«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #55, 2013-04-09

Մարզական

ՄԽԻԹԱՐՅԱՆԸ ՄՈՏ Է ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ՌԵԿՈՐԴԸ ԳԵՐԱԶԱՆՑԵԼՈՒՆ

Հենրիխ Մխիթարյանի խփած 2 գոլերը 2-1 հաշվով հաղթանակ պարգեւեցին «Շախտյորին» Կիեւի «Դինամոյի» հետ կայացած Ուկրաինայի առաջնության սկզբունքային խաղում: Հենրիխն ավելի ամրապնդեց Ուկրաինայի առաջնության լավագույն ռմբարկուի իր դիրքըՙ գոլերի թիվը հասցնելով 21-ի: Նա կրկնեց «Շախտյորի» մեկ մրցաշրջանի արդյունավետության ռեկորդը, որը պատկանում էր թիմի նախկին խաղացողներ Օլեգ Մատվեեւին (1996/97) եւ Անդրեյ Վորոբեյին (2000/01): Իսկ Ուկրաինայի առաջնություններում մեկ մրցաշրջանի արդյունավետության ռեկորդը կրկնելու համար Մխիթարյանին անհրաժեշտ է մնացած 7 հանդիպումներում ընդամենը մեկ գոլ խփել: Ռեկորդային ցուցանիշը պատկանում է Կիեւի «Դինամոյի» նախկին ֆուտբոլիստներ Սերգեյ Ռեբրովին (1997/98) եւ Մաքսիմ Շացկիխին (2002/03), որոնք մեկ մրցաշրջանում 22-ական գոլի հեղինակ են դարձել:

Խաղից հետո Մխիթարյանն իր տպավորություններն է հայտնել. «Մեզ համար գլխավորը հաղթելն էր: Թեեւ արագ գոլ բաց թողեցինք, սակայն դրանից հետո լավ խաղացինք: Մենք գոլային մի քանի պահեր չիրացրինք:

Թիմակիցներիս շնորհավորում եմ հաղթանակի առթիվ, քանի որ այն ձեռք բերվեց դժվարին խաղում: Գիտեինք, որ մեզ շատ լուրջ հանդիպում է սպասում, որ փոքր սխալի դեպքում կարող ենք գոլ ընդունել սեփական դարպասը: Թեեւ դինամոյականներից միավորների զգալի առավելությանը, լրջորեն էինք տրամադրվել այս խաղին: Մարզիչը մեզ լավ էր նախապատրաստել»:


https://www.archive.azg.am/AM/2013040921

© AZG Daily, 2008