«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #16, 2015-05-01«ՄԶԶԱՑՆԵԼՈՒ» ՄԱՍԻՆԲրիտանացի գիտնականները պարզել են, որ ապրիլի 24-ին արքայազն Չարլզը գերադասեց Թուրքիան` Հայաստանից, ոչ թե որովհետեւ ցանկանում էր «մզզացնել» Երեւանին, այլ որովհետեւ այդպես է պահանջում Թագավորության շահը: Տրամաբանում ենք, որ ուրեմն նույն օրը երեկոյան,երբ մի քանի րոպեով անջատվել են Փարիզի Էյֆելյան աշտարակի լույսերը` ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի, դա կատարվել է ոչ թե, որպեսզի Թուրքիան «մզզա», այլ, քանի որ այդպես է պահանջում Ֆրանսիայի պետական շահը, որն ի դեպ տարիներ առաջ պահանջեց, որպեսզի նույն աշտարակի լույսերը վառվեն Թուրքիայի դրոշի գույներով: Եթե շարունակենք այս` «տրամաբանորեն հետեւում է» շղթան, ապա կստացվի, որ Ռուսաստանի, Սերբիայի,Կիպրոսի ու Ֆրանսիայի պետական շահից էր բխում այս երկրների նախագահների մասնակցությունը Տարելիցի միջոցառումներին, եւ նույն տրամաբանությամբՙ Չանաքքալեի միջոցառումներին տարբեր մակարդակներով մասնակցած 58 երկրները պետական շահով են հենց առաջնորդվել` Գալիպոլու մեկնելով: Հիշեցնենք, որ ապրիլի 24-ին Թուրքիայում էին Ադրբեջանի, Իրաքի, Ալբանիայի, Բոսնիա Հերցեգովինայի, Ջիբութիի, Չադի, Հարավային Սուդանի, Իռլանդիայի, Մոնտենեգրոյի,«Հյուսիսային Կիպրոսի» զավթված տարածքի, Կոսովոյի, Մակեդոնիայի, Մալիի,Նիգերի, Պակիստանի, Սենեգալի, Սլովենիայի, Թուրքմենստանի եւ Սոմալիի նախագահները: Չանաքքալեի հաղթանակը վարչապետական մակարդակով հիշել էին Ավստրալիան, Նոր Զելանդիան, Մոլդովան եւ Ռումինիան, իսկ նախարարական մակարդակով` Բահրեյնը, Ֆրանսիան, Գաբոնը, Գանան, Գվինեան, Հարավաֆրիկյան Հանրապետությունը, Հարավային Կորեան, Վրաստանը, Խորվաթիան, Հնդկաստանը, Լիտվան,Կանադան, Մոնղոլիան, Մավրիտանիան, Մոզամբիկը, Սինգապուրը, Տաջիկստանը, Թունիսը եւ Վիետնամը: Եւս 4 երկիր թուրքական խնջույքին մասնակցեցին խորհրդարանական պատվիրակությունների մակարդակով` Ռուսաստանը, Գամբիան, Աֆղանստանը եւ Զամբիան, եւ վերջապես Ավստրիան, Բելգիան, Բրազիլիան, Ինդոնեզիան, Էստոնիան, Ղազախստանը, Մալայզիան, Սլովակիան, Սաուդյան Արաբիան ու Օմանը մասնակցեցին դեսպանների մակարդակով: Զուտ թվաբանական առումով, փաստորեն, այսօր աշխարհում ավելի շատ երկրների պետական շահը համընկնում է Թուրքիայի պետական շահի հետ, այլ ոչ թե Երեւանի: Բայց Անկարայի հյուրերի ցուցակը ուշադիր նայելից պարզ է դառնում, որ Թուրքիան կատարյալ ձախողում է կրել: Համենայն դեպս, Ցեղասպանության հիշատակման օրվան զուգահեռ Չանաքքալեի «հաղթանակ» ձեռնարկելով, Անկարան ամենեւին կարիք չուներ, որ Թուրքիա այցելեն, ենթադրենք, Սոմալիի նախագահը, կամ Ռումինիայի վարչապետը, էլ չենք խոսում օմանցի դեսպանի մասին: Պարզ է, որ Թուրքիայի թիրախում այն երկրներն էին, ովքեր կամ այդ օրը Երեւանում էին, կամ էլ ոչ Երեւանում էին, ոչ էլ Թուրքիայում: Այդպիսիք, փաստորեն, եւս կային, օրինակՙ Իսրայելը, եւ ամենակարեւորը` ԱՄՆ-ը, որը երկրի գլխավոր գանձապետ Ջեյքոբ Լյուի գլխավորած պատվիրակությունն ուղարկեց Երեւան, այն պարագայում, երբ Չանաքքալեի միջոցառուներին Վաշինգտոնից ոչ ոք չներկայացավ` հիմնավորմամբ, թե ԱՄՆ-ը այդ ճակատամարտին չի մասնակցել: Տպավորություն է առաջանում, որ Գամբիան ու Զամբիան հերոսաբար մարտնչել են այդ ճակատամարտում... Այսինքն, եթե հաշվի առնենք, որ Թուրքիա այդ օրը չմեկնեցին նրանք, որոնց Թուրքիայում սպասում էին, ստացվում է, որ Չանաքքալեում ոչ թե 100 տարի առաջ, այլ ընդամենը օրեր առաջ, Թուրքիան պարտություն կրեց: Ու, եթե հիշենք վերջերս ՀՀ ԱԳ նախարարի հետ համատեղ ասուլիս տված Բելգիայի ԱԳ նախարարի խոսքերը, թե իրենք, այսինքն Միացյալ Եվրոպան «Թուրքիային տանելու ենք Ցեղասպանության ճանաչման ճանապարհով», ապա ստացվում է, որ Թուրքիայի պարտությունները դեռ շարունակվելու են, եթե, իհարկե, սեփական թեկուզ ամոթալի, հատկապես` ամոթալի անցյալի ճանաչումը պարտություն է: Այս համատեքստում, առաջարկում ենք մինչեւ հոգու խորքը չվիրավորվել այն երկրներից, ովքեր պատվիրակություններ են ուղարկել Չանաքքալե: Հակառակը, կարելի է անգամ շնորհակալություն հայտնել նրանց, քանի որ չանաքքալեիստների ցուցակը հենց թուրքական այսօրվա դիվանագիտույան սահմանն է: Այն, ինչպես տեսնում ենք, այնքան սարսափելի չէ, որքան դրա մասին խոսում են, եւ եթե հաշվի առնենք, որ արքայազն Չարլզը քնել է Չանաքքալեի տոնակատարությունների ընթացքում, անգամ` ձանձրալի է դառնում: Սա, իհարկե, չի նշանակում, որ Թուրքիան շուտով մասնատվելու է, եւ քանի շուտ է պետք է հայտ ներկայացնել` լավ տարածքների (ես, օրինակ, Ստամբուլն եմ ուզում), բայց սա նշանակում է, որ աշխարհում ավելի ու ավելի են շատանում այն երկրները, առաջատա՛ր երկրները, որոնց պետական շահերը համընկնում են Հայաստանի պետական շահի հետ: Կկարողանա՞նք արդյոք այս իրավիճակը տեղափոխել հայ-ադրբեջանական հակամարտություն,դժվար է ասել, բայց այն, որ մենք այսպես անելուն այլընտրանք չունենք, միանշանակ է: Ի դեպ, չնայած արքայազն Չարլզը մեկնել էր Թուրքիա, բայց այնտեղ առանձնազրույց չի ունեցել չանաքալեիստներից` Իլհամ Ալիեւի հետ: Բրիտանացի գիտնականները պարզել են, որ ուրեմն այս պահին արքայազն-«սուլթան» հանդիպումը Թագավորության շահերից չի բխում, սա էլ` մեզ հիմք Ադրբեջանին «մզզացնելու» գործընթաց սկսելու համար (մզզացնելը չխառնել` հաղթելու հետ. արդեն հաղթել ենք): ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ https://www.archive.azg.am/AM/2015050116 © AZG Daily, 2008 |