ՈՒՂԱՐԿԵԼ ԽՄԲԱԳՐԻՆ

Եթե կա անհրաժեշտություն ստանալ պատասխան խմբագրությունից, ապա խնդրում ենք հաղորդագրության մեջ նշել նաև Ձեր էլ.հասցեն։

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ:
ՈՒՂԱՐԿԵԼ:

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #17, 2013-02-13

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆՈՐ ԾՐԱԳԻՐ. ԳԻՇԵՐՕԹԻԿՆԵՐԻ ԵՐԵԽԱՆԵՐԸ ԿԴԱՌՆԱՆ ՍԿԱՈՒՏՆԵՐ

Հայաստանի ազգային սկաուտական շարժում «Հասկ» ՀԿ-ի կենտրոնական գրասենյակում ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը եւ Հայաստանի ազգային սկաուտական շարժման ատենապետ Հրաչյա Շմավոնյանը ստորագրել են փոխադարձ համագործակցության եռակողմ հուշագիր:

Հուշագրի նպատակը սոցիալապես անապահով ընտանիքիների եւ կյանքի դժվարին պայմաններում հայտնված երեխաների ներգրավվածության ապահովումն է սկաուտական շարժմանը` որպես արտադպրոցական կրթության կարեւոր բաղադրիչ:

Կարեւորելով նախաձեռնությունը` ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը շնորհակալություն է հայտնել Հայաստանի ազգային սկաուտական շարժմանը եւ նշել, որ մեկնարկող «Անապահով երեխաների կազմակերպական զարգացում եւ ներգրավվածություն» ծրագիրն ունի երկու կարեւոր բաղադրիչՙ սոցիալական եւ դաստիարակչական: «Աշակերտների ռազմահայրենասիրական եւ արտադպրոցական դաստիարակության կազմակերպումը կրթական համակարգի կարեւոր խնդիրներից է: Նման ծրագրերում հանրային սեկտորի երիտասարդական եւ ռազմահայրենասիրական կազմակերպությունների ներգրավվածությունն արդյունավետ եւ արդարացված է: Խիստ կարեւոր է նաեւ ծրագրի սոցիալական բաղադրիչը»,- շեշտել է նախարարը եւ հավելել, որ ծրագիրը համատեղելի է ՀՀ ԿԳՆ եւ ՀՀ աշխատանքի եւ սոցիական ապահովության նախարարությունների համագործակցության գերակայություններին եւ նպատակներին: Նախարարը նաեւ տեղեկացրել է, որ ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը «Բլոգնյուզ» կայքի հետ համատեղ նոր ծրագիր է սկսել, որը նպատակ ունի բացահայտել սոցիալական խնդիրների պատճառով դպրոցներից դուրս մնացած երեխաներին եւ, գնահատելով նրանց կարիքները, նպաստել խնդիրների լուծմանը: «Ոչ մի երեխա սոցիալական պատճառներով պետք է դուրս չմնա դպրոցից, դա մեր գերակա նպատակն է»,- հայտարարել է Ա. Աշոտյանը:

Համատեղ «Անապահով երեխաների կազմակերպական զարգացում եւ ներգրավվածություն» ծրագրի իրագործումը կիրականացվի «Խաղաղության սուրհանդակներ» առաքելության շրջանակում: Ծրագրի ընդհանուր արժեքը մոտ 18 մլն դրամ է, որը դրամաշնորհային կարգով «Հասկին» տրամադրել է Համաշխարհային սկաուտական շարժման Messengers of Peace հիմնադրամը: Ծրագրում, որը նախատեսվում է իրականացնել 7 մարզերում մինչեւ 2014 թվականը, կներգրավվեն գիշերային խնամքի կենտրոններում եւ հարակից բնակավայրերում ապրող 12-18 տարեկան մոտ 1400 սոցիալապես անապահով երեխաներ:

Մ. Հ.


https://www.archive.azg.am/AM/2013021310

© AZG Daily, 2008