ՈՒՂԱՐԿԵԼ ԽՄԲԱԳՐԻՆ

Եթե կա անհրաժեշտություն ստանալ պատասխան խմբագրությունից, ապա խնդրում ենք հաղորդագրության մեջ նշել նաև Ձեր էլ.հասցեն։

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ:
ՈՒՂԱՐԿԵԼ:

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #40, 2016-10-28

ՀԱՅԱՍՏԱՆԸ DOING BUSINESS 2017-ՈՒՄ 38-ՐԴՆ Է 190 ԵՐԿՐՆԵՐԻ ՄԵՋ

Մեր դիրքերը բարելավվել են 5 կետով

Այս տարի Հայաստանը 38-րդ տեղում է Համաշխարհային բանկի «Գործարարություն 2017» (Doing Business) զեկույցում ընդգրկված 190 տնտեսությունների շարքումՙ 5 միավորով բարձրանալով անցյալ տարվաՙ «Գործարարություն 2016» զեկույցում զբաղեցրած 43-րդ տեղից (մեթոդաբանության փոփոխություններով պայմանավորված վերահաշվարկի եւ մեկ տնտեսությունՙ Սոմալին ավելացնելու արդյունքում): ՀԲ երեւանյան գրասենյակի հաղորդագրության համաձայն, «Գործարարություն 2017» զեկույցում Հայաստանը 1,47 կետով բարելավել է նաեւ իրՙ հեռավորություն սահմանագծից ցուցանիշըՙ անցյալ տարվա 73,63 տոկոսից հասնելով 72,16 տոկոսի:

«Հեռավորություն սահմանագծից» ցուցանիշն օգնում է գնահատել կանոնակարգման աշխատանքների բացարձակ մակարդակը եւ թե ինչպես է այն բարելավվում ժամանակի ընթացքում: Այս գնահատականը ցույց է տալիս յուրաքանչյուր տնտեսության հեռավորությունը «սահմանագծից», որը «Գործարարություն» զեկույցի ընտրանքում 2005-ից ի վեր ընդգրկված յուրաքանչյուր ինդիկատորի մասով բոլոր տնտեսությունների համար լավագույն դրսեւորումն է: Սա հնարավորություն է տալիս տեսնել որեւէ ժամանակահատվածում որեւէ տնտեսության գործունեության եւ լավագույն դրսեւորման միջեւ բացը, ինչպես նաեւ գնահատել տվյալ տնտեսության կանոնակարգման գործողություններում ժամանակի ընթացքում տեղի ունեցած բացարձակ փոփոխություննՙ ինչպես այն չափվում է «Գործարարություն» զեկույցով: Տնտեսության հեռավորությունը «սահմանագծից» արտահայտվում է 0-ից 100 սանդղակով, որտեղ 0-ն ցույց է տալիս ամենացածր գործունեությունը, իսկ 100-ըՙ սահմանագիծն է:

Հայաստանը դյուրինացրել է գործարարությամբ զբաղվելը զեկույցում ընդգրկված երկու ոլորտումՙ վարկի ստացում եւ պայմանագրերի կիրարկում: Մասնավորապես, երկիրն ուժեղացրել է վարկերի հասանելիությունըՙ ընդունելով գործարքների ապահովության մասին նոր օրենք, որով հիմվել է շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների ժամանակակից եւ կենտրոնացված գրանցամատյան եւ բարելավել է իրՙ վարկերի մասով տեղեկատվական համակարգըՙ անձնական տվյալների պաշտպանության մասին նոր օրենքի ընդունմամբ: Հայաստանը դյուրինացրել է նաեւ պայմանագրերի կիրարկումըՙ կամավոր հաշտարարությունը կանոնակարգող համապարփակ գլուխ ներդնելու եւ հաշտարարությունից օգտվելու նպատակով կողմերի համար ֆինանսական խթաններ ստեղծելու արդյունքում:

Մեր հարեւաններից Վրաստանը 16-րդն էՙ նախորդ տարվա 23-րդ տեղի դիմաց, Ադրբեջանըՙ 65-րդըՙ նախորդ տարվա 61-րդ տեղի դիմաց, Թուրքիան 69-րդըՙ նախորդ տարվա 63-րդի դիմաց:

Նախկին խորհրդային հանրապետություններից Ռուսաստանը 40-րդ տեղում է նախորդ տարվա զեկույցում զբաղեցրած 36-րդ տեղի փոխարեն, Ղազախստանըՙ 35-րդըՙ նախորդ տարվա 51-րդի փոխարեն, Ղրղզստանըՙ 75-րդըՙ նախորդ տարվա 73-րդի փոխարեն, Բելառուսըՙ 37-րդըՙ նախորդ տարվա 50-րդի փոխարեն, Մոլդովան 44-րդըՙ նախորդ տարվա 47-րդի փոխարեն, Ուկրաինանՙ 80-րդըՙ նախորդ տարվա 81-րդի փոխարեն, Ուզբեկստանըՙ 87-րդըՙ նախորդ տարվա 82-րդի փոխարեն, Տաջիկստանըՙ 128-րդըՙ նախորդ տարվա 130-րդի փոխարեն:

Ա. Մ.


https://www.archive.azg.am/AM/2016102810

© AZG Daily, 2008