«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #7, 2015-02-27 ՕՐԵՐԻ ՀԵՏ ՄԵՐ ԵՐԵԽԱՆԵՐԸՙ ԻՐԱԿԱՆ ԵՎ ՎԻՐՏՈՒԱԼ ԱՇԽԱՐՀՆԵՐԻ ԱՐԱՆՔՈՒՄԱրագ են անցնում այն ժամանակները, երբ բարեկամի կամ ընկերոջ տուն այցելելիսՙ տան երեխաները դիմավորում էին հյուրին կամ հյուրերին, նստում հետները, հետեւում մեծահասակների խոսակցությանը, իսկ խնդրելու դեպքումՙ արտասանում, երգում կամ նվագում: Հիմա նրանք հազիվ են հայացքով դիմավորում մեզ: Հիմա նրանք գերզբաղված են, գերուշադիրՙ հակված իրենց պլանշեթին, սմարտ-ֆոնին կամ նոթբուքին: Աչքերը կենտրոնացրած ձեռքի գերժամանակակից սարքին, մատիկներըՙ աջ ու ձախ շարժումների վրա: Նրանք մեր նոր սերունդն են, ինտերնետի՛ սերունդը: Դա լա՞վ է, թե՞ վատ: Անշուշտ ես չէ, որ պիտի թվարկեմ համացանցի հրաշալի առավելությունները: Սակայն, ինչպես շատ-շատերը, ինքս էլ մտահոգ եմ համացանցի անպատեհություններով, վնասակար եւ նույնիսկ վտանգավոր ազդեցությամբ: Առաջինըՙ ինտերնետից կախվածությունը: Շատ երեխաներ չեն կարողանում կտրվել համակարգչից: Ժամերով անշարժ դրանով զբաղվելու ֆիզիկական վնասակարությունից բացի, ինչպես նշում են հոգեբան-մանկավարժները, համակարգիչը կարծեք փոխարինում է նրանց ուղեղին: Միեւնույն երեխան առանց համակարգչի եւ համակարգչովՙ բոլորովին տարբեր են իրարից: Երկրորդՙ հոռի ազդեցությունները: Մասնագետներն այս պարագայում հիշեցնում են անչափահասների ֆիզիոլոգիական առանձնահատկություններից մեկը: Ըստ նրանցՙ անչափահասի մոտ դեռեւս հասունացած չէ կշռադատելու, սեփական ցանկությունն ու դրանից բխած արարքները զսպել-արգելակելու կարողությունը, որը պարտականությունն է ուղեղի նախաճակատային կեղեւի եւ որը առողջ երեխաների մոտ մինչեւ 20 տարեկան դառնալը դեռեւս լրիվ կազմավորված չի լինում: Այլ խոսքովՙ երեխաներն ու պատանիները դյուրավ ընկնում են ազդեցությունների տակ: Համակարգչից կախվածության մեջ գտնվող անչափահասը, մանավանդ տպավորվող անչափահասը, կարող է ընկնել համացանցով մատուցվող հոռի նյութերի ազդեցության տակ, առանց իրեն հաշիվ տալու հետեւանքների մասին: Ու որպեսզի խոսքս մերկապարանոց չթվա, հիշեմ Մ. Նահանգների Ուիսկոնսին նահանգի Միլուոքի քաղաքի արվարձաններից մեկում 2014 հունիսի 5-ին պատահած սարսափելի դեպքը, որի մասին առայսօր խոսում են ամերիկյան լուրջ լրատվամիջոցները: Այդ օրը 12 տարեկան երկու աղջնակներՙ Մորգան Գեյզերն ու Անիսա Ուեյերը, խաբեությամբ անտառ են տանում իրենց տարեկից ընկերուհուն եւ դանակով 19 անգամ ծակծկում նրա մարմինը: Բարեբախտաբար երեխան չի մահանում: Մի հեծանվորդ նրան փրկում էՙ ահազանգելով շտապօգնությանը: Փոքրիկ ոճրագործուհիներին սպասում է մինչեւ 65 տարվա կալանք: Պատճա՞ռը քստմնելի այդ արարքի. ինտերնետային սարսափ պատմություններից մեկը, որի հերոսը սարքովի մի կերպար է, այլանդակ մի հրեշՙ Սլենդըր Մեն (Slender Man) անվանյալ: Վտիտ, բարակ, բարձրահասակ, անդեմ ու սեւազգեստ մի հրեշ, որի ձեռքերը երկարում են ցանկացած չափով եւ որը հպատակեցնում է դիտողին, խրախուսում կամ պատժում ըստ կամս: Պարզվում էՙ ոճրագործ աղջնակներն իրենց ընկերուհուն դանակահարելով ցանկացել են իրենց հավատարմությունը փաստել Սլենդըր Մենին... Գուցե ոմանք առարկենՙ Ամերիկան մեծ երկիր է, ամեն արտառոց բան էլ կարող է պատահել այնտեղ: Այո, բայց... Բայց նկատի ունենալով նման երեւույթների դեմ մեր երկրի, այս պարագայումՙ մեր երեխաների անպաշտպանվածությունը, կարծում եմ, որ մեր հասարակությունն ու պետությունը պետք է լրջորեն մտահոգվեն անչափահասի վրա համացանցի տիրապետության խնդրով, դրա հետեւանքներով: Այս կապակցությամբ ՎիվաՍել-ՄՏՍ-ի միայնակ ջանքերը անբավարար են: Անհրաժեշտ է հասարակության լայն իրազեկվածություն: Անջրպետը արագորեն մեծանում է ծնողների ու երեխաների միջեւ, իրական ու վիրտուալ աշխարհների միջեւ: ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ https://www.archive.azg.am/AM/2015022701 © AZG Daily, 2008 |