ՈՒՂԱՐԿԵԼ ԽՄԲԱԳՐԻՆ

Եթե կա անհրաժեշտություն ստանալ պատասխան խմբագրությունից, ապա խնդրում ենք հաղորդագրության մեջ նշել նաև Ձեր էլ.հասցեն։

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ:
ՈՒՂԱՐԿԵԼ:

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #20, 2016-05-27

ՄԻԽԱՅԻԼ ԲԱՂԴԱՍԱՐՈՎԸՙ «ԱՐՄԱՎԻԱՅԻ» ԵՎ «ՀՐԱԶԴԱՆ ՑԵՄԵՆՏԻ» ՄԱՍԻՆ

Ի՞նչ էր տեղի ունեցել այս ընկերությունների հետ

«Հրազդան-ցեմենտ» գործարանի վերաբերյալ մեր թերթի նախորդ համարում լույս տեսած «Հրազդան-ցեմենտը» կգործի, իսկ Միխայիլ Բաղդասարո՞վը ...» հրապարակման կապակցությամբ «Ազգ»-ի խմբագրություն այցելեց Միխայիլ Բաղդասարովը եւ մանրամասն պարզաբանումներ ներկայացրեց այն մասին, թե ինչպե՞ս պատահեց, որ նախՙ «Արմավիան», ապաՙ «Հրազդան ցեմենտը» հայտնվեցին ֆինանսական ծանր կացության մեջ:


- Պրն. Բաղդասարով, Ձեզ պատկանող երկու խոշոր ընկերություններից «Արմավիան» սնանկացավ, իսկ «Հրազդան ցեմենտը» հայտնվեց սնանակացման եզրին: Պատճառների թվում նշվում է անարդյունավետ կառավարումը: Դուք համաձա՞յն եք դրա հետ:

- Ոչ, համաձայն չեմ: Երբ ես 1996-1997 թվականներին Լեւոն Տեր-Պետրոսյանի հրավերով եկա Հայաստան, այն ժամանակ Հայաստանում վառելիք չկար: Ինքնաթիռները թռնում էին Սոչիՙ վառելիքով լիցքավորելու եւ թռիչքն այնտեղից շարունակելու համար: Ես կազմակերպեցի այնպես, որ ինքնաթիռները անմիջականորեն Հայաստանից թռչեն: Սկսեցի վառելիք ներմուծել մինչեւ Հայաստանի սահմանը, որտեղից 18 ընկերություններ գնում էին վառելիքը եւ մանրածախ վաճառք իրականացնում: Հետո դուրս եկա այդ բիզնեսից, որից հետո բենզին սկսեցին ներկրել 3 ընկերություններ: Ձեռք բերեցինք «Հայխնայբանկը», որն ուներ պարտքեր եւ ոչ մի կերպ չէր հաջողվում այն վաճառել: Գործընկերոջս հետ ներդրումներ կատարեցինք, կառուցեցինք գլխավոր շենքը, մասնաճյուղերի թիվը հասցրեցինք 118-ի: Դրանից հետո միայն «ՎՏԲ»-ն գնեց այդ բանկը: Նույնը նաեւ «Հրազդան ցեմենտի» դեպքում: Մինչ իմ կողմից գնելը, այն ընդհանրապես չէր աշխատում, ոչ ոք էլ չէր ցանկանում գնել: Մենք գնեցինք, աշխատացրեցինք, երեք տարի շահույթ չունեինք, հետո նոր սկսեց շահույթ տալ: Այդ ձեռնարկությունը կառուցվել էր ալյումին արտադրելու համար, ինչի պատճառով ցեմենտի արտադրության համար ծախսատար էր, այն պետք էր վերակառուցել: Արտադրությունը թաց եղանակով էր, որը եւս թանկացնում էր արտադրանքի ինքնարժեքը: Այդուհանդերձ, ցեմենտի գործարանը շահութաբերությամբ էր աշխատում:

