ՈՒՂԱՐԿԵԼ ԽՄԲԱԳՐԻՆ

Եթե կա անհրաժեշտություն ստանալ պատասխան խմբագրությունից, ապա խնդրում ենք հաղորդագրության մեջ նշել նաև Ձեր էլ.հասցեն։

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ:
ՈՒՂԱՐԿԵԼ:

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #3, 2017-01-27

ՁԳՈՎԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆ

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հայաստանի ընտրությունների հետ կապված հետաքրքրություններ ունեն այս տարածաշրջանի բոլոր խաղացողները: Մոսկվան դա արտահայտեց` վարչապետ Կարեն Կարապետյանի հետ փաղաքշական հանդիպումների տեսքով, ինչպես նաեւ ռուսաստանաբնակ հայ մեծահարուստների` Կարապետյանին եւ Հայաստանին տնտեսապես աջակցելու ըստ էության նախընտրական խոստումով, անթաքույց ցուցադրելով, որ Հայաստանում իրենց մարդը Կարեն Կարապետյանն է (նկատի ունեցեք` մեծ խաղացողները երբեք ձվերը մեկ զամբյուղում չեն դնում, այնպես որ` ոչ հրապարակային աջակցություն ունեն միգուցե նաեւ այլ բեւեռների լիդերներ): Հայաստանում ԱՄՆ դեսպանն, ըստ տարբեր տեղեկությունների, վերջերս կարծես դուրս չի գալիս նախագահականից, հավանաբար նոր նախագահ ունենալու պատճառով դեռ լիովին չկողմնորոշված նրա երկիր-բեւեռը եւս սեփական ֆավորիտն ունի հայաստանյան ընտրաշուկայում եւ չի ուշացնելու իր աջակցությունը: Երեւանում ԵՄ ներկայացուցիչ Պյոտր Սվիտալսկին «Մեդիամաքսին» տված հարցազրույցում այնքան բացեիբաց էր խոսել Եվրոպայի` Հայաստանում եվրոպական չափանիշների ընտրություններ տեսնելու հավակնություններից, այնքան հստակ հիշեցրել տված փողի ու եվրոպական աջակցության մասին, որ սկսում ես մտածել` խեղճ Հայաստան, իր ապագայի առումով այս ընտրություններում չմոլորվելուց զատ` ո՞նց է գոհացնելու ամենատարբեր շահերով բոլոր խաղացողներին, որոնք բոլորն էլ տնտեսական-ֆինանսական թելեր ունեն իրենց ձեռքում դժվարին վիճակում հայտնված Հայաստանի գյամերը քաշելու համար: Միաժամանակ` բուն Հայաստանում ամենեւին էլ վիճակը կատակելու տեղ չի թողնում: ՀՀԿ-ի կարկառուն դեմքերից Հովիկ Աբրահամյանի հեռանալը ՀՀԿ-ից եւ այդ առթիվ նրա հայտարարության մեջ առկա ակնարկները վկայում են այն խորքային գործընթացների մասին, որոնք տեսական խոսակցությունների ֆոնին հանկարծակի գործնական տեսք ստացան:

ՀՀԿ-ին անհրաժեշտ սերնդափոխությունը, որը ժամանակին չհամարձակվեցին իրականացնել հետզհետե եւ բնականոն ճանապարհով, այժմ, ընտրություններին մերձ, կարող է շատ թանկ արժենալ այդ կուսակցությանը, քանի որ դեռ Թրամփի տարիքին չհասած մարդկանց կացնով մերժել-ուղարկելը, որքան էլ դա գաղափարի առումով հասկանալի ու նույնիսկ անհրաժեշտ լինի, կարող է առհասարակ շղթայական ռեակցիա առաջացնել:

