«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #38, 2016-10-14

ՏԱՐԱԲՆՈՒՅԹ

ԼԻՃՔՆ ԱՊԱՀՈՎՎԵԼ Է ԱՎԵԼԻ ՔԱՆ 3 ԿՄ ԵՐԿԱՐՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՔԻՆ ԼՈՒՍԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ

Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) եւ ՎիվաՍել-ՄՏՍ-ն ամփոփել են «Այլընտրանքային էներգիա» նախագծի շրջանակում համատեղ իրականացրած հերթական ծրագրի արդյունքները: Գեղարքունիքի մարզի Լիճք համայնքում այս տարի տեղակայվել է 53 լուսատուՙ արտաքին լուսավորության լուսադիոդային (LED) համակարգով: Ծրագրի արդյունքում լուսավորվել են համայնքի հիմնական երկու փողոցներըՙ մոտ 1,650մ ընդhանուր երկարությամբ:

Դեռեւս նախորդ տարիՙ Լիճք համայնքի լուսավորման ծրագրի առաջին փուլում, գյուղում լուսադիոդային (LED) համակարգով աշխատող 47 լուսատու էր տեղադրվելՙ լուսավորելով 1,450մ երկարությամբ տարածք: Այսպիսով, ընդհանուր առմամբ, Լիճքն ապահովվել է ավելի քան 3 կմ երկարությամբ արտաքին լուսավորությամբ:

Համակարգի գործարկմանը մասնակցել են ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, FPWC-ի հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը, Լիճք համայնքի ղեկավար Գնել Գրիգորյանը եւ համայնքի բնակիչները:

Լուսատուները համայնքի փողոցները կլուսավորեն ամռանը 20:00-ից մինչեւ 00:00, իսկ ձմռանըՙ 18:00-ից մինչեւ 23:00: Տոնական օրերին լուսավորություն կապահովվի ամբողջ գիշեր:

Ի տարբերություն էլեկտրական լամպերի, LED լամպերն առավել արդյունավետ ու դիմացկուն են, կարող են անհամեմատ ավելի երկար ծառայելՙ օգտագործելով 80 տոկոսով պակաս էլեկտրաէներգիա:

«Վերջին տասնամյակներիՙ տեխնոլոգիական սրընթաց զարգացումը միտված է մարդկանց կենսամակարդակի բարձրացմանը եւ ճանաչողության նոր հնարավորությունների ստեղծմանը: Այնուամենայնիվ, այդ առաջընթացն իր հետ բերում է նաեւ բացասական հետեւանքներ. չարաշահվում են Երկիր մոլորակի բնական ռեսուրսները, աղտոտվում է շրջակա միջավայրը, անդառնալի կորուստներ է կրում բնությունը: Այս երեւույթները մեղմելու միջոցներ ստեղծելը եւ կիրառելը օրհասական խնդիր է դարձել մարդկության համար: Այլընտրանքային էներգիայի աղբյուրների օգտագործումը լուծումներից մեկն է, եւ ուրախ եմ, որ այդ գաղափարը լայն տարածում է գտնում եւ իրականացվում է Հայաստանում»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը :

Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) եւ հիմնադրամի գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ը չափազանց կարեւոր են համարում բնության պահպանության գործում նորագույն տեխնոլոգիաների օգտագործումը: Դա նպաստում է շրջակա միջավայրի պահպանությանը, էներգախնայողության բարձրացմանը եւ համայնքային զարգացմանը:


https://www.archive.azg.am/AM/2016101426

© AZG Daily, 2008