ՈՒՂԱՐԿԵԼ ԽՄԲԱԳՐԻՆԵթե կա անհրաժեշտություն ստանալ պատասխան խմբագրությունից, ապա խնդրում ենք հաղորդագրության մեջ նշել նաև Ձեր էլ.հասցեն։ |
«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #54, 2013-04-06 Անցուդարձ ԹԱՆԿ ԵՆՔ ՎՃԱՐՈՒՄՎաղուց է հայտնի, որ գովազդն ամեն տեսակի բիզնեսի առաջընթացն ապահովող ամենազորեղ միջոցներից է: Բազմիցս է նկատվել, որ նույնիսկ պարզագույն, երբեմն էլ ոչ այնքան գրագետ, սակայն առանձին պաթոսով մատուցվող հեռուստագովքն անպայման իր որոշակի դերակատարումն է ունենում: Ու թեեւ մեր առօրյա կյանքում նման երեւույթները զարմանալիորեն հաճախակի են կրկնվում, բացի դրանից էլՙ ահավոր երկար են տեւում, բնականաբար խաղալով մարդկանց նյարդերի հետ, միեւնույն էՙ «նվիրյալ հեռուստադիտողին», ով դեռ երեկվանից ու անհամբեր սպասում է երազած ֆիլմաշարի հերթական ցուցադրմանը, վերոհիշյալը բնավ ի վիճակի չէ դուրս բերելու հավասարակշռությունից: Ճիշտ է, այնուամենայնիվ, ավելի ստվար բանակ են կազմում նրանք, ովքեր այդ կինոկարները համարում են չափից դուրս տաղտկալի, երբեմն տարրական տրամաբանությունից զուրկ, խելքից դուրս ձգձգված եւ գլխավորըՙ լեցուն աներեւակայելի դատարկաբանություններով, լեզվական կուլտուրայի ակնհայտ ունայնությամբ ու աղքատությամբ: Ահա «բացառիկ» նմուշներից մի քանիսըՙ «Ամեն ինչ կանեմ այդ ամեն ինչից հեռու մնալու համար», «Ես քեզ սիրում եմ, ես քեզ շատ եմ սիրում, ես քեզ շատ-շատ եմ սիրում», «Նրանց հետ չեմ ուզում խոսամ», «Բժիշկն ինձ ասեց հանգիստ լինեմ, չանհանգստանամ», «Կարո՞ղ է կարողանաս այդ բանն անես», «Դու գիտեսՙ ե՞ս գիտեմ»: Բայց ես, կարծես, շեղվեցի շատերին հուզող խնդրից: Հարկ է նկատել, որ հեռուստագովազդերի մատուցման էությունը գրեթե ամենուր նույնն է: Այդպես է նույնիսկ Ճապոնիայում, թեեւ այստեղ, ինչպես վկայում է մամուլը, անպայման լայն արձագանք է ստանում շարքային քաղաքացու թեկուզ աննշան դժգոհությունը: Դրա համար էլ իսկապես քաղաքակիրթ երկիր է համարվում, տեխնիկական ամենաաներեւակայելի հեղափոխությունների մեգակենտրոն, որի արտադրած բազմատեսակ ապրանքները հեղեղել են ամբողջ աշխարհը: Իսկ մի՞թե առանձնահատուկ հարգանքի արժանի չեն ճապոնացիները թեկուզ միայն այն փաստի առնչությամբ, որ մեծագույն երկրաշարժերի հետեւանքով առաջացած ահավոր ողբերգության օրերին երկրում գեթ մեկ գողության փաստ չարձանագրվեց: Մի քանի տարի առաջ էլ պարզվեց, որ Արեւածագի երկրի քաղաքների փողոցներում հայտնվել են ռոբոտ ոստիկաններ, որոնք բարեխղճորեն կատարում են կարգուկանոնին խստորեն հետեւելու իրենց պարտականությունները. թքել ես մայթին կամ շպրտել սիգարետի ծխո՞ւկըՙ բարի եղիր տուգանք վճարել: Օգուտը նշմարելի է, եթե մանավանդ նկատի ունենանք, որ ռոբոտները աշխատավարձի «պահանջներ» չեն ներկայացնում: Վերջերս էլ վաճառքի հանվեցին էլեկտրոնային փոքրիկ մտածող սարքեր, նախատեսված նրանց համար, ում համբերությունից դուրս են բերում ճապաղ ու տաղտուկ գովազդերը. հենց որ, ամենագրավիչ պահերի, կինոֆիլմի ցուցադրումն ընդհատվում է հանուն հերթական գովազդի, սարքն անմիջապես անջատում է հեռուստացույցը, սակայն երբ ֆիլմի ցուցադրումը վերսկսվում է, հեռուստացույցը վերստին սկսում է գործել նորմալ կերպով... Շատ խելոք սարք է: Ակամա մտածում եմՙ այ թե պահանջարկ կունենա այդ սարքը Հայաստանում: Ճիշտ է, հարկ է խոստովանել, որ գովազդատուներն էլ այնքան միամիտ չեն, որ դյուրին կերպով զիջեն դիրքերը: Պարզ բան է, նրանք էլ են մտմտում, միջոցներ ու ձեւեր որոնում հեռուստադիտողների ուշադրությունն անպայման գրավելու համար: Այս առումով, եթե նկատի ունենանք զուտ «մերոնց», ապա «առաջնության դափնին» առայժմ արժանիորեն կրում են ամերիկահայերը. գլխավորապես թերթերի խմբագրությունների հետ համագործողները: Նրանք համարձակորեն «շեղվել են տրորված արահետներից» եւ գտել բավականին հատու, նպատակակետին խփող միջոցներ: Դե, մի՞թե ուշադրությունը գերող հնարք չէ այս հայտարարությունը, որ ժամանակին կարդացել եմ Գլենդելում լույս տեսնող թերթերից մեկումՙ «Վաճառվում է խանութ իր հաճախորդներով»: Ինչ ուզում եք ասեքՙ ստրկատեր դառնալու բավականին գայթակղիչ առաջարկ էր: Բնականաբար, դա շատերին ստիպեց կարդալ թերթը, հետաքրքրվելՙ իրո՞ք կա նման խանութ: Հաստատ կա, չէ՞ որ հասցեն էլ է նշված: Հասկանալի է, շատերի կողմից էլ սա ընկալվեց որպես անհաջող հումոր: Սակայն տվյալ դեպքում մի՞թե սա էր էականը: Ամենահետաքրքրականն այն է, որ ուրիշ թերթերի «համարժեք» արձագանքն էլ չուշացավ: Արդյոք պակա՞ս գրավիչ էր «Կատարվում է ձրի հղիության ստուգում» հայտարարությունը: Ընթերցողները կուշտ ծիծաղելու առիթ ունեցան նաեւ կարդալով հետեւյալ գովազդերըՙ «Ամենաթանկարժեք մեքենատերերը Բրբենքում են լվանում իրենց ավտոները» կամ «Հարբած ավտոմեքենա վարելու դեպքում ձեզ սպասում է...»: Հօգուտ հայաստանցի գովազդատուների հարկ է խոստովանել, նրանք էլ ձեռքերը ծալած չեն նստել, նրանք էլ «ստեղծագործական եռուն կյանքով» են ապրում, երբեմն հեռուստադիտողների համար առիթներ ստեղծելով լիաթոք հռհռալու, ոմանց էլՙ տարակուսելու, լո՞ւրջ է ասվում, թե՞ պարզապես կատակ է: Ինքներդ դատեք, արդյոք տրամաբանելո՞վ են մեզ փորձում համոզել, որ «սեմուշկան», պարզվում է, «հաճելի ժամանցի լավագույն ուղեկից է»: Այո, դուք իսկի էլ անհարմար չպետք է զգաք, եթե այսուհետեւ արեւածաղկի սերմն առանց այլեւայլության սկսեք «չրթել» ոչ միայն, ասենք, մարզադաշտում կամ պուրակում նստած, այլեւ, ինչու չէ, դիցուքՙ համերգասրահում: Փորձեք, գուցե, իսկապես, մեծ բավականություն կստանաք: Իսկ ահա մանկան ձայնով ոստիկանի բարբաջանքը ոչ մի կերպ հնարավոր չի լինում հասկանալ: Դե որ հիրավի բարբաջանք է, ուրիշ ոչինչ, իմաստը գոնե մոտավորապես ընկալել հնարավոր չէ: Սրա հեղինակը հաստատ այլմոլորակային է: Առանձին «հեռուստաձեռքբերում» կարելի է վստահորեն համարել «Ձգտիր հասնել ավելին» արտահայտություն-խորհուրդը: Պարզ բացատրությունը երեւի թե սա էՙ ինչ-որ տեղ մի ավել կա, եւ հարկ է կարողանալ գտնել-ձեռք գցել այն: Շատ կուզեի գտնել այդ ավելը, գտնել ու մաքրել-տեսքի բերել շուրջբոլորը, այդ թվում եւ հեռուստաեթերը... Տեղին է ասել, որ այս խառնաշփոթին զուգահեռ, մի տեսակ որպես սեւ հումոր, զավեշտ է հնչում ինքնագովազդը, որ երբեմն մատուցվում է շեշտված խանդավառությամբՙ մեր ստուդիան համարվում է ամենա-ամենան, մեր վարկանիշը այսքան ու այդքան է, մինչդեռ մյուսներինը... Սա ակամա հիշեցնում է առանձին մարզաձեւերից Հայաստանի առաջնությունը, որի գլխավոր խնդիրը (թքած, որ հանդիսական չկա) մեկն էՙ թույլիկների շրջանում ի հայտ բերել ուժեղիկին, խեղճուկրակ չեմպիոնին... Բայց մրցումները գոնե ընդմիջում ու ավարտ են ունենում, մինչդեռ եթերում թեւածում է, ազատ ու աներեր է շարունակում թեւածել գորշության ամենաթողությունը: Դրա ամենաթարմ օրինակը գարեջրի շիշը տարբեր առարկաներով ու մարմնի մասերով բացելու «արդի» ձեւերի ցուցադրումն է: Սա, հարկ է խոստովանել, ուրույն տեսակի գովազդային «փիլիսոփայություն» է: Ինչպես ասում ենՙ վերջը բարի լինի: Իսկ թե երբ է գալու սթափվելու ժամըՙ Աստծուն է հայտնի: Եվ արդյոք այդ տարօրինակ ու տխուր իրավիճակը չի՞ գալիս հաստատելու այս անեկդոտանման հարցուպատասխանը. «Ի՞նչն է հային տարբերում հրեայից»: «Հրեան բժշկի օգնության է դիմում հիվանդանալուց մեկ օր առաջ, իսկ հայըՙ մեռնելուց մեկ օր առաջ...»: Կյանքը ցույց է տալիս, որ անտարբերության դրսեւորումների եւ ուշացումներով սթափվելու համար միշտ էլ հարկ է լինում թանկ վճարել: ՄԻՍԱՔ ՆԱԶԱՐՅԱՆ https://www.archive.azg.am/AM/2013040615 © AZG Daily, 2008 |