- Այդ դեպքում ինչպե՞ս հայտնվեց պարտքերի եւ տույժ տուգանքների տակ:

- Դա կապված էր «Արմավիայի» հետ: Երբ այն գնեցինք ռուսական «Սիբիրավիայից», միայն հին ՏՈՒ-154 ինքնաթիռներով էինք թռնում: Սակայն «Արմավիան» սկսեց նորմալ գործել, այնքան նորմալ, որ դա վախեցրեց Ադրբեջանին, ռուսական, գերմանական, ֆրանսիական եւ այլ ավիաընկերություններին: Շահութաբեր թռիչք ունենալու համար եթե ուրիշներին անհրաժեշտ էր 50 տոկոս ծանրաբեռվածություն ապահովել, ապա մեզՙ 70-90 տոկոս: Լավ կազմակերպվածության, հայկական սփյուռքի շնորհիվ ինքնաթիռի մեկ երրորդը լցվում էր, 10-15 տոկոսը Հայաստան եկող զբոսաշրջիկներն էին, մեր եւ անգամ օտարեկրյա պաշտոնյաներ գործուղումների էին մեկնում մեր ինքնաթիռներով եւ այլն: Օրինակՙ «Էյր Ֆրանսը» Փարիզից էր Երեւան թռիչքներ կազմակերպում, ինչը նշանակում էր, որ հայաշատ Մարսելից եւ Լիոնից մարդիկ պետք է նախ գնային Փարիզ: Մենք անմիջական թռիչքներ էինք իրականացնում հենց Լիոնից եւ Մարսելից եւ մեր թռիչքները ավելի արդյունավետ էին լինում: Ավիացիան շախմատի նման է, մենք փոքր ենք եւ արագ ենք քայլեր անում: Դեպի Մոսկվա օրական վեց թռիչք ունեինք, իսկ «Աէրոֆլոտը»ՙ երկու: Հիմա «Աէրոֆլոտը» չորս անգամ է թռնում:

Հիմնական պատճառը, որի հետեւանքով «Արմավիան» հայտնվեց պարտքերի մեջ, մեր օդանավակայանի ծառայությունների շատ բարձր վճարներն էին: Ի տարբերություն այլ ազգային փոխադրողների, որոնց համար իրենց օդանավակայանները մեծ զեղչեր էին տալիս, մեր օդանավակայանը այդպես չէր վարվում: Մինչդեռ, մենք մեր բոլոր թռիչքները իրականացնում էինք Երեւանից, իսկ մյուս ավիաընկերությունները շաբաթական մեկ-երկու անգամ էին Երեւանից թռիչք իրականացնում: Դարձյալ «Էյր Ֆրանսի» օրինակը: Նրա համար Մարսելի օդանավակայանը 90 տոկոս զեղչ էր տվել մեկ տարով, իսկ մեր օդանավակայանը մեզ ընդամենը մեկ անգամ, երկու ամսով 10 տոկոս զեղչ է տվել:

- Ձեր մտահոգությունները չէի՞ք հայտնում կառավարությանը:

- Մենք այդ մասին հայտարարում էինք, անգամ մեկ անգամ հրաժարվեցինք թռիչքներ իրականացնել, բայց ոչ ոք լուրջ չէր ընդունում: Ներկայիս կառավարությունն ավելի լավ է պատկերացնում ավիացիայի խնդիրները, քան նախորդը:

- Մեր օդանավակայանը հիմա՞ էլ զեղչեր չի անում:

- Հիմա արդեն անում է, որովհետեւ թռիչքներն են նվազել: Առանց ավիաընկերությունների օդանավակայանը չի կարող գործել: Հիմա չկա օտար ավիաընկերություններին նյարդայնացնող «Արմավիան», օդանավակայանն էլ մեծ զեղչեր է տալիս, բայց թռիչքներն ավելի քիչ են: Հիմա արդեն կառավարությունը փնտրում է ավիաընկերություններ, որ գան եւ թռիչքներ իրականացնեն:

- Ուրիշ ի՞նչն էր խանգարում ավիաընկերությանը, բացի օդանավակայանի բարձր գներից:

- Մեզ խանգարեց նաեւ Ադրբեջանը, գնելով մեր ինքնաթիռները: Մեզ վարձով տրված ինքնաթիռների համար, շուկայում թռիչքների թվի նվազման պատճառով, ցանկանում էինք հասնել նրան, որ գներն իջեցնեն եւ մենք երկու ինքնաթիռ գնեինք: Սակայն Ադրբեջանը հայտնեց, որ կվճարի ամբողջ գումարը եւ գնեց այդ ինքնաթիռները: Մենք ստիպված եղանք գնել հին ինքնաթիռներ, քանի որ այլ ելք չունեինք: Հին ինքնաթիռների շահագործման համար տուգանքներ են վճարվում: Բացի դրանից, մենք զեղչով տեղափոխում էինք թոշակառուներին, իսկ այդ տարբերությունը մեզ չէր փոխհատուցվում: Մենաշնորհի համար տարեկան մեկ միլիոն դոլար էինք տալիս: Մենաշնորհն էլ միայն այն էր, որ մեզ հետ զուգահեռ ոչ ոք չէր թռնում: Զանազան միջոցառումների մասնակիցներին, մարզիկներին, պատերազմի վետերաններին մենք էինք տեղափոխումՙ համարյա անվճար: Այդ պատճառով էլ պարտքեր կուտակվեցին:

- Ի դեպ, օդաչուների եւ ուղեկցորդուհիների աշխատավարձերի պարտքերը չմարվեցի՞ն:

- Բոլոր օդաչուների եւ ուղեկցորդուհիների աշխատավարձերի պարտքերը վճարվել են, բացի մի քանի օդաչուներից, որոնք իրենց գերավճարներ էին գրել: Ի դեպ, մեզ մոտ օդաչուները 5-15 հազար դոլար էին ստանում ամսականՙ կախված թռիչքների քանակից: Ավիաընկերությունը նաեւ վճարում էր նրանց երեխաներիՙ Բելգիայում, Թունիսում ուսուցման համար, որպեզի մեր ավիացիայում հերթափոխ ունենանք: «Արմավիան» միայն 4 մլրդ դրամի պարտք ուներ, մնացած 17 մլրդ դրամը տուգանքներ էին:

- Ինչպե՞ս «Արմավիայի» այդ կացությունը ազդեց «Հրազդան ցեմենտի» վրա:

- «Արմավիայի» պարտքերի պատճառով ՎՏԲ բանկում գրավադրվեց «Հրազդան ցեմենտը», իսկ բանկի տոկոսներն այնպիսին էին, ինչպիսի շահութաբերություն ցեմենտի գործարանը չէր կարող ունենալ: Անարդյունավետ մենեջմենտի մասին խոսք չէր կարող լինել, եթե ձեռնարկությունը շահույթով էր աշխատում: Ես ունեի երեք տնօրենՙ միմյանցից անկախՙ տեխնիկական տնօրեն, ֆինանսական եւ կոմերցիոն: Նրանք բոլորն էլ ենթարկվում էին եւ հաշվետու էին ինձ եւ միմյանցից անկախ էին: Ցանկանում էինք վաճառել գործարանը, բայց ոչ ոք չգնեց, չնայած որ շահութաբեր էր: Գործարանը միայն մի վարկ է ունեցել, այն էլ փակվել էր: Ինչպե՞ս ես կարող էի պարտքեր թողնել, ինչպե՞ս կարող էի աշխատել առանց հարկեր վճարելու:

Հարցազրույցըՙ ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ


https://www.archive.azg.am/AM/2016052704

© AZG Daily, 2008