«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #3, 2016-01-29

ԻՆՉՊԵ՞Ս ԵՆ ՓՈԽՎԵԼ 10 ԱՄԵՆԱԽՈՇՈՐ ՀԱՐԿԱՏՈՒՆԵՐԸ 2015-ԻՆՙ ՆԱԽՈՐԴ ՏԱՐՎԱ ՀԱՄԵՄԱՏ

Ցանկը կրկին գլխավորում է «Գազպրոմ Արմենիա»-ն, իսկ առաջին տասնյակը ավելացրել է վճարած հարկերի չափը

Խոշոր հարկատուների առաջին տասնյակը 2015-ի ընթացքում, միասին վերցրած, վճարել է գրեթե 192 մլրդ դրամ հարկեր, ինչը մոտ 10 մլրդ դրամով ավելի է, քան 2014-ին խոշոր հարկատուների առաջին տասնյակի վճարածն էր: Այս անգամ եւս առաջին 10 հարկատուները ապահովել են պետական բյուջեով նախատեսված ամբողջ եկամուտների ավելի քան 16 տոկոսը:

Ֆինանսների նախարարության հրապարակած 2015-ի հունվար-դեկտեմբերին Հայաստանի 1000 խոշոր հարկատուները միասին վերցրած վճարել են 696 մլրդ 514 մլն կամ 2015-ի պետբյուջեով նախատեսված եկամուտների մոտ 59 տոկոսը: Մնացած մասն էլ վճարել են Հայաստանում ընդհանուր առմամբ գործող ավելի քան 60 հազար տնտեսվարողները` ընկերություններ եւ անհատ ձեռնարկատերեր:

Անցած տարի եւս, ինչպես 2014-ին, Հայաստանի 1000 խոշոր հարկատուների ցուցակը գլխավորում է «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը` 42 մլրդ 649 մլն դրամ վճարած հարկերով: Նախորդ տարվա համեմատ ցուցանիշը գրեթե նույնն է: «Գազպրոմ Արմենիա»-ն մեծ առավելությամբՙ մոտ 15 մլրդ դրամով առաջ է անցել իր վճարած հարկերով երկրորդ տեղում գտնվող «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ից: Այսինքն, Հայաստանի խոշորագույն արդյունաբերական ձեռնարկությանՙ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ը վճարել է 27 մլրդ 505 մլն դրամ: Նախորդ տարի կոմբինատը վճարել էր մոտ 20 մլրդ դրամ եւ 4-րդն էր: Առաջին եռյակը եզրափակում է հեռահաղորդակցության ոլորտի առաջատար «Ղ-Տելեկոմ» («ՎիվաՍել-ՄՏՍ») ընկերությունը` 18 մլրդ 628 մլն դրամ ցուցանիշով: 2014-ին «Ղ-Տելեկոմ»-ը դարձյալ երրորդ տեղում էր եւ վճարել էր մոտ 29 մլրդ դրամ հարկեր:

Խոշոր հարկատուների ցանկի 4-րդ տեղում Սամվել Ալեքսանյանի «Ալեքս Գրիգ»-ն է` 18 մլրդ 255 մլն դրամ ցուցանիշով: 2014-ին այս ընկերությունը վճարել էր 21 մլրդ 571 մլն դրամ եւ երրորդն էր: 5-րդ տեղում առաջին անգամ հայտնվել է «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր» ընկերությունըՙ մոտ 17 մլրդ դրամ վճարած հարկերով: Այս ընկերության գույքն անցյալ տարի մասնավորեցվեց, ինչով եւ պայմանավորված է նրա վճարած հարկային ծավալների աճը: 6-րդ տեղում «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ն են` 16 մլրդ 494 մլն դրամով: 2014-ին այս ընկերությունը 5-րդն էր, բայց 4 մլրդ դրամով ավելի քիչ հարկեր էր վճարել: Վճարված հարկերի ավելացումը այստեղ պայմանավորված է էլեկտաէներգիայի սակագների բարձրացմամբ:

7-րդ տեղում «Արմենտել»-ն է` 15 մլրդ 466 մլն դրամով, այն դեպքում, երբ նախորդող տարի հեռահաղորդակցության ոլորտի այս ընկերությունը 5-րդն էրՙ 16 մլրդ 490 մլն դրամ վճարած հարկերով: 8-րդ տեղում, ինչպես եւ 2014-ին, «Գրանդ Տոբակո»-ն է` 13 մլրդ 699 մլն դրամով, ինչը նախորդ տարվա ցուցանիշը գերազանցում է մոտ 3 մլրդ դրամով:

Լավագույն տասնյակը եզարափակում են վառելիք ներմուծող երկու խոշոր ընկերություններըՙ «Ֆլեշ»-ը եւ «Սի Փի Էս օիլ քորփորեյշն»-ը: «Ֆլեշ»-ը վճարել է 12 մլրդ 751 մլն դրամի հարկեր եւ 9-րդն է, անցյալ տարվա համեմատ մոտ 800 մլն դրամով ավելի: «Սի Փի Էս օիլ քորփորեյշն»-ի վճարած հարկերը կազմել են 9 մլրդ 465 մլն դրամՙ մոտ 200 մլն դրամով պակաս 2014-ի տարեկան ցուցանիշից:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


https://www.archive.azg.am/AM/2016012909

© AZG Daily, 2008