ՈՒՂԱՐԿԵԼ ԽՄԲԱԳՐԻՆ

Եթե կա անհրաժեշտություն ստանալ պատասխան խմբագրությունից, ապա խնդրում ենք հաղորդագրության մեջ նշել նաև Ձեր էլ.հասցեն։

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ:
ՈՒՂԱՐԿԵԼ:

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #68, 2013-04-27

Ի՞ՆՉ ԿԱՐԵԼԻ Է ԱՍԵԼ ՀՐԱՉ ԲԵՐԲԵՐՅԱՆԻ «ՊԱՏԱՍԽԱՆԻ» ՄԱՍԻՆ

Ագրարագյուղացիական միավորում կոչվող կազմակերպության նախագահ Հրաչ Բերբերյանը պատասխանել է մեր թերթի ապրիլի 17-ի համարում հրապարակված «Կարտոֆիլի ցեցն ու կրճատված ցանքատարածությունները» հոդվածին: Ի՞նչ կարելի է ասել այս պարոնի մտքի գոհարների մասին:

Նախ, մինչ ուրիշներին տեղեկատվության չտիրապետելու մեջ մեղադրելը, վատ չէր լինի, որ Հրաչ Բերբերյանը տարրական գիտելիքներ ունենար այն ոլորտում, որտեղ իրեն փորձագետ է համարում: Դրա համար բավարար կլիներ անգամ դպրոցում աշխարհագրություն դասագիրքը ընթերցելը: «Արարատյան դաշտավայր» հասկացություն գոյություն չունի: Խոսքը Արարատյան դաշտի մասին է: Դաշտավայրերը գտնվում են ծովի մակարդակից ոչ ավելի քան 200 մ բարձրության վրա, իսկ Արարատյան դաշտը գտնվում է ծովի մակարդակից 800-1000 մ բարձրության վրա: Սաՙ իմիջիայլոց:

Հրաչ Բերբերյանը չի տարբերում նաեւ հոդված գրելը հոդված խմբագրելուց: Երեւի թե փորձագետ կոչվելու հավակնություն ունեցող մարդը պետք է իմանար, որ հրապարակման վերջում գրվում է հոդվածը գրողի, ոչ թե խմբագրողի անուն-ազգանունը: Եվ եթե նշված է տվյալ անձի անուն-ազգանունը, իսկ հրապարակման մեջ չի հիշատակվում այլ անձնավորության տեսակետ, ապա հեղինակն արտահայտում է իր տեսակետը: Ի՞նչ աղբյուր պետք է նշեինք: Եթե Հրաչ Բերբերյանին հետաքրքրում է, թե երբ պետք է աղբյուրներ նշել, ապա կարող եմ նրան հրավիրել լրագրության իմ դասախոսություններին, որտեղ նա կիմանա, թե ի՞նչ է տեղեկատվությունը, մենկաբանությունը կամ վերլուծությունը, ո՞ր դեպքում են աղբյուրներ վկայակոչվում, ո՞ր դեպքում` ոչ: Կամ էլ կխնդրեմ իմ ուսանողներից որեւէ մեկինՙ իրազեկել նրան այդ մասին:

Բառախաղը «բերքի անկում», «ցանքատարածությունների նվազում» արտահայտությունների հետ նույնպես ոչինչ չի փոխում: Բնական է, որ եթե դու հայտարարում ես ցանքատարածությունների 50 տոկոսով կամ որոշ գյուղերում 10 անգամ նվազման մասին, ապա դրան պետք է հետեւի ստացվող բերքի նվազումը: Ի՞նչն է հերքում Հրաչ Բերբերյանն այստեղ, պարզ չէ:

Մեր հրապարակման մեջ ոչ մի տեղ չկա նշված, որ ցանքատարածությունների կրճատման մասին նրա հայտարարությունը սուտ է եւ նման բան չի լինելու: Անկախ նրանից, որ Հրաչ Բերբերյանը որպես հեղինակություններ ընդունում եւ վկայակոչում է գյուղատնտեսության փոխնախարարներին եւ նրանց հայտարարությունները, մենք անհավանական էինք համարել ցանքատարածությունների հենց 50 տոկոս կրճատումը: Քանի որ Հայաստանում մոտ 30 հազար հա կարտոֆիլի ցանքատարածություններ կան, եւ տվյալ պահին ոչ մի բան չի խոսում այն մասին, որ դրանք հատկապես 50 տոկոսով կկրճատվեն: Այլ բան է, որ Հրաչ Բերբերյանը հիմա էլ ճշտումներ է անում, ասելով, թե ինքն «Արարատյան դաշտավայրի», այսինքնՙ Արարատյան դաշտի կարտոֆիլի ցանքատարածությունների մասին է ասել:

Այժմՙ ցեցի մասին: Ագրարագյուղացիական միավորման նախագահը դարձյալ շարունակում է պնդել, որ այն չի կարող ներմուծվել սերմի հետ, քանի որ գյուղատնտեսության նախարարությունն ունի բուսասանիտարիայի ծառայություն, որը ներմուծվող ապրանքը ենթարկում է փորձաքննության: Պատվեր կատարելու մասին խոսողի դեպքում բավականին կասկածելի է թվում, թե նա ինչո՞ւ է այդպես վստահ խոսում գյուղանախարարության հիշատակված ծառայության մասնագիտական հմտությունների կամ անաչառության մասին կամ քիչ վերեւում էլ որպես իր ասածի ապացույց վկայակոչում գյուղատնտեսության փոխնախարարներին: Այս դեպքում պատվիրատուի առկայության հնարավորություն մասին եզրակացությունները նախընտրում ենք թողնել ընթերցողին: Մեր կողմից նշենք, որ գյուղատնտեսության նախարարությունն ունի նաեւ սննդամթերքի անվտանգության ծառայություն, բայց մեր սուպերմարկետներում վաճառվում են հորմոններով հագեցած բրազիլական հավեր: Ի՞նչ է, այդպես անթերի՞ են աշխատում այդ ծառայությունները, կամ Հրաչ Բերբերյանը ունի՞ ապացույց, որ ցեցը հատկապես Արաքսի վրայով է թռչել եկել Հայաստան: Չունի իհարկե, իսկ մեր կասկածները, որ այն կարող է ներմուծված լինել, ոչ ոք չի հերքել` այդ թվում Բերբերյանի սիրելի գյուղատնտեսության փոխնախարարները: Մեր հրապարակման մեջ էլ նշել էինք, որ դա «առավել հավական է», իսկ հիմա էլ ավելացնում ենք, որ նաեւ տրամաբանական է ներմուծման միջոցով ցեցի Հայաստան մտնելը, այդ թվումՙ Հրաչ Բերբերյանի մասնակցութունն ունեցող կառույցների կողմից: Սակայն չենք գրել, որ դա անհերքելի ճշմարտություն է:

Փոխարենը Հրաչ Բերբերյանը «մոռանում է» մեր հրապարակման այն մասը, որտեղ անդրադարձել էինք ցանքատարածությունների նվազման նրա պատճառներին` արտագաղթը եւ չինովնիկները: Լավ է, որ գոնե այս հարցում նա չի կրկնել նույն անգրագետ պնդումները:

Պատասխանում նշվում է, որ իր կազմակերպությունը սերմացու չի ներկրել եւ վաճառել, միաժամանակ նշելով, որ աջակցել է ֆերմերներին «ձեռք բերելու արտերկրում աճեցված բարձրորակ սերմացուներ» եւ անգամ շնորհակալություններ ստացել: Հրաչ Բերբերյանին թվում է, թե ձեւակերպումների փոփոխությունից իմաստը փոխվում է, իրականում հաստատելով մեր գրածն այն մասին, որ նա զբաղվում է սերմացուի ներկրմամբ եւ վաճառքով, օգտագործելով հասարակական կազմակերպության «տանիքը»:

Հիշեցնենք, որ վերոնշյալ մարդը պաշտպանում էր նաեւ պարարտանյութ ներկրող ընկերություններին, ասելով, որ պետությունը խառնվում է պարարտանյութերի բիզնեսի մեջ, փաստորեն բողոքելով պետության կողմից պարարտանյութի սուբսիդավորման դեմ եւ պաշտպանելով այդ նույն ընկերություններին, որոնց տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը տուգանել էր պարարտանյութի գների չհիմնավորված բարձրացնելու եւ այդ գնով գյուղացիներին վաճառելու համար: Ինչպես երեւում է, Հրաչ Բերբերյանը սեփական արշինով է դատողություններ անում պատվերի կամ պատվիրատուի մասին: Այսքանով սահմանափակվենք, քանի որ ասվածը բավարար է, որպեսզի երեւա Հրաչ Բերբերյանի` որպես գյուղացիների շահերի «պաշտպանի» կամ «փորձագետի» իրական կերպարը:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


https://www.archive.azg.am/AM/2013042717

© AZG Daily, 2008