Արդեն հեռացած Հովիկ Աբրահամյանը, որ լայն դաշինք ձեւավորող Ծառուկյանի խնամին է, կարող է հետեւորդներ ունենալ: Ու դա ամենեւին էլ քաղաքական կողմերի զանազան շահեր ներկայացնող ԶԼՄ-ների պրիմիտիվ-քարոզչական հակադրության համատեքստում չի լինի, ասել է թե` դրանք ոչ միայն Մհեր Սեդրակյանը, Առաքել Մովսիսյանը կամ Սուրիկ Խաչատրյանը կարող են լինել. Աբրահամյանը նյութական եւ մարդկային բավական ռեսուրս ունի` բացահայտ կամ թաքուն աջակցելու ե՛ւ Ծառուկյանի բեւեռին, ե՛ւ սեփական կառույց ստեղծելու, ե՛ւ ավելի հեռագնա ծրագրեր մտմտալու: Նա մի մարդ է, որ Վլադիմիր Մովսիսյանից հետո բոլորից լավ գիտե Հայաստանն ու նրա տարբեր շերտերի տրամադրությունները, տիրապետում է ընտրական սեւ տեխնոլոգիաների բոլոր մեթոդներին, գիտե` ովքե՞ր կարող են դա անել եւ ինչի դիմաց: Նա մի մարդ է (գուցե` միակը), որ գտել էր ձեւը ե՛ւ կառավարությունում, ե՛ւ Ազգային ժողովում աշխատակիցներին տոնից տոն, առիթից առիթ գոհացնելու, անգամ սեփական ռեսուրսներով, եւ դա հազիվ թե մոռացվի կամ դեր չունենա: Գումարած` որ Հայաստանի մարզերից երկու-երեքում մարդկային ռեսուրսը առավելաբար նրա եւ նրա խնամու ձեռնարկություններում է զբաղված, այս կամ այն ձեւով կապված այս ընտանիքին ու նրա վերահսկողության տակ է: Իսկ Հայաստանում ամենալավ աշխատող ինստիտուտը, խոստովանենք, դեռեւս ընտանիքն է, ընտանիքի զավակների բարեկեցության, ժառանգություն փոխանցելու գերակա խնդիրը ոչ մի քաղաքական շահ չի կարող զրոյացնել: Այնպես որ` Ծառուկյանի դաշինքին հրապարակային կամ գաղտնի աջակցությունը նրա կողմից հազիվ թե բացառվի:

Առհասարակ` Հայաստանում լավ մարդ կատեգորիան փոխել է իր չափանիշները, այդպիսին համարվում է ոչ թե կրթված ու բարձր ինտելեկտուալը, այլ իր ժողովրդին «լավ նայողը»: Այնպես որ` դեռ Հովիկ Աբրահամյանի մասին կլսենք, ու բացառված չէ, որ ընտրությունների ժամանակ տեղերում միանշանակ ՀՀԿ-ի համար առաջներում աշխատած մարդկանց մի նշանակալի մասը կսկսի աշխատել Ծառուկյանի օգտին: Այս իմաստով ընտրություններին ՀՀԿ-ն պետք է առնվազն սպասի տհաճ անակնկալների, որոնք ամենեւին էլ տեսական չեն, այլ կարող են ունենալ շատ նյութական դրդիչներ: Եթե ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն ասում է, թե որեւէ մեկն անփոխարինելի չէ, որեւէ տեղ դատարկ մնալ չի կարող, կամ հենց հաջորդ օրն Արմեն Ամիրյանը շրխկոցով մտնում է ՀՀԿ` Աբրահամյանի դուրս գալուն պատասխան որպես, դա դեռ չի նշանակում, որ Աբրահամյանի ողջ ներկուսակցական-ինտրիգային փորձառությունն ու ունակություններն ինչ-որ մեկը կկարողանա արագ փոխհատուցել:

Սրանով նաեւ ուզում ենք ասել, որ այն, ինչ հիմա թվում է միանշանակ` պայմանավորվածություններ, ապագա խորհրդարանի արդեն գծագրված քարտեզ եւ այլն, ինչ-որ պահի, կարող է վերահսկողութունից դուրս գալ եւ բոլորովին այլ ընթացք արձանագրել, դա արդեն զգացվեց այս շաբաթ. մի բան, որ դեռ դրանից օրեր առաջ հնարավոր չէրՙ տեղի ունեցավ: Հովիկ Աբրահամյանի հեռանալը ցույց է տալիս, որ անկանխատեսելիության գործոնը թափ է հավաքում:

