«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #40, 2016-10-28

ԱՆԴՐԱԴԱՐՁ

ՔԻՄԱՐԴԻ ՄԵԾ ՃԱՐՏԱՐԱԳԵՏԸ

ՌՈԶԱ ՔԱՐԱՄՅԱՆ

Այժմՙ 21-րդ դարում, պե՞տք է արդյոք խոսել լճացման ժամանակների ԽՍՀՄ պետական գործիչների մասին: Ո՞ւմ է հետաքրքիր կարդալ, թե ով եւ ինչպես էր ամրապնդում քիմիական արդյունաբերությունը, եթե այն, մասնատվելով ու թուլանալով, այժմ խղճուկ գոյություն է քարշ տալիս: Իսկ մարդիկ ստիպված են ամեն օր պայքարել հանուն գոյատեւման, եւ նրանք, որպես կանոն, ոչ վաղեմի պատմությունից ավելի կարեւոր հոգսեր ունեն... Կարծում ենքՙ այդ հարցերը, իհարկե, հռետորական են, բայց մենք պարտավոր ենք ճանաչել եւ հիշել նրանց, ովքեր Խորհրդային Միությունը դարձրին հզոր տերություն, որքան էլ հիմա փորձենք վերագնահատել մեր ոչ վաղեմի անցյալը կամ ծանակել այն: Այս կապակցությամբ անկարելի է չհիշել քիմիական արդյունաբերության կարկառուն կազմակերպիչ Լեոնիդ Արկադիի Կոստանդովիՙ մեր հայրենակցի անունը, ում ծննդյան 100-ամյակը լրանում է նոյեմբերի 15-ին:

ԽՍՀՄ քիմարդի ապագա նախարարի եւ Նախարարների խորհրդի ապագա փոխնախագահի հայրըՙ Արտաշես Կոստանդովը, ծնվել է 1884 թ. Հայաստանի Կապանի շրջանի Գեղանուշ գյուղում: 1903 թ. տեղափոխվել է Թուրքմենիայի Քերքի քաղաքՙ հորեղբոր մոտ: Այնտեղ նոյեմբերի 27-ին ծնվեց Արտաշեսի եւ Նաթելլա Քարամյանի առաջնեկ Լեոնիդը, իսկ հետոՙ դուստր Գոհարիկը: 1920 թ. ընտանիքը տեղափոխվել է Չարջոու: 1930-ականների կեսերին Լեոնիդը ընդունվել է Մոսկվայի քիմիական մեքենաշինության ինստիտուտ: Բուհն ավարտելով, նա Ուզբեկստան է վերադարձել որպես Չիրչիկի էլկետրամեխանիկական գործարանի գլխավոր մեխանիկ, հետագայում դառնալով այդ քիմիական հսկայի տնօրենը, այստեղ ընդհանուր առմամբ աշխատելով 13 տարի եւ Պետական մրցանակ ստանալով 1951 թվականին:

1953 թ. Լ.Ա. Կոստանդովին աշխատանքի նշանակեցին ԽՍՀՄ քիմիական արդյունաբերության նախարարության ապարատումՙ Ազոտային արդյունաբերության գլխավոր վարչության պետի պաշտոնում: Դրանից հետո էլ նրա կարիերան վերընթաց ապրեց. Քիմիայի պետկոմիտեի փոխնախագահ եւ նախագահ, 1963-ից ԽՍՀՄ նախարար, ապա ԽՍՀՄ Նախարարների խորհրդի փոխնախագահ մինչեւ 1984 թ. հանկարծամահությունը:

«1960-1984 թթ. ԽՍՀՄ քիմիական արդյունաբերության զարգացման արագացումը անխզելիորեն կապված է Լ.Ա. Կոստանդովի փայլուն գործունեության հետ»: ԽՍՀՄ քիմարդի փոխնախարար Վլադիմիր Կովալի այս կարծիքին համամիտ են այն ժամանակվա տասնյակ ամենաբարձրակարգ ղեկավարներ: Լ.Ա. Կոստանդովը հիանալի կերպով ծանոթ էր արտադրությանը, գիտությանը եւ կարողանում էր տեսնել ճյուղի զարգացման հեռանկարները: Նա կարողանում էր վիճաբանել եւ համոզել երկրի բարձրագույն ղեկավարությանը (այդ թվում Խրուշչովին եւ Կոսիգինին): Նա գործընկերային հարաբերություններ էր հաստատում ուրիշ ճյուղերի պատասխանատու աշխատողների հետ, հաշված օրերի ընթացքում լուծում էր այնպիսի հարցեր, որոնց համար ուրիշներից ամիսներ էին պահանջվում: Կոստանդովը հատկապես սերտ շփումներ ուներ ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի նախագահ Ա.Պ. Ալեքսանդրովի հետ: Առհասարակ նա հսկայական ուշադրություն էր դարձնում գիտությանը: Բավական է ասել, որ ԽՍՄՀ քիմարդնախարարությունում գիտության ծախսերը համեմատելի էին ամբողջ միութենական ակադեմիայի ֆինանսավորման հետ: Հենց Կոստանդովի օրոք երկիրն Արեւմուտքի հետ հավասարության հասավ պաշտպանության եւ սպառազինության բնագավառում: Մշակվեցին եւ ներդրվեցին համաշխարհային պրակտիկային անծանոթ տեխնոլոգիաներ: Հրթիռաձիգները ստացան անհրաժեշտ հատկություններով վառելիք, սուզանավորդներըՙ կենսապահովման համակարգեր, բնակչությունըՙ պաշտպանություն զանգվածային բնաջնջման զենքից եւ այլն:

Ծանր ջրի ստացման նոր