ՈՒՂԱՐԿԵԼ ԽՄԲԱԳՐԻՆԵթե կա անհրաժեշտություն ստանալ պատասխան խմբագրությունից, ապա խնդրում ենք հաղորդագրության մեջ նշել նաև Ձեր էլ.հասցեն։ |
«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #56, 2013-04-10ԱՄՆ. ՈՒԺԻ ԳՈՐԾԱԴՐՈՒՄԸ ՉԻ ԼՈՒԾԻ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին Ստամբուլում քննարկումներ է ունեցել Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի հետ, ու վերջինս էլ այդ հանդիպումից հետո հայտարարություններ էր արել` անդրադառնալով Հայաստանին ու ղարաբաղյան բանակցություններում միջնորդական առաքելություն իրականացնող Մինսկի խմբի գործընթացին: Քերիի հետ քննարկումներում ղարաբաղյան հարցին անդրադարձի առնչությամբ ադրբեջանական լրատվամիջոցի լրագրողի հարցին վերջին ճեպազրույցում արձագանքել է պետքարտուղարության փոխխոսնակ Պատրիկ Վենթրելը: Լրագրողը հետաքրքրվել է, թե ինչ է քննարկվել ղարաբաղյան համատեքստում եւ արդյոք ինչ-որ խթաններ կօգտագործվեն բանակցություններն առաջ մղելու համար, նաեւ ինչ է արվելու «Ադրբեջանի տարածքների օկուպացիայի հետ»: Փոխխոսնակը նախ նշել է, որ տեղյակ չէ, թե հատկապես ինչ համատեքստում կարող էր նշված հարցը քննարկվել պետքարտուղարի Թուրքիա այցելությանը: «Բայց վերահաստատում եմ, որ Միացյալ Նահանգները, որպես Մինսկի խմբի համանախագահող երկիր, խորապես հանձնառու է աշխատելու կողմերի հետ հասնելու հակամարտության խաղաղ կարգավորմանը», նշել է Վենթրելը: Նրա խոսքովՙ «հավատում ենք, որ ուժի գործադրումը չի լուծի հակամարտությունը, եւ մենք կոչ ենք անում կողմերին ձեռնպահ մնալ ուժի կամ դրա սպառնալիքի կիրառումից»: Վ. Պ. https://www.archive.azg.am/AM/2013041003 © AZG Daily, 2008 |