ՈՒՂԱՐԿԵԼ ԽՄԲԱԳՐԻՆԵթե կա անհրաժեշտություն ստանալ պատասխան խմբագրությունից, ապա խնդրում ենք հաղորդագրության մեջ նշել նաև Ձեր էլ.հասցեն։ |
«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #24, 2017-06-23ՇԵՅԽ ԲՐՈ ՀԱՍԱՆՅԱՆ. «ՈՉ ՄԻԱՅՆ ՀԱՅԵՐԻ, ԱՅԼԵՎ ՄՆԱՑԱԾ ԱԶԳԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ ԵԶԴԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԻ ԱՄՈՒՍՆԱՆԱԼՈՒ»«Այս տարվա հունիսի 16-ի Ռուբեն Հայրապետյանիՙ «Ազգ» շաբաթաթերթում լույս տեսած հոդվածը ոտնձգություն է հայերի ու եզդիների եղբայրության եւ քույրության նկատմամբ»,- «Հայ ձայնի» հետ զրույցի ընթացքում ասաց Հայաստանում եզդիների հոգեւոր առաջնորդ շեյխ Բրո Հասանյանը ՙ անդրադառնալով վերոնշյալ հոդվածում արծարծված այն մտքին, թե հայերի ու եզդիների միջեւ խառն ամուսնությունները սովորական են դարձել: Հասանյանը նշեց, որ հայերն ու եզդիները քույրեր ու եղբայրներ են, եւ այդ եղբայրությունը 15-րդ դարումՙ 1828թ.ին, Իրաքի հյուսիսային հատվածում կնքել են եզդիների հոգեւոր առաջնորդ շեյխ Միրզան եւ մի հայ քահանա Պողոս անունով: Դա տեղի է ունեցել այն ժամանակ, երբ եզդի ու հայ փախստականները հետապնդվում էին քուրդ Համիդ փաշայի կողմից. սա արձանագրված է Լեոյի աշխատության մեջ եւս: Ըստ Հասանյանիՙ հոգեւոր երկու առաջնորդները եղբայրության դաշինք են կնքել, որը ցայսօր շարունակվում է, ու մինչ այսօր հայ եւ եզդի ժողովուրդների միջեւ արյունակցական կապ չի եղել: «Մենք քույրեր ու եղբայրներ ենք: Եղել են պատահականություններ, սակայն դրանք չեն վերագրվել ազգերի բարեկամությանը: Մենք խնդրում ենք հերքել այդ հոդվածն ու եզդի ազգից ներողություն խնդրել: Մեզ վիրավորում է հոդվածագրի այն միտքը, որ մասսայական արյունակցական կապ կաՙ ամուսնություն հայերի ու եզդիների միջեւ: Դա մեր երկու ազգերի մեջ վրդովմունք է առաջացնում: Մարդիկ նման բաներ կարդալով մտածում են, թե մենք մեր հոգեւոր արժեքները չենք հարգում: Ոչ թե եզդիները չեն հարգում կամ սիրում հայերին, այլ պարզապես մեր եղբայրական շահերից ելնելով, մեր բարեկամությունը պահելով մեզ չի թույլատրվում ամուսնանալ հայերի հետ: Ոչ միայն հայերի, այլեւ մնացած ազգերի ներկայացուցիչների հետ եզդին իրավունք չունի ամուսնանալու. եզդի ծնվում են, եզդի չեն դառնում»,- ասաց հոգեւոր առաջնորդըՙ հավելելով, որ խառն ամուսնություններ կատարած եզդին վտարվում է համայնքից, եւ եզդիների համար վիրավորանք է իրենցՙ այլազգիների հետ ամուսնություններ վերագրելը: https://www.archive.azg.am/AM/2017062315 © AZG Daily, 2008 |