«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #225, 2013-12-24

Միջազգային

ԷԼՉԻԲԵՅԻ ԸՆՏԱՆԻՔԸ` ԱՆՎՃԱՐՈՒՆԱԿ

Ինչպես հաղորդում է virtualaz.org-ը, օրերս Բաքվի արվարձանային Ռասուլզադե (նախկինում Վորոսվսկու անվան) ավանի Ալիխանով փողոցի թ. 48 առանձնատուն են մտել գազի գրասենյակի աշխատակիցները եւ անջատել գազը: Պատճառն այն է, որ տան բնակիչներն օգտագործած գազի դիմաց ունեն 700 մանաթի պարտք:

Տեղեկատվությունը ոչնչով աչքի չէր ընկնի, հարեւան երկրում նման տասնյակհազարավոր ընտանիքներ կան, եթե խոսքը չվերաբերեր Ադրբեջանի էքս-նախագահ Աբուլֆազ Էլչիբեյի այրուն, դստերը եւ թոռանը, որոնց նշված հասցեում գտնվող առանձնատունը պատկանում է սեփականության իրավունքով:

Փաստացի, Ռասուլզադե ավանի գազի գրասենյակի աշխատակիցները Ամանորի նախօրյակին Ադրբեջանի էքս-նախագահի ընտանիքին զրկել են տունը ջեռուցելու եւ կենցաղային այլ կարիքներ հոգալու հնարավորությունից:

Խնդիրն այստեղ ունի ընդգծված քաղաքական ենթատեքստ: Բանն այն է, որ Ադրբեջանում ընդունվել եւ գործում է «Նախկին նախագահի մասին» սահմանադրական օրենք: Ըստ այդմ, նախկին նախագահի համար սահմանված է ամսական թոշակ` գործող նախագահի աշխատավարձի 70 տոկոսի չափով:

ԱՊՀ երկրներում Ադրբեջանի նախագահն ստանում է ամենաբարձր աշխատավարձերից մեկը` ամսական 12 000 մանաթ կամ շուրջ 14 000 դոլար: Էքս-նախագահ Այազ Մութալիբովն ստանում է դրա 70 տոկոսը, ինչպես նաեւ նրան տրվել են մերձքաղաքային առանձնատուն, ծառայողական մեքենա, թիկնապահ: Օրենքով սահմանված է, որ էքս-նախագահի մահվան դեպքում նրա այրին կարող է միայն ստանալ թոշակ` էքս-նախագահի թոշակի 60 տոկոսի չափով:

Այսպիսով, ըստ օրենքի Էլչիբեյի այրին պետք է ստանա ամսական մոտ 5 000 դոլար թոշակ: Նման եկամուտ ունենալու դեպքում Էլչիբեյի ընտանիքը հազիվ թե գազի դիմաց ունենար 700 մանաթի պարտք: Այո, բայց բանն այն է, որ Էլչիբեյի այրին հրապարակավ հրաժարվել է օգտվել էքս-նախագահի այրու համար օրենքով սահմանված արտոնություններից, «քանի դեռ իշխանությունները պատշաճ ձեւով չեն հարգի Աբուլֆազ Էլչիբեյի հիշատակը»:

Ի տարբերություն Այազ Մութալիբովի, որ հանուն նախագահական թոշակի, առանձնատան եւ այլ արտոնությունների գլուխ է խոնարհել Իլհամ Ալիեւի առաջ եւ ամեն տարի Հեյդար Ալիեւի ծննդյան եւ մահվանը օրը դպրոցականի պարտաճանաչությամբ ծաղկեպսակ է դնում «համազգային առաջնորդի» գերեզմանին, Էլչիբեյի այրին երբեւէ հրապարակային հայտարարություն չի արել Ադրբեջանում իշխող վարչախմբի լեգիտիմության, առավել եւս` Հեյդար Ալիեւի «փրկչական առաքելության» մասին:

Եվ ամեն անգամ իշխող վարչախումբը էքս-նախագահի այրուն պատժում է` մերթ էլեկտրականությունը, մերթ էլ գազը անջատելով: Նպատակը մեկն է` կենցաղային անհարմարություններ, անտանելի կենսապայմաններ ստեղծել, որպեսզի Էլչիբեյի այրին եւս «կոտրվի» եւ «ծնկի գա»: Իսկ նա համառորեն դիմադրում եւ տեղի չի տալիս: Անցյալ տարի ադրբեջանական լրատվամիջոցներից մեկին հարցազրույց էր տվել Էլչիբեյի որդին եւ ասել, որ կոմունալ-կենցաղային ծախսերի դիմաց «պարտքերը փակել է մի գործարարի օժանդակությամբ»:

Այս անգամ էլ, երեւի, Բաքվում սրտացավ մարդ կգտնվի եւ օգնության ձեռք կպարզի Էլչիբեյի ընտանիքին: Բայց իշխող վարչախումբը փոխարենը հաստատ նոր խնդիրներ կհարուցի, այնքան ժամանակ, մինչեւ էքս-նախագահի այրին կամ կհեռանա Ադրբեջանից, կա՛մ ստիպված տեղի կտա: Կա՛մ էլ, չի բացառված, կիշխանազրկվի Իլհամ Ալիեւը...

Իսկ առայժմ դրսում սառնամանիք է, եւ Ադրբեջանի էքս-նախագահի թոռնիկը մրսում է մի երկրում, որը հավակնում է դառնալ Եվրոպայի «էներգետիկ անվտանգության երաշխավորը»: Ադրբեջանն ինչպե՞ս կարող է այլ երկրի քաղաքացիների բարեկեցության երաշխավոր լինել, եթե Իլհամ Ալիեւի վարչախումբն այնքան քինախնդիր է, որ էքս-նախագահի ընտանիքը մատնում է ցրտահարության...

ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ


https://www.archive.azg.am/AM/2013122405

© AZG Daily, 2008