ՈՒՂԱՐԿԵԼ ԽՄԲԱԳՐԻՆ

Եթե կա անհրաժեշտություն ստանալ պատասխան խմբագրությունից, ապա խնդրում ենք հաղորդագրության մեջ նշել նաև Ձեր էլ.հասցեն։

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ:
ՈՒՂԱՐԿԵԼ:

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #27, 2017-07-14

ԱՅՍ ԻՆՉ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ

Մի օր կրակոց կամ դանակահարություն, մի օր վրաերթ...

ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ, Գյումրի

Գյումրի քաղաքը վերջին տասնհինգ-քսան օրերին հայտնվել է ասես մի տխուր փակ շրջանի մեջ, պարբերաբար ցնցվում է որեւէ դժբախտ դեպքի լուրից: Դրանք այս անգամ սկսվեցին հունիսի 25-ի ուշ երեկոյան քաղաքի կենտրոնում, Սայաթ-Նովայի փողոցի «Պոնչիկ-Մոնչիկ» սրճարանի դիմաց հնչած կրակոցներով: Մի երիտասարդ հրազենային ծանր վնասվածքով տեղափոխվեց հիվանդանոց, ոստիկանները հաջորդ օրը փակել էին փողոցը եւ նույնիսկ քաղաքային տրանսպորտին ստիպել փոխել երթուղին:

Դրանից մի քանի օր անցՙ հուլիսի 9-ի երեկոյան, Շչերբինայի (Ռեպինի) փողոցի «Ամեն ինչ տան համար» շինանյութերի խանութի մոտ, կողմերից մեկի բարձրաձայն հայհոյանքներին դիտողության պատճառով ծագած վեճն ավարտվել էր 35-ամյա երիտասարդի դանակահարությամբ, վերջինիս հետ եղած տասնամյա երեխայի ներկայությամբ...

Հենց դրա հաջորդ օրըՙ ամսի 9-ին, քաղաքի կենտրոնական հրապարակում տեղի ունեցած դեպքի «հերոսը»... ոստիկան էր: Այստեղ երեկոյան ժամերին Գյումրվա մի ֆայտոն է կանգնում, ծառայություն մատուցում հրապարակում զբոսնող մարդկանց: Տերըՙ դարբին Սամվելը, բոլորին հայտնի եւ նույնիսկ տարբեր կինոնկարների դրվագներում իր ավանդական փոխադրամիջոցով նկարահանված կառապան Գրիշի թոռն է, որը պապից տարիներ հետո վերականգնել է նրա ֆայտոնն ու գործը: Ըստ շրջանառվող տեղեկություններիՙ ոստիկանը ակնհայտորեն ոչ սթափ վիճակում մոտեցել, ցանկացել է կառքը նստել եւ իրեն լավ չի պահել: Ծագել է վեճ, օրենքի այս «պահապանն» իր ֆիզիկական ուժը ցույց է տվել արդեն տարիք ունեցող անշառ մարդու, ապա նաեւ վերջինիս իր ձեռքից փրկել փորձող անցորդ քաղաքացու վրա: Հավանաբար նա այդ գործում վարժված է, որովհետեւ ասում ենՙ անցյալ տարի «աչքի է ընկել» նաեւ խաղաղ ցուցարարների նկատմամբ առանձնապես կոպիտ վերաբերմունքով: Եվ որ կառապանի հետ դեպքը միայն դրանով ու միայն այս ոստիկանով չի ավարտվել: Ինչեւէ:

Ցավոք, հաճախ են նաեւ դժբախտ ելքով ավտովթարները: Հիմա ով ասես ու ինչպես ասես մեքենայի ղեկին է նստում եւ երբեմն շատ հեշտությամբ մարդկային կյանքերի հետ խաղում: Վերջին օրերի ամենացավալին, թերեւս, ամսի 11-ի երեկոյան Վազգեն Սարգսյան փողոցում «Օպել» մեքենայով կատարված վրաերթն է, որին զոհ դարձած երիտասարդ ամուսիններից երեսնամյա տղամարդը մահացել էր տեղում, իսկ քսաներեքամյա կինըՙ հետո, հիվանդանոցում: Նրանք երկու ամսվա ամուսնացած են եղել ու արդեն սպասելիս են եղել իրենց առաջնեկին...

Բոլոր պարագաներում չենք ուզում այս մի քանի դեպքերով ընդհանրացումներ կատարել, ոչ էլ կողմ ենք այնքան ցավ տեսած Գյումրին իբրեւ կրիմինալ քաղաք ներկայացնելու եղած առանձին փորձերին: Բայց ակնհայտ է, որ սրանք արդյունք են նաեւ մեր հասարակության մեջ արդեն արմատներ գցած հոգեբանական, բարոյական եւ այլ խոտորումների: Ինչո՞ւ դարձանք իրար այսքան չհարգող ու չխնայող, երբ թշնամին կանգնած է մեր դռանը...

Նաեւՙ ո՞վ է մեղավոր եւ ո՞վ է պատասխանատու նման երեւույթների ու դրանց ըստ հնարավորին կանխումն ապահովելու համար:


https://www.archive.azg.am/AM/2017071410

© AZG Daily, 2008