ՈՒՂԱՐԿԵԼ ԽՄԲԱԳՐԻՆ

Եթե կա անհրաժեշտություն ստանալ պատասխան խմբագրությունից, ապա խնդրում ենք հաղորդագրության մեջ նշել նաև Ձեր էլ.հասցեն։

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ:
ՈՒՂԱՐԿԵԼ:

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #59, 2013-04-13

2008-Ի ՕԳՈՍՏՈՍՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԸ` ՍԱԱԿԱՇՎԻԼՈՒ ՀԱՐՑԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱ

Վրաստանի ներկայիս նախագահ Միխեիլ Սաակաշվիլու առնչությամբ վարչապետ Բիձինա Իվանիշվիլու «հաշվեհարդարային» մոտեցումները չեն սահմանափակվում կոռուպցիոն դրսեւորումների մասով քննություն իրականացնելով: Ավելի ծանր մեղադրանք կարող է հասցեագրվել Սաակաշվիլուն եւ նրա թիմակիցներին, քանի որ Վրաստանի կառավարությունը որոշել ու արդեն ձեռնամուխ է եղել 2008-ի օգոստոսյան պատերազմի հետաքննությանը:

Վրաստանի խորհրդարանը հատուկ հանձնաժողով է ստեղծում` ուսումնասիրելու 2008-ի օգոստոսյան պատերազմի ժամանակ Վրաստանի իշխանությունների քայլերը: Մինչ այդ էլ վարչապետ Բիձինա Իվանիշվիլին արդեն գուժել էր, թե Հարավային Օսիայի դեմ ռազմական գործողություններ սկսած իշխանությունները, այդ թվում` Սաակաշվիլին, պետք է հարցաքննվեն: Պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան էլ հաստատեց, որ 2008-ի իրադարձությունների հետաքննության մեկնարկը կլինի շուտով:

Կամաց-կամաց ահագնացող «մեղադրանքին» յուղ լցրեց նաեւ ժամանակին նույն Սաակաշվիլու հետ վարդյա հեղափոխություն իրականացնող Նինո Բուրջանաձեն` «պահանջելով հետաքննել 2008-ի օգոստոսյան իրադարձությունները», երբ Վրաստանը պատերազմի մեջ հայտնվեց Ռուսաստանի հետ, իսկ արդյունքում ոչ միայն ռուսաստանյան զորքերը հասել էին Թբիլիսիի մատույցներին, այլեւ Ռուսաստանը ճանաչեց Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախությունը:

Հետպատերազմյան շրջանում, անգամ որոշ միջազգային կառույցների ու պետությունների ղեկավարների մակարդակով հայտարարվեց, թե պատերազմը սանձազերծել էր Սաակաշվիլին, թեեւ ռուսներն էլ «առիթը բաց չթողեցին»:

Բուրջանաձեն, որ այժմ ներկայացնում է «Ժողովրդավարական շարժում» ընդդիմադիր կուսակցությունը, արձագանքել է Վրաստանի արդարադատության նախարար Թեա Ցուլուկիանիի հնչեցրած հայտարարությանը առ այն, որ անհրաժեշտ է հարցաքննել Վրաստանի նախագահին օգոստոսյան պատերազմի առնչությամբ: Ընդ որում, արդարադատության նախարարը նաեւ հայտարարել էր, որ մինչ Սաակաշվիլու հարցաքննությունը նա գուցե արդեն նախագահ չլինի:

Սրան ի պատասխան` որեւէ պարագայում թափանցիկության կողմնակից ներկայացող Սաակաշվիլին հանդես եկավ հատուկ հայտարարությամբ, թե այդ հետաքննությունը դեմ է պետականությանն ու պետությանը, եւ ինքն էլ չի պատրաստվում համագործակցել այդ համատեքստում: Բնականաբար, Սաակաշվիլու գնահատմամբ` Վրաստանը չէ, որ սկսել է ռազմական գործողությունները:

Ի հակադրություն այսօրինակ մոտեցման, երբ հնարավոր հետաքննությունը դիտարկվում է որպես Վրաստանի պետականության դեմ ուղղված քայլ, Վրաստանի ինտեգրման հարցերով ներկայիս պետնախարար Պաատա Զաքարեիշվիլին էլ գտնում է, որ օգոստոսյան պատերազմի մասին օբյեկտիվ հետաքննությունը կմեծացնի Վրաստանի նոր կառավարության հանդեպ աբխազների ու օսերի վստահությունը:

Վ. Պ.


https://www.archive.azg.am/AM/2013041305

© AZG Daily, 2008