«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #7, 2015-02-27 ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ՄԻ ՈՒՐՎԱԿԱՆ Է ՇՐՋՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ, ԿԱՄ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՄԲ «ԱՐԵՎԱՀԱՐՎԱԾՆԵՐԸ»ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ «Մի ուրվական է շրջում Եվրոպայում` կոմունիզմի ուրվականը»: Կարլ Մարքսի այս արտահայտությունը թեւավոր խոսք էր դարձել նախկին Խորհրդային Միությունում: Սակայն, ինչպես երեւում է, ուրվականների ժամանակը դեռեւս չի անցել, եւ նրանք 19-րդ դարից հաջողությամբ տեղափոխվում են 21-րդ դար: Թեեւ ներկայիս ուրվականը կոմունիզմինը չէ, բայց անհանդուրժողականությամբ եւ գործելաոճով ոչնչով չի զիջում իր ավագ «գործընկերոջը»: «Հեղափոխության» ուրվականը` հիմա նա է շրջում Հայաստանում: Այս ուրվականն ունի որոշակի նպատակ, ինքն էլ չգիտի, թե ի՞նչ է ուզածը` կոմունիզմ, սոցիալիզմ, շուկայական հասարակարգ, թե՞ ժողովրդավարություն, այս ամենի հիբրի՞դը, թե՞ մեկ այլ բան, ի՞նչ պետք է անի կամ ի՞նչ պետք է լինի հեղափոխություից հետո: «Ամեն ինչ գնալով վատանում է», «փոփոխություններ չկան»` հեղափոխության ուրվականի հիմնական «գաղափարական» զենքերը: Արդյոք ամե՞ն ինչ այդքան անհուսալի է եւ այդքան վատ: Ոչ ոք չի փորձում այս հարցն ինքն իրեն տալ, տեսնել իսկապես այդպե՞ս է իր կյանքում կամ իր շրջապատում, դեռ մի կողմ թողնելով վիճակագրությանը ծանոթանալը կամ վստահելը: Եթե նման հարց չի առաջանում, ապա բնական է, որ սեփական պատասախաններ չեն լինում: Մնում է միայն կրկնել այն, ինչ առավոտից իրիկուն ասում են քաղաքական ուժերը միմյանց դեմ պայքարելիս: Երբ մարդուն ուղղակի հարց ես տալիս, հիմա դու իսկապե՞ս ավելի վատ ես ապրում, քան 7 կամ 5 տարի առաջ, որոշակի պատասխան գրեթե չես ստանում: Իսկ երբ հարցնում ես, այն ժամանակ ունեի՞ր այս թանկարժեք հեռախոսը կամ համակարգիչ, մեքենա կամ սոցփաթեթ, աշխատավարձդ կամ եկամուտներդ ավելի բարձր էին, քան հիմա՞, արդեն տեսնում ես, որ մարդը սկսում է մտածել: Հենց այստեղ է, որ հասկանում ես` մտածելու սուր դեֆիցիտ եւ պահանջելու գերարտադրություն` մեր հասարակությանը վարակած ամենամեծ ախտն այսօր: Վարակ, որն ընդգրկել է անգամ մտավորականության բազմաթիվ ներկայացուցիների, որոնք, թվում է, պետք է լինեին ավելի սթափ եւ իրականությունը օբյեկտիվ տեսնողի դերում: Շահավետ է մշտապես լինել պահանջողի եւ դժգոհողի դերում: Ընդ որում, որքան ավելի բարեկեցիկ, այնքան ավելի բարձր դժգոհող եւ «հեղափոխություն» ու «փոփոխություններ» պահանջող: Պահանջում են հարուստն ու աղքատը, առեւտրականն ու տաքսու վարորդը, գործարարն ու վարձու աշխատողը, բժիշկն ու մանկավարժը: Գուցե տարօրինակ թվա, բայց ամենաքիչը հեղափոխության ուրվականն ազդում է զինվորականության` բանակի եւ սահմանամերձ գյուղերի բնակիչների վրա: Նրանք կատարում են իրենց գործը առանց դժգոհելու, թեեւՙ ամենավտանգավոր գործը, չլինելով ամենաբարձր վարձատրվողը կամ ամենաբարեկեցիկը: Վկայություն այն բանի, որ իրականում դժգոհում են նրանք, ովքեր դժգոհելու ավելի քիչ պատճառ ունեն եւ ովքեր չեն հասկանում, թե ինչ կարող է լինել իրենց պահանջած «հեղափոխության» դեպքում եւ դրանից հետո: Մարդիկ, ովքեր, օրինակ` ափսոսանք էին հայտնում, որ ԲՀԿ հանրահավաքը չկայացավ եւ «հեղափոխության» հերթական երազը մնաց անկատար, կապ չունի, որ բախումներից զերծ մնացինք: Այդ մարդկանց թվում էին նաեւ նրանք, ովքեր ունեն բարձր վարձատրվող աշխատանք կամ բիզնես, թանկարժեք ավտոմեքենա, ամենաբարձր ուսման վճար ունեցող բուհերում սովորող երեխաներ, բայց ... «փոփոխություններ» էին ակնկալվում այդ հանրահավաքից` առանց հասկանալու, որ նրանց ակնկալիքի իրականանալու դեպքում, առաջին փոփոխությունը լինելու է հենց իրենց ունեցածի կորուստը: Օրինակներ` քիչ թե շատ բարեկեցիկ կամ ոչ աղքատ համարվող երկրները, որտեղ դժգոհում էին եւ եղան «հեղափոխություններ» ու «փոփոխություններ»` Լիբիա, Թունիս, Սիրիա, Եգիպտոս, Ուկրաինա: Միայն մեկ երկրում հնարավոր եղավ կասեցնել արյունահեղությունն ու համատարած փլուզումը` Եգիպտոսում, որտեղ իշխանության գլուխ եկավ կարգ ու կանոն հաստատող ուժը: Մնացած երկրներում դժգոհող բնակչութունը լիուլի «վայելում է» հեղափոխությունն ու նրա «փոփոխությունները»: Այդուհանդերձ, հստակեցնենք, որպեսզի չհասկացվի, թե ասում ենք ամեն ինչ անփոփոխ պետք է թողնել: Նախ` այնպես չէ, որ ոչինչ չի փոխվում եւ չի կարող այդպես լինի բնության մեջ ընդհանրապես: Երկրորդՙ այնպես չէ, որ դրական փոփոխություններ մեր երկրում չեն կատարվել կամ չեն կատարվում, պարզապես, դրանց շատ արագ են մեզ համար սովորական դառնում եւ մոռացվում: Երրորդ` դրական փոփոխությունները ոչ թե արյունահեղություն, տնտեսության անկում, աղքատության խորացում, իսկ մեր դեպքում` նաեւ արտաքին թշնամու ներխուժման վտանգ բերող հեղափոխությունից պետք է ակնկալել, այլ էվոլուցիան զարգացումից: Հետեւաբար, պահանջը գործող իշխանութուններից պետք է լինի ավելի բարձր տնտեսական աճի համար պայմաններ ապահովելը, որպեսզի այդ աճի արդյունքներն ավելի շատ մարդկանց վերաբերվեն եւ ավելի տեսանելի լինեն: Եթե քաղաքական փոփոխություններ ենք պահանջում, ապա դրա համար գոյություն ունեն ընտրություններ: Միաժամանակ, պետք է նաեւ ձերբազատվել այն մտքից, որ անպայման պետք է հաղթի իմ ընտրած քաղաքական ուժը, որ բոլորը նրան են ընտրել, բայց ընտրվել է այլ ուժ: Ընտրություների նկատմամբ անվստահությունն, անշուշտ, ունի օբյեկտիվ հիմք (սկսած արդեն ոչ արդիական դարձած քվեարթերթիկները տրցակներով լցնելուց վերջացրած խիստ արդիական` ընտրողների ձայները գնելու մեխանիզմով), բայց այնպես չէ, որ բացարձակ ճշմարտություն