելու համար»: Սակայն քաղաքապետարանի այս որոշումը վերը նշված խնդիրները չի լուծում: Ավելին, քաղաքապետարանը, համաձայնության գալով ապօրինի շինարարություն իրականացնողի հետ, փորձում է նրա համար ժամանակ շահել` հետագայում այդ շինությունը օրինականացնելու համար: Մենք զարմացած ենք այս անօրինություններից եւ ամենաթող վիճակից: Օրինականությունը, տրամաբանությունը, ստեղծված խնդիրների լուծման, հետեւաբար` մեր իրավունքների պաշտպանության անհրաժեշտությունը ենթադրում են պարսպի ապամոնտաժում: Հարգելի՛ պարոն Սարգսյան: Խնդրում ենք Ձեր աջակցությունը այդ պարսպի ապամոնտաժման գործին, դրանով` վերջինիս կողմից ծագած խնդիրների լուծմանն ու մեր իրավունքների պաշտպանությանը: (Ստորագրություններ) https://www.archive.azg.am/AM/2013020914 © AZG Daily, 2008 |