Սա մեկ, երկրորդ` ՀՀԿ-ում եւս Հովիկ Աբրահամյանը կարող է բազմաթիվ, առայժմ թաքնված հետեւորդներ ունենալ, իսկ երբ խորովածի հոտը գա ու ՀՀԿ-ից դուրս գալու դոմինոյի էֆեկտ սկսվի, բոլոր դժգոհները, որոնց նոր իշխանությունում չեն գծագրել` հարելու են Աբրահամյանին: Այստեղ կարեւոր չէ` դա հրապարակային կլինի, թե՞ սողացող գործընթացների տեսքով, վերջին հաշվով այդպիսի գործընթացներ մենք մեկ անգամ չէ, որ տեսել ենք: Ստացվե՞ց, որ ՀՀԿ-ի սերնդափոխություն կոչված ուշացած երեւույթն այժմ դամոկլյան սուր է դառնում հենց ՀՀԿ-ի գլխին:

Իսկ այս ամենը հավասարակշռող այլընտրանք, զսպիչ` ինչ ուզում եք հասկացեք, Հայաստանում փաստորեն չկա: Հայտարարված են դաշինքներ, որոնց մեջ եղած մարդիկ անցել են նույն` Հովիկ Աբրահամյանի ճանապարհով, ոչինչ օրիգինալ, ու նրանց ասած իշխանափոխությանը ոչ ոք չի հավատում, կամ հավատում են այնքանով, որքանով նրանք ուզում են իրենց տեղն ունենալ իշխանության Պառնասում: Որքան էլ Վարդան Օսկանյանը ժողովրդավարության նշան համարի անցումն իշխանությունից ընդդիմություն, դա մեր երկրի համար չէ, որտեղ խմբային օլիգարխիայի կառավարումը աշխարհի բոլոր հայտնի կանոններից շեղում է:

Մի երկրում, որտեղ արմատական ընդդիմություն համարվող միավորի գրասենյակները ֆինանսավորում է իշխանությունը, որտեղ իշխանության «դաբրոյով» ընդդիմություն նշանակված մարդիկ են ձեւավորում դաշինքները կամ բեւեռները, վտանգի պահին այլընտրանքի բացակայությունն իսկապես ազգային անվտանգության խնդիր կարող է դառնալ ու արկածախնդրության դուռ բացել:

Իրական այլընտրանքը պիտի որ հայտարարեր օլիգարխիկ պետության հետ իր անհամաձայնության, այսօրվա բարքերով կառավարումը տրամագծորեն փոխելու մասին` լսե՞լ եք այդպիսի հայտարարություն, եղածները մենակ ասում են` այս իշխանավորները վատն են, մենք գանք ու դառնանք իշխանավորներ, հերիք է` ինչքան սրանք կերան, սրանք թող գնան: Ու լրատվամիջոցներն էլ նույն սկզբունքով` ընկած գզվռտոցն են լուսաբանում, ոչ ոք չի խոսում այն մասին, որ Հայաստանում, իրոք, ամենաարատավոր, երկրի զարգացման համար անհեռանկար, իսկ մի քանի անհատի հարստացման տեսակետից ամենահարմար կառուցվածքներն են գործում, որոնց էլ հենց սպասարկում է մեր լրատվամիջոցների մեծ մասը: Այդ դեպքում ի՞նչ է նշանակում իշխանափոխություն, ինչ լոլո են հրամցնում մեզ` անհասկանալի է: Նույն բովանդակության կառավարման կամ իշխանության դեմքը միգուցե ավելի ներկայանալի ու գեղագիտական է դարձնե՞լու, հա՞, դույզն ինչ բովանդակությունը չփոխելով: Նույնիսկ ներկա վարչապետ Կարեն Կարապետյանն է ավելին ասում ընդդիմությունից` խոսելով նոր մեթոդներից, պրոֆեսոնալ կառավարումից եւ, այնուամենայնիվ, մենաշնորհի դեմ պայքարից:

Իսկ ժողովրդի համար ի՞նչ տարբերություն` սիրուն, թե՞ տգեղ, չաղ, թե՞ նիհար մարդկանց իշխանությունն է նույն կերպ իրեն աղքատության մատնում:

Ու մեր ասածի համատեքստում է այն, որ Ծառուկյանի դաշինքն այսօր թափ է հավաքում, նա նույնպես նույն կառուցվածքներով կառավարելու հայտ է ներկայացնում` մարդկանց թողնելով միայն արդարության խոստումին հավատալ-չհավատալու հույսին: Մանավանդ` նրան միանալու հույս ունեն նաեւ Օսկանյան-ՕՀանյան դաշինքի ներկայացուցիչները` մինչեւ ընտրությունները դաշինքում, թե՞ խորհրդարանում` կոալիցիայով, կարեւոր չէ:

Մեր ասածի ապացույցն է նաեւ այն, որ օրերս Սեյրան Օհանյանին քննադատեց Օհանյան-Օսկանյան առանցքի գործուն անդամ, «Համախմբումից» Կարեն Անդրեասյանը, անգամ այդ դաշինքների ներսում են հասկանում ավազե համաձայնությունների հիմքի խախուտությունը` իշխանությանը նախկինում սպասարկած անձանց դեմքով, որոնց առումով միակ միտքը , որ գալիս է, այն է, որ նրանք հիմա էլ սպասարկում են իշխանությունը նոր ձեւով իրար մեջ բաժանող հայտնի երկու անձանց: Բայց այսօր չենք խորանա դաշինքների ու առանցքների ուղղությամբ, մանավանդ` երկու-երեք օր դեռ կա ընդհանրական հստակության առումով, ՀՀկ-ն դեռ նախնական ուղիներ է գծել երեկվա իր խորհրդի նիստում, նրա ցուցակի ուրվագիծն էլ չունենք` իմանալու համար, թե նեղացածներն ուր են գնալու:

Բայց կարող ենք արդեն առկա խաղացողների հավակնությունների հիման վրա մի թեթեւ նախնական հաշվարկ անել, որն ի ցույց կդնի հսկա ախորժակների ու առկա փոքր կերակուրի ողջ հակասությունը:

Ուրեմն` ապագա խորհրդարանում ունենք նվազագույնը 101 տեղ, որը հենց Ընտրական օրենսգրքում դրված բանաձեւերի արդյունքում մի փոքր կարող է ավելանալ, սակայն մենք կելնենք սահմանված թվից եւ ըստ դրա ամրագրված թվային շեմերից: Մեծամասնությունը պետք ունենա 56 կամ մի փոքր ավելի մանդատ, դա է որակյալ մեծամասնության թիվը. իսկ եթե նկատի ունենանք այն, որ Հայոց խորհրդարանում միշտ էլ դժվար է եղել բոլոր պատգամավորներին միաժամանակյա ներկայությունը` մեծամասնությանն այս թվից ավելի պատգամավորական կորպուս է պետք ( անկախ նրանից, թե ով է այդ մեծամասնությունը): Այս առումով հետաքրքրական է, որ ՀՀԿ-ն, ըստ մեր ունեցած տեղեկությունների, հավակնում է 60-ից մի փոքր ավելի տեղերի: Եթե դրա մեջ է դիտվում ՀՅԴ-ն, բնականաբար` դա ՀՅԴ-ին չի կարող բավարարել, քանի որ 56 տեղ ՀՀԿ-ն կվերապահի իրեն:

Գանք դաշտում առկա մյուս միավորին, որը, կարծում ենք, այս պահին ՀՀԿ-ի ամենաահարկու մրցակիցն է, դե` գոնե ֆորմալ առումով: Ծառուկյանի կողմնակիցների հետ զրույցները վկայում են, որ այս ուժը եւս ամեն ինչ անելու է ՀՀԿ-ի ներկա հավակնությունները կրկնելու, սակայն եթե դա չստացվի` 40 տոկոսից պակաս քվե չի պատկերացնում իր համար: Այս երկուսի հավակնություններն արդեն թակեցին 101-ի դուռը, ուրիշ բան, որ երկուսն էլ իրենց հավակնությունները պետք է զսպեն, քանի որ կան առնվազն մի քանի դաշինքներ եւ կուսակցություններ, որոնք պայքարում են խորհրդարան անցնելու համար: Եթե միայն գումարենք դաշինքների ու կուսակցությունների համար սահմանված արգելապատնեշի հաղթահարման թվերը, կստացվի, որ ինչ թվով խորհրդարան էլ ունենանք` ներկա սարսափելի ուռճացած, այսպես կոչված քաղաքական դաշտի ախորժակը չենք կարող հագեցնել: Հաշվեք` «Ելքը» դաշինք է` 7 տոկոս է պետք ( դա յոթ մանդատից մի փոքր ավելի է), Օհանյան-Օսկանյան դաշինքը` 7 տոկոս, «Հայկական վերածնունդը»` 7 տոկոս, ՀԱԿ-ն առանձին` 5 տոկոս, գումարն արդեն մոտենում է 30 տոկոսին, է, հո նոր խորհրդարանը ձգովի չի՞ լինելու: Թե սրանցից որ մեկին է հատկապես ոտք պահելու միգուցե հենց այդ նպատակի համար ի հայտ եկած Ծառուկյան դաշինքը (շատերի կարծիքով` Օհանյան-Օսկանյան դաշինքին, չնայած` Ծառուկյանի հետ համագործակցելու ՕՕ-ական հավակնություններին), չգիտենք, բայց որ հատկապես նա է խառնելու ՀՀԿ-ի եւ մյուսների խաղաթղթերը, սա` հաստատ: Ու ստացվում է, որ հավակնությունները պետք է զսպի այսօրվա իշխող մեծամասնությունը, մանավանդ` ընտրած քաղաքացիների ցուցակների հրապարակման, 1500 տեսախցիկ տեղադրելու եւ ընտրությունների վերահսկման մի շարք նոր մեխանիզմները եւ տեղերում տեխնոլոգիաներին տիրապետող Հովիկ Աբրահամյանի բացակայությունը դժվարացնելու են ավանդական մեթոդների կիրառումը: Բացի այդ` փողի սովոր շերտը այս անգամ մի քանի աղբյուրից կարող է սնվել` փող շատ է լինելու, ու դա էլի խառնելու է բոլորի պլանները:

Եթե անգամ նախապես այնպես է գծված, որ ՀՀԿ-ն ու Ծառուկյանի դաշինքը խորհրդարանում պետք է հավասարակշռեն իրար`մեկ կենտրոնի ձեռքերին ավելի ազատ գործելու հնարավորություն տալով, կամ, հակառակը, երկրորդ տարբերակով` երկու հայտնի անձերն են, ի դեմս Ծառուկյանի ու ՀՀԿ դաշինքի, կիսելու իշխանությունը նախ խորհրդարանում, ապա նաեւ տնտեսական լծակների առումով, ապա անգամ այդ դեպքում իրենց տակ ականներ չունենալու համար պետք է բաժին հանեն նաեւ բոլոր մյուս հավակնողներին, ինչը սահմանափակ թվով խորհրդարանի պարագայում պարզապես դառնում է անհնար: Ուրեմն եւ կմնա անկանխատեսելիության գործոնը, ընդ որում` միմյանց հավասարապես կարող են «գցել» բոլորը` անկախ բոլոր տեսակի պայմանավորվածություններից, իսկ խորհրդարանը բոլորովին նոր պատկեր կարող է ունենալ` համապատասխան հետեւանքներով:

Հետեւենք ամեն օր նորություն բերող իրավիճակին:


https://www.archive.azg.am/AM/2017012703

© AZG Daily, 2008