ՈՒՂԱՐԿԵԼ ԽՄԲԱԳՐԻՆ

Եթե կա անհրաժեշտություն ստանալ պատասխան խմբագրությունից, ապա խնդրում ենք հաղորդագրության մեջ նշել նաև Ձեր էլ.հասցեն։

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ:
ՈՒՂԱՐԿԵԼ:

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #25, 2016-07-01

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ

41,7 ՄԼՆ ԴՐԱՄ ՀԵՂԵՂՈՒՄՆԵՐԻՑ ՎՆԱՍՎԱԾ ԱՐԹԻԿԻՆ

Արթիկում տեղի ունեցած հեղեղումների հետեւանքով վնասներ կրած բնակիչներին աջակցություն ցուցաբերելու համար կառավարության որոշմամբ Շիրակի մարզպետարանին կհատկացվի 41,7 մլն դրամ: Այդ գումարի 22 մլն 350 հազար դրամը կհատկացվի վնասված շենք-շինությունների բնակիչներին, եւս 2 մլն 430 հազ. դրամ կուղղվի Արթիկում հեղեղումների հետեւանքով անկած գյուղատնտեսական կենդանիների եւ մշակաբույսերի ցանքատարածություններին պատճառված վնասի դիմաց աջակցություն ցուցաբերելու համար: Հեղեղատարների մաքրման նպատակով էլ կտրամարդվի 16 մլն 965 հազար դրամ:

Ըստ հարցը ներկայացնող տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանի, քաղաքում շարունակվում են վերականգնողական ակտիվ աշխատանքները, վերացվում են հեղեղի հետեւանքները. գազամատակարարումը, ջրամատակարարումը, էլեկտրականությունը հիմնականում վերականգնվել է: Տեղերում աշխատում են շինտեխնիկա, մեքենաներ: Արդեն ավարտվում են քաղաքի երկու-երեք փողոցների մաքրման աշխատանքները:

Աջակցություն դեղագործության ոլորտի ներդրումային ծրագրին

«Ազադ Ֆարմասյութիքլզ» ՍՊԸ-ին, կառավարության երեկվա որոշմամբ կտրամադրվի գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը եւ նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնություն: Ընկերությունն իրականացնելու է դեղագործական եւ բիոտեխնոլոգիական լաբորատոր հետազոտություններ, ներկրվելու են քիմիական լաբորատոր սարքեր եւ սարքավորումներ: Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել մինչեւ 10 մլն եվրոյի (մոտ 5,5 մլրդ ՀՀ դրամ) ներդրում եւ ստեղծել մինչեւ 100 նոր աշխատատեղ` 250 հազար դրամ միջին աշխատավարձով: Ծրագրով նախատեսված արտադրանքի ծավալները կկազմեն 230 մլն դրամ, որն ամբողջությամբ արտահանվելու է Շվեյցարիա:

«Մերիդիան» ազատ տնտեսական գոտում կգործի նոր ընկերություն

«ՔԵՅ ՋԻ դայմոնդ» ՍՊԸ-ին կառավարության որոշմամբ տրվեց «Մերիդիան» ազատ տնտեսական գոտու տարածքում շահագործողի կարգավիճակով ոսկերչության եւ ադամանդագործության ոլորտում գործունեություն ծավալելու թույլտվություն: Ընկերությունը 9 տարվա ընթացքում ներդրումների ծավալը խոստանում է հասցնել 7,5 մլն դոլարի: 2016թ. ընթացքում նախատեսվում է բացել 15 նոր աշխատատեղ, իսկ մոտակա 5 տարվա ընթացքումՙ ընդհանուր մինչեւ 20 աշխատատեղ` 600-800 դոլար միջին աշխատավարձով: Արտադրանքը պլանավորվում է արտահանել ՌԴ, ԱՄՆ, Կանադա, Մեծ Բրիտանիա, Սաուդյան Արաբիաՙ ծրագրի ընթացքում արտահանման տարեկան ծավալի աճը 400 հազար դոլարից հասցնելով մինչեւ 1,4 մլն դոլարի:

Փաստաթղթերը կնքելը այլեւս պարտադիր պահանջ չէ

Կառավարության երեկվա որոշմամբ ուժը կորցրած ճանաչվեցին իրավական ակտերում տնտեսվարողների կողմից փաստաթղթերը կնքված ներկայացնելու պահանջի վերաբերյալ դեռեւս առկա դրույթները: Այսպիսով, ընկերություններն ստիպված չեն լինի վճարել կնիք պատվիրելու համար գանձվող գումարը, ինչպես նաեւ կխուսափեն ավելորդ վարչարարությունից: Բացի այդ, որոշման ընդունմամբ Համաշխարհային բանկի «Գործարարությամբ զբաղվելը» զեկույցի «Ընկերությունների գրանցում» ցուցիչի դիրքը 5-րդ տեղից կբարձրանա 3-րդ տեղ, իսկ «Հեռավորությունը լավագույն արդյունքից» ցուցանիշը կաճի 1,84 տոկոսով` 97,78-ից դառնալով 99,62 տոկոս:

Ա. Մ.


https://www.archive.azg.am/AM/2016070111

© AZG Daily, 2008