«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #2, 2013-01-23 Միջազգային ԶԱՐԱՔՈԼՈՒ. «ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՐՑՈՒՄ ԹՈՒՐՔ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՈՐԵՎԷ ԳԻՏԵԼԻՔ ՉՈՒՆԻ», ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆ ԷԼ ԵՐԿԵՐԵՍԱՆԻ ԷԹուրքական հասարակությունը որեւէ գիտելիք չունի ղարաբաղյան խնդրի մասին, դրա մասին քննարկումներ շատ քիչ են պատահում Թուրքիայի երկերեսանի քաղաքականության պատճառով: Այսպիսին է թուրք հրատարակիչ, մարդու իրավունքների պաշտպան-ակտիվիստ Ռագըփ Զարաքոլուի մոտեցումը «Թուրքական տեսակետը ղարաբաղյան հակամարտության շուրջը» հարցի առնչությամբ, որ երեկ քննարկվեց «Սիվիլիթասի» կազմակերպմամբ: Որպես բանախոս քննարկմանը մասնակցում էր նաեւ լրագրող, «Ղարաբաղյան օրագիր. կանաչ եւ սեւ» գրքի հեղինակ Թաթուլ Հակոբյանը : Ռագըփ Զարաքոլուն նախկինում բազմիցս անդրադարձել է «հայկական հարցին», իսկ այժմ պատրաստակամություն է հայտնել Թուրքիայում հրատարակելու Թաթուլ Հակոբյանի գրքի թուրքերեն թարգմանությունը: Զարաքոլուն բերեց Կիպրոսի օրինակը, որի հարցում իբր անվտանգություն երաշխավորող Թուրքիան ինչ-որ պահի ռազմական ներխուժում իրականացրեց Կիպրոս` «պաշտպանելու կործանվող թուրքական փոքրամասնությանը», որի ինքնորոշման «իրավունքն» էլ հիմա Թուրքիան փորձում է պաշտպանել: Մինչդեռ Ղարաբաղի հարցում Թուրքիան չի խոսում ինքնորոշման իրավունքից, այլ սատարում է Ադրբեջանի տեսակետը: Ավելին, ըստ Զարաքոլուի, սխալ այս քաղաքականությունը շարունակվում է նաեւ հայ-թուրքական ձեւաչափում, երբ ղարաբաղյան հարցի չկարգավորված լինելը պատճառ է բերվում հայ-թուրքական հաշտեցման համար: Թաթուլ Հակոբյանի դիտարկմամբՙ Ղարաբաղի հարցը թուրքական տեսանկյունից հայկական պահանջատիրության ինչ-որ փուլ է: Ըստ այդ նույն տրամաբանության, «հայերը պահանջում են Ղարաբաղը, վաղը կարող են պահանջել Նախիջեւանը, որի նկատմամբ Թուրքիան ավելի զգայուն է, վաղն էլ կպահանջեն Կարսը... Ղարաբաղի հարցը Թուրքիայի համար պատրվակ է Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ չհաստատելու համար»: Որպես լրագրող Հակոբյանի շփումները իր թուրք գործընկերների հետ ցույց են տվել, որ Հայաստանի եւ Ղարաբաղի մասին նրանց պատկերացումները մակերեսային են, շատ դեպքերում չգիտեն անգամ, թե որտեղ է Ղարաբաղը: «Թուրքիայի արտաքին քաղաքականության մեջ իրականում Հայաստանի հետ կապված բոլոր հարցերը տասներորդական տեղում են», ասաց լրագրողը, հիշեցնելով, որ վերջին տարվա ընթացքում ընդամենը երկու անգամ է Թուրքիայի արտաքին քաղաքականության գերատեսչությունը հատուկ հաղորդագրությամբ անդրադարձել Հայաստանին, որից մեկ անգամ շատ կոշտ բառապաշարով քննադատել է Ստեփանակերտում օդանավակայանի բացումը եւ նշել, որ այն «խարխլում» է բանակցային գործընթացը: Թուրք իրավապաշտպանն էլ գտնում է, որ Ղարաբաղյան հարցը հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման համատեքստում զուտ պատճառաբանություն է, եւ հայ-թուրքական արձանագրությունների հարցում համաձայնության չգալու մեղավորը Թուրքիան է: «Այսօր Թուրքիայում աշխատում է մի մեծ ադրբեջանական լոբբի, սերտանում են ադրբեջանական եւ թուրքական բիզնեսի կապերը», վստահեցրեց Զարաքոլուն, միեւնույն ժամանակ շեշտելով, որ Ղարաբաղի հարցում Թուրքիայի դիրքորոշումը նպաստում է ադրբեջանցիների սադրիչ գործելակերպին ու վտանգում անվտանգությունը մեր տարածաշրջանում: «Թուրքիայում միակ հույսը քաղաքացիական հասարակությունն է, որ կարող է փոխել իրավիճակը, ինչը երկար ժամանակ է պահանջում», նշեց թուրք հրատարակիչը: Որպես օրինակ Զարաքոլուն ներկայացրեց ապրիլի 24-ին Թուրքիայում իրականացվող միջոցառումները, որոնք թեեւ խորհրդանշական են, բայց «հալեցնում են սառույցը», ուստի այդ գործը շարունակվելու է: Զարաքոլուի խոսքերովՙ «ԼՂ հարցի շուրջը պետք է ավելի լուրջ աշխատել, բացատրել հասարակությանը, որ այդ հարցը կապ չունի հայ-թուրքական հարցի հետ: Կարելի է համագործակցել նաեւ Ադրբեջանում գործող առաջատար կազմակերպությունների հետ, կարեւորն այն է, որ չպետք է հանձնվել»: Վ.ՊՈՂՈՍՅԱՆ https://www.archive.azg.am/AM/2013012307 © AZG Daily, 2008 |