է: Շատերի ընկալմամբ, եթե քաղաքական ուժը մի քանի հազարանոց հանրահավաք է անում, ուրեմն նա ունի ձայների բացարձակ մեծամասնություն: Իրականում այդ նույն ուժը կարող է ունենալ շատ ավելի ցածր ժողովրդականություն, քան ցույցեր չանցկացնող, բայց բնակչության հետ աշխատող քաղաքական ուժը: Այն ուժը, որը կարեւորում է օրինակ` տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները, որոնց քաղաքական ուժերի մեծ մասը կա՛մ արհամարհում են, կա՛մ ռեսուրսներ չունեն մասնակցելու համար: Իր ընտրազանգվածի հետ արդյունավետ աշխատելու լավագույն դասը տվեց Կարեն Դեմիրճյանը: 1998-ին չընտրվելով երկրի նախագահ, նա ոչ թե սկսեց անիմաստ եւ հանրությանը հատվածների բաժանող ցույցեր անել, այլ իր ընտրազանգվածի վրա հենվելով, հաղթեց 1999-ի խորհրդարանական ընտրություններում: Ճանապարհ, որով, չգիտես ինչու, չեն գնում այլ գործիչներ կամ քաղաքական ուժեր: Եթե տնտեսական փոփոխություններ ենք պահանջում, ապա պարտադիր չէ մշտապես դա պայմանավորել գործող իշխանության հեռացմամբ: Հետո էլ հաջորդ իշխանությունից պահանջել հեռանալ, ապա հաջորդից, եւ այդպես շարունակ: Չի լինելու երբեք այնպիսի իշխանություն, որը ժողովրդի 80 կամ 90 տոկոս վստահությունը ունենա: Եթե ընտրություններին հաղթող ուժը կամ անձը ստացել է ընտրություններին մասնակիցների 51 տոկոսը, ապա դա նշանակում է, որ նա ստացել է ամբողջ չափահաս բնակչության ձայների միայն մոտ 30 տոկոսը: Այդ վարկանիշը կարող է ցածրանալ կամ բարձրանալ մինչեւ հաջորդ ընտրություններ: Օրինակ` Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի վարկանիշը նվազել էր մինչեւ 13 տոկոսի, բայց ֆրանսիացիները հեղափոխություն անելու համար փողոց դուրս չեկան: Ժողովրդավարության հիմնարար արժեքներից մեկը ընտրությունների միջոցով իշխանություն ձեւավորելն է` ընտրելով մեկ այլ ուժի կամ վերընտրելով գործող ուժին: Սա գիտեն ժողովրդավարության ավանդույթներ ունեցող Ֆրանսիայում, բայց վատ են պատկերացնում նման ավանդույթներ չունեցող եւ ունենալու ձգտում էլ չունեցող Հայաստանում: Եվ վերջապես, ամենակարեւորը, զարգացումը, դրական փոփոխությունների միակ ճանապարհը ստեղծելն ու աշխատելն է, այլ ոչ թե անընդհատ դժգոհելն ու պահանջելը: ԱՄՆ-ն կամ Արեւմտյան Եվրոպայի երկրները բարեկեցության ներկայիս մակարդակին հասել են աշխատելով ու ստեղծելով` ոչ ոք նրանց չի նվիրել բարեկեցիկ կյանք: Մինչդեռ, մենք հիմա ակնկալում ենք, որ ներսից կամ դրսից, առանց քրտինք թափելու, ինչ-որ մեկը մեզ համար կբերի ցանկալի բարեկեցությո՞ւն: Չի լինելու նման բան, քանզի երբեք չի եղել նման բան որեւէ երկրում, որեւէ ժողովրդի մոտ: Հետեւաբար, հեղափոխության ուրվականին պետք է մոռանալ, քանի դեռ մեր երկրում էլ նա չի կրկնել ուրիշ երկրներում թողած արյունոտ ուղին: https://www.archive.azg.am/AM/2015022716 © AZG Daily, 2008 |