ՈՒՂԱՐԿԵԼ ԽՄԲԱԳՐԻՆ

Եթե կա անհրաժեշտություն ստանալ պատասխան խմբագրությունից, ապա խնդրում ենք հաղորդագրության մեջ նշել նաև Ձեր էլ.հասցեն։

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ:
ՈՒՂԱՐԿԵԼ:

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #36, 2018-09-28

ՆԿԱՐԻՉԸ

ԼԵՎՈՆ ԿՈՋՈՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

201803604.jpg

(Ուսանողական ծոցատետր կրող նկարիչը)

Սեպտեմբերի 24-ին լրացավ է նկարչի 94-ամյակը

Դավիթ ՍՏԵՓԱՆՅԱՆ

Գարնանային մի երեկո, Հալաբյան փողոցի կանգառներից մեկում 90-ամյա ծերունին երիտասարդ զույգի ճեպանկար էր անում: Տարված լինելով աշխատանքովՙ նա ուշադրություն չէր դարձնում երթուղայինների այն համարներին, որոնց ինքն էր սպասում եւ չէր էլ նկատում, թե ինչպես է առաջ եկել դեպի փողոցի այն մասը, որտեղ երթուղայիններն են կայանում...

Տարիքից կորացած, բայց մանկան նման ոգեւորված այդ ծերունին Լեւոն Կոջոյանն էր:

20-րդ դարի գեղանկարչության բազմաթիվ ուղղությունների եւ տարատեսակ իզմ-երի մեջ հաճախ կարելի է հանդիպել մանկական ձեռագիր հիշեցնող կատարումների, որոնք տարածված են նաեւ այսօր:

Ավանգարդի շատ ներկայացուցիչներ, ինչպես օրինակՙ Պիկասսոն, Կանդինսկին եւ Միրոն հատուկ ուշադրություն էին դարձնում երեխայի, սկսնակի ու դեռ չմշակութայնացված նախնադարյան մարդու արվեստին: Պրիմիտիվիզմը, որին հետեւում էին նաեւ մի շարք հայտնի նկարչական խմբավորումներ, կարեւոր դեր էր խաղում Մալեւիչի, Լարիոնովի, Գոնչարովայի ստեղծագործություններում: Մեծ հետարքրքրություն էին ցուցաբերում Շագալը ինքնուսների եւ անանուն հեղինակների աշխատանքների հանդեպ:

Ժամանակակիցները եւս շարունակում են յուրովի մեկնաբանել սոցիալ-մշակութային կապանքներով ու կանոններով չկաշկանդված այդ լեզուն:

Սակայն քիչ չեն նաեւ օրինակները, երբ այս ամենն արտահայտվում է ֆորմալիստական մղումներին տուրք տալու հետեւանքով եւ չի ծառայում անհատականության բացահայտմանը, այլ զուտ ոճավորման բնույթ է կրում: Երբ պրոֆեսիոնալները փորձում են թոթափել քաղաքակրթության ծանրությունից գերբեռնված իրենց գիտակցությունըՙ քողարկվելով երեխայի չպղտորված մտածողությանը բնորոշ անմիջականության շղարշով, հաճախ ընկնում են ձեւականությունների հետեւից եւ ընդօրինակում են արտաքին, տեխնիկական հնարքները, ինչը, նույնիսկ արհեստավարժ կերպով մատուցելու դեպքում, չի ունենում այն համոզիչ անկեղծությունը, որը հատուկ է բնօրինակին: Դա նման է լինում երեխայական շարժումներ եւ արտահայտություններ անող մեծահասակի, որի պահվածքը լրիվ անջատ է իր էությունից: Այնինչ շատ դեպքերում մշակութային պաշար, գաղափարներ ու համապատասխան հասուն ձեռագիր ներկայացնող նկարիչն օժտված է լինում հենց այն ներքին, կենսախինդ լույսով, որի փնտրտուքների հետեւից են ընկնում շատերը:

Այդպիսի նկարիչ էր Լեւոն Կոջոյանը:

Նրա ստեղծագործական դիմագիծը ձեւավորվեց ու ընթացավ զարգացման բնական ճանապարհով, ինչպես որ անցնում է մարդու կյանքը:

Տեխնիկապես առույգ արված ուսանողական կատարումները, հասուն տարիներիՙ ինքնատիպությամբ ու վարպետությամբ հագեցած ստեղծագործությունները եւ վերջին ժամանակների չափազանց յուրահատուկ ու միամիտ գործերը կարծես կրկնում են երիտասարդի, կայացած մեծահասակի եւ բնության օրենքով նորից մանկացող, ֆիզիկապես նահանջող, բայց իմաստուն ծերունու կյանքի փուլերը:

Նկարչի կտավները բնորոշող մի գիծ կա, որը կարմիր թելով անցնում է այդ բոլոր ժամանակաշրջանների միջովՙ գեղեցկությամբ ու բարությամբ աշխարհն ընկալելու առանձնահատկությունը:

«Իմ նշանաբանը կյանքի, գեղեցիկի գովերգումն է», ասում էր վարպետը:

Լեւոն Կոջոյանի հայրը ձիերի հայտնի սիրահար էր եւ ամեն կիրակի ձիարշավարան էր տանում որդուն, ինչը մեծ ազդեցություն է ունենում փոքրուց արդեն նկարող երեխայի վրա: Բնությանը կապված մարդու առօրյան, նրան շրջապատող կենդանական աշխարհըՙ հատկապես թռչուններն ու ձիերը, դառնում են նկարչի ամենասիրած թեմաներն ու հաճախ են ներկայանում թե՛ համայնապատկերների, թե՛ փոքր դրվագների տեսարաններում: Անգամ ամենապարզ ու հասարակ երեւույթների մեջ կարողանում էր գեղեցիկ, հետարքրքրական կողմեր տեսնել:

Այդպես օրինակ, «Խաղադաշտ» նկարում Ալավերդու գործարանի հսկայական ծխնելույզներից դուրս եկող ծուխը սարերին իջած հեքիաթային ամպերի է նման: Դրա ֆոնին անհոգ ֆուտբոլ խաղացող պատանիները շատ փոքր մասշտաբով են երեւում ընհանուր համայնապատկերում, բայց տրամադրության մեծ «մասշտաբ» են հաղորդում ամբողջ հորինվածքին: Մեկ այլ նկարում Արարատը, ծաղկած ծիրանի ծառը, ծառին նստած մարդն ու դաշտում արածող գառները նորից «մեծ» ու «փոքրի» ներդաշնակ հարաբերության եւ համերաշխ երկխոսության զգացումն են արտահայտում:

Հայրենական մեծ պատերազմի բովով անցած նկարիչը երբեք չէր անդրադառնում իրականությանը վատ ու ճնշող տեսանկյունից: Նրա վրձնին պատկանող Կոմիտասը եղեռնի հետ նույնացող այն դառնացած, ողբ աղաղակող կերպարը չէ, ինչպես որ հաճախ են պատկերում: Իր բոլոր գործերում առկա է քնարականությունն ու կենսական մեծ լավատեսությունը:

«Մենք ապրում էինք կանաչ սարի ստորոտի մոտ, եւ բնությունը շատ մոտ էր մեզ: Մենք հաճախ գնում էինք մարզվելու, վազում, ուրախանում, այդ ժամանակվանից էլ ինձ վրա գեղեցիկի, բնության դրոշմը մնացել է» , այսպես էր բացատրում նկարիչն իր գործերի լուսավոր լինելու առանձնահատկությունը:

Ժամանակին ծանրամարտի չեմպիոն Լեւոն Կոջոյանը վերջին տարիներին անճանաչելիորեն փոխվել էր արտաքնապես. կռացած էր ման գալիս եւ փոքրացել էր շատ: Բայց նույնիսկ այդ վիճակում անմար եռանդով հսկա կտավի վրա ավելացնում էր երիտասարդության պայծառ կանաչ գույնը:

2007-2014 թթ. Հայաստանի Նկարիչների միությունում կազմակերպվող ցուցահանդեսներին միշտ կարելի էր տեսնել նրա նոր աշխատանքները: Վերջին տարիների ստեղծագործություններում ավելի էր սրվել պատկերավոր ասելիքի արտահայտչալեզուն: Շեշտելով իրեն հուզող, կարեւոր նշանակություն ունեցող դրվագներըՙ նկարիչն անմիջական ու տպավորիչ ակնթարթներ որսալով, փոխանցում էր դրանք թղթին կամ կտավին: Զարմացած հայացքով մանկան դեմքը, ընկերուհուն սպասող աղավնին, սիրահար ձիերի զույգը եւ բազմաթիվ այլ խոսուն կերպարներՙ արված ծերունուն վայել որոշակի անփութությամբ եւ երեխային բնորոշ հետարքրությամբ, նայում են այդ կտավների միջից:

Հավանաբար նաեւ տեսողության հետ կապված որոշակի խնդիրների պատճառով առավել վառ ու ցայտուն էին դարձել գույները: Ագրեսիվ շարժումներից զերծ, բայց միշտ ճկուն եւ աշխույժ գծային պլաստիկայի մեջ թեթեւակի չորություն ու պարզունակություն էր մտել: Նախկինում տիրապետած դասական տեխնիկան մի փոքր սպառվել էրՙ վերափոխվելով ու ավելի մոտենալով մանկական ձեռագրի:

Պրիմիտիվիզմի ինչ-որ չափի առկայությունը Լեւոն Կոջոյանի այս շրջանի գործերում ազնիվ ու բնական ճանապարհ էր անցել:

Աշակերտելով իր ազգական մեծ նկարչիՙ Հակոբ Կոջոյանի մոտ, ստանալով ակադեմիական կրթությունՙ Լեւոն Կոջոյանը երկար տարիներ դասավանդել է Աբովյանի անվան մանկավարժական համալսարանումՙ գիտելիք, հմտություն եւ ոգեւորություն փոխանցելով ուսանողների բազմաթիվ սերունդների: Սիրով ու ջերմությամբ են արտահայտվում նրա մասին բոլոր իր սաներն ու ընկերները:

Նրա կերպարը միշտ կհիշվի որպես իսկական նկարչի օրինակ, իսկ հորդորներն ու բարի խրատները կմնան մշտական ուղեկիցներ մեր կյանքում:

«Մենք ամեն օր սովորում ենքՙ մինչեւ մեր կյանքի վերջին օրը» : Այսպես էր ասում եւ գործում 91 տարեկան հասակում ճեպանկարի համար ուսանողական ծոցատետր կրող նկարիչը:


https://www.archive.azg.am/AM/2018092804

© AZG Daily, 2008