«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #31, 2013-03-05ԱՏԱՄՆԱԲՈՒԺԱԿԱՆ ՄԵԿ ԲԱԶԿԱԹՈՌԻՑ ՎՃԱՐՎՈՒՄ ԷՐ... ՕՐԱԿԱՆ 240 ԴՐԱՄ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿ![]() Ի՞նչ շահութաբերությամբ եւ եղանակներով էին աշխատում ատամնաբուժարանները մինչ արտոնագրային հարկման անցնելը ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ Ատամնաբուժական ծառայություններ մատուցողների համար կատարված հարկային փոփոխություններին մեր թերթում առաջին անգամ («Կայացած երկրում հարկային դրույքաչափը 4 անգամ չեն բարձրացնում», 22 հունվարի, 2013) անդրադարձել ենք, անընդունելի համարելով հարկային դրույքաչափերի նման կտրուկ բարձրացումը, նշելով, որ ատամնաբուժական ծառայությունները շատ կարեւոր են եւ շոշափում են ամբողջ բնակչության շահերը: Վերջերս կառավարությունը վերստին անդրադարձել էր այս խնդրին, որոշում ընդունելով, որ ստոմատոլոգիական ծառայությունների ընթացքում մատուցված ռենտգենաբանական ծառայությունները ներառվում են ստոմատոլոգիական ծառայությունների մեջ, իսկ ատամնատեխնիկական ծառայությունների մատուցման ընթացքում ատամնատեխնիկի 1 հիմնական աշխատատեղ կարող է համարվել 1 ատամնատեխնիկի եւ 2 օժանդակ աշխատակիցների աշխատատեղերի ամբողջությունը: («Կրկին ատամնաբուժական ծառայությունների հարկման մասին», 28 փետրվարի, 2013 թ.): Այդուհանդերձ, թե ի՞նչ հաշվարկների հիման վրա էին սահմանել արտոնագրային վճարների չափերը ատամնաբույժների համար, մինչեւ վերջերս պետական ոչ մի կառույցից չէր ներկայացվում: Եվ ահա, կառավարության վերոնշյալ որոշման նախագծում ներկայացվել են պետեկամուտների կոմիտեի ուսումնասիրության արդյունքները այս ոլորտում: Մասնավորապես, ուսումնասիրվել են Երեւանում գործունեություն ծավալող 30 ատամնաբուժական ծառայություններ մատուցողներ: Ուսումնասիրված բոլոր ընկերություններում, նրանց ներկայացրած տվյալներով, շահութաբերության մակարդակը կազմել է ընդամենը 2-7 տոկոս, իսկ աշխատավարձը` 37-72 հազար դրամ: Գործունեության առաջին եղանակով, ատամնաբուժական կլինիկայի կազմակերպիչը բժիշկ-ստոմատոլոգների հետ աշխատում է օրավարձով` յուրաքանչյուր բժիշկ-ստոմատոլոգից ստանալով օրական 15 հազարից 20 հազար դրամ եկամուտ` փոխարենը վճարելով հարկերն ու կոմունալ ծախսերը: Այսինքն, միայն անհրաժեշտ նյութերի ձեռքբերման ծախսերը կրում է բժիշկ-ստոմատոլոգը: Այս եղանակով աշխատելու դեպքում պետությանը վճարված շահութահարկը մեկ բազկաթոռի համար կազմել է ամսական 3,5-9 հազար դրամ` օրական 130-350 դրամ: Փաստորեն, մեկ ստոմատոլոգի հաշվով միջինը 17,5 հազար դրամ վարձատրություն ստանալու դիմաց, կազմակերպիչը վճարել է օրական 240 դրամ շահութահարկ կամ ստացած եկամուտների 1,37 տոկոսը: Վերնոշյալ ցուցանիշներից ակնհայտ է, որ եթե ատամնաբուժական գործունեություն իրականացնողները հայտարարագրեին իրենց իրական շրջանառությունները, ապա վճարվող շահութահարկի չափը շատ ավելին կլիներ, քան արտոնագրային վճարի առավելագույն` 80 հազար դրամը: Մյուս եղանակն այն է, որ ատամնաբուժական կլինիկայի կազմակերպիչը բժիշկ-ստոմատոլոգների հետ աշխատում է ատամնաբուժական բազկաթոռների վարձակալության հիմունքներով` յուրաքանչյուր բազկաթոռի վարձը սահմանելով ամսական 200 հազարից 350 հազար դրամ: Այս դեպքում ատամնաբուժական ծառայությունների մատուցման համար անհրաժեշտ նյութերի ձեռքբերման, ինչպես նաեւ հարկերի վճարման պարտավորությունը կրում է վարձակալը: Այս եղանակով աշխատող ատամնաբուժական կլինիկաները մեկ բազկաթոռի հաշվով միջին ամսական 275 հազար դրամ վարձատրության դիմաց վճարել են միջինը 4,2 հազար դրամ շահութահարկ; Դա նշանակում է, որ 1 բազկաթոռի հաշվով պետությանը վճարված հարկերը շուրջ 65 անգամ պակաս են եղել 1 բազկաթոռի վարձակալության վճարից: Ի՞նչ կարելի է ասել վերոնշյալ ցուցանիշների կապակցությամբ: Առաջինը, որ դրանք բավականին խոսուն են եւ այնպես չէ, որ ատամնաբույժների եկամուտների վրա էական ազդեցություն կթողնեն արտոնագրային վճարները, կամ դրանք հիմք են տալիս ատամնաբույժներին բարձրացնել իրենց մատուցած ծառայությունների գները: Երկրորդ, անհասկանալի է, թե ատամնաբույժների բողոքի օրերին ինչո՞ւ պետեկամուտների կոմիտեն կամ ֆինանսների նախարարությունը չէին հրապարակում այս ուսումնասիրության արդյունքները` հիմնավորելու այս ոլորտում մեծ ստվերի առկայությունն ու հարկման կտրուկ բարձրացումը: Երբեմն այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ այս կամ այն նախարարությունը, կառավարությունը եւ ընդհանրապես իշխանությունները կամ չեն ցանկանում, կամ էլ չեն կարողանում ինչպես հարկն է հանրությանը ներկայացնել իրենց որոշումների հիմնավորումները, դրանով իսկ սեփական նպաստը բերելով իրենց դեմ ուղղվող դժգոհություններին: https://www.archive.azg.am/AM/2013030504 © AZG Daily, 2008 |