ՈՒՂԱՐԿԵԼ ԽՄԲԱԳՐԻՆ

Եթե կա անհրաժեշտություն ստանալ պատասխան խմբագրությունից, ապա խնդրում ենք հաղորդագրության մեջ նշել նաև Ձեր էլ.հասցեն։

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ:
ՈՒՂԱՐԿԵԼ:

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #31, 2019-08-23

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԼԵՔՍԱՆԴՐ ԹՈՓՉՅԱՆԻ «ԲԱՆԿ ՕՏՏՈՄԱՆԸ» ՍԵՐԲԵՐԵՆ

Ընթերցողները հազիվ էին մարսել այս վեպի պարսկերեն թարգմանության լուրը, երբ, ահա, գրեթե երկու ամիս անց իմանում ենք մի նոր թարգմանության մասին , այս անգամ Սերբիայում: Ինչպես նախորդ թարգմանությունը, սա եւս կարելի է հաճելի անակնկալների շարքում դասել:

Ալ. Թոփչյանի կարծիքով, սա, անշուշտ, հաճելի է, բայց դժվար է ասել, թե երկուսն էլ կատարյալ անակնկալներ են: Մանավանդ Սերբիայի պարագայում: Իրանցիները հիմա հետաքրքրված են մեր մշակույթով, եւ վերջին տարիները հայ հեղինակների մի քանի գրքեր լույս տեսան պարսկերեն եւ լավ ընդունվեցին: Ինչ վերաբերում է «Բանկ Օտոմանի» թարգմանությանը, ապա ընդունելությունն իսկապես հրաշալի էր: Գիրքը, որպես բեստսելեր, ներկայացվեց Թեհրանի գրքի տոնավաճառում եւ տեղում էլ փառահեղ շնորհանդես արվեց` Իրանի Իսլամական Հանրապետությունում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանի ներկայությամբ: Իսկ Սերբիայի պարագան փոքր-ինչ տարբեր է: Վեպն` իր բովանդակությամբ, լիովին համահունչ է այդ երկրի եւ ժողովրդի պատմա-մշակութային համատեքստին: Սերբերը, ինչպես բալկանյան բոլոր ժողովուրդները, «բախտ» են ունեցել դարեր շարունակ տառապելու օսմանյան լծի տակ: Այսինքն, նրանց համար այս վեպը պիտի որ լիովին հասկանալի լինի, եւ «թարգմանել» բառը տվյալ դեպքում զուտ լեզվական իմաստ ունի: Եվ, վերջապես, գուցե ավելորդ չէ ընթերցողներին հայտնել, որ Սողոմոն Թեհլիրյանը մինչեւ Սան-Ֆրանցիսկո մեկնելը, երկար տարիներ ապրել է Բելգրադում:

Նրանք մի ամբողջ գրականություն ունեն` նվիրված այդ ողբերգական շրջանին: Բավական է հիշել Նոբելյան մրցանակակիր, հանճարեղ գրող Իվո Անդրիչի «Դրինայի կամուրջը» եւ «Տրավնիկյան տարեգրություն» փառահեղ վեպերը: Գործեր, որոնք առ այսօր, զարմանալիորեն, թարգմանված չեն հայերեն: Պետք է հիշեցնել նաեւ պատմական մեկ այլ ուշագրավ փաստ, որը վկայում է, որ Ալ. Թոփչյանի վեպը ոչ միայն հասկանալի, այլեւ պիտի հոգեհարազատ լինի բալկանյան ժողովուրդներին: 1903թ., հունական Սալոնիկ քաղաքում, մակեդոնացի հեղափոխականները գրավեցին «Բանկ Օտոմանի» բաժանմունքը եւ, ի տարբերություն հայ հեղափոխականների, պայթեցրին: Ասել է, թե մեր դառը դասն օգտակար եղավ նրանց համար:

Իսկ ո՞վ է թարգմանիչը եւ ո՞ր հրատարակչությունն է ստանձնել վեպի տպագրությունը: Գիրքը լույս է ընծայել Սերբիայի առաջատար հրատարակչություններից մեկը` «Ֆիլիպ Վիշնյիչը»: Վեպը սերբերեն է «հնչեցրել» փորձառու թարգմանիչ Միլիվոյե Բաչովիչը :

Վեպը թարգմանվել է երկրորդ լեզվից` ռուսերենից: Սակայն Ալ. Թոփչյանը պնդում է, որ այս դեպքում ռուսերենը երկրորդ լեզու չէ: «Նախ, ես երկլեզվյան հեղինակ եմ,- ասում է նա:- Բազմաթիվ հոդվածներ ունեմ գրված ուղղակի ռուսերեն` ռուսական մամուլի համար: Վեպը ռուսերեն թարգմանեց Անահիտ Թոփչյանը` իմ մշտական, ստեղծագործական ներկայությամբ, եւ այնքան անթերի, որ մոսկովյան հրատարակչությունում որեւէ դիտողություն չեղավ: Մի խոսքով, ռուսերեն տարբերակը ավելի կատարյալ է եւ որոշ առումով առավելություններ ունի հայերեն բնագրի հանդեպ»:

Այսպիսով, սա եղավ հինգերորդ թարգմանությունը` ռումիներենից, ֆրանսերենից, ռուսերենից եւ պարսկերենից հետո: «Իսկ վեցերորդ թարգմանությանը երկա՞ր պիտի սպասենք»,- հարցրեցինք հեղինակին: «Շատ չէ,- ասաց նա:- Հավանաբար մինչեւ Նոր տարի, եվրոպական երկրներից մեկում»:

Ըստ երեւույթին, կարող ենք ասել, որ «Բանկ Օտտոմանը» անկախությունից հետո լույս տեսած հայկական գեղարվեստական երկերից ամենաթարգմանվածն է:

Զրույցի վերջում, Ալ. Թոփչյանն ավելացրեց, որ վեպի պարսկերեն եւ սերբերեն թարգմանությունները համարում է լավագույն նվերներն իր մոտալուտ, հոբելյանական տարեդարձին: Գրողը 80 տարեկան կդառնա ընթացիկ տարվա սեպտեմբերի 7-ին:

Մեր կողմից ավելացնենք, որ, վստահորեն, մեզ` ընթերցողներիս մատուցված, ութսուներորդ տարեդարձի նվեր կարող ենք համարել վերջերս լույս տեսած Ալ. Թոփչյանի «Չարիքի զավակները» պատմվածքների եւ վիպակների ծավալուն ժողովածուն:


https://www.archive.azg.am/AM/2019082302

© AZG Daily, 2008