«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #17, 2013-02-13

ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՄԲ

ՀԵՌՈՒՍՏԱՄԱՐԱԹՈՆ ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍՈՒՄ` ՀԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԳՅՈՒՄՐԵՑԻ ՏՆԱԿԱԲՆԱԿՆԵՐԻ

Փետրվարի 10-ին ԱՄՆ-ի Լոս Անջելես հայաշատ քաղաքում անցկացվել է 1988-ի դեկտեմբերյան աղետի 25-ամյակին նվիրված դրամահավաք-հեռուստամարաթոն` հաջակցություն Գյումրու վագոն-տնակներում բնակվող ընտանիքների:

Ըստ այս մասին «Շիրակ կենտրոնի» տարածած հաղորդագրության, մարաթոնն ընթացել է Լոս Անջելեսի ժամանակով ժամը 11-ից մինչեւ երեկոյան 10 եւ հեռարձակվել AMGA հեռուստակայանի երեք ալիքների ուղիղ եթերով: Մարաթոնը կազմակերպել են այս հեռուստաընկերությունը, արդեն շուրջ մեկ տարի Գյումրու տնակաբնակներին աջակցող բարերար Էլվիս Մադաթյանը, «Համայնապատկեր» հայկական հանդեսի գլխավոր խմբագիր Սարո Գյոդակյանը եւ հեռուստալրագրողներ Արմեն Բարսեղյանն ու Ռուդիկ Հովսեփյանը, դրան ակտիվ մասնակցություն են ցուցաբերել Գլենդելում բնակվող հայ համայնքի ավելի քան 700 անդամներ: Մարաթոնի ընթացքում հանգանակվել է մոտ 40 հազար դոլար, սակայն նախաձեռնողների հավաստիացումներով` գյումրեցի տնակաբնակների օգտին դրամահավաքը կրելու է երկարաժամկետ բնույթ եւ տեւելու է մինչեւ դեկտեմբերի 7-ը:

Ինչպես հեռուստամարաթոնի ընթացքում հանգանակված, այնպես էլ հետագայում հավաքվելիք գումարը «Շիրակ կենտրոնի» միջոցով ծախսվելու է Գյումրու տնակային ավաններում բնակվող ընտանիքների առաջնային խնդիրների լուծման նպատակով: Այդ խնդիրները պարբերաբար ներկայացվում են կենտրոնի աշխատակիցների պատրաստած տեսանյութերում: Դրանցում ներկայացված ընտանիքներին կշարունակի հատկացվել նաեւ տարբեր անհատների կողմից տրամադրվող տարատեսակ նյութական օգնությունը:

«Շիրակ կենտրոնը» գյումրեցի հարյուրավոր անօթեւան եւ սոցիալապես ծանր պայմաններում ապրող ընտանիքների անունից իր խորին երախտագիտությունն է հայտնել լոսանջելեսյան հեռուստամարաթոնի եւ դրամահավաքի կազմակերպիչներին:

Գ. Մ.


https://www.archive.azg.am/AM/2013021319

© AZG Daily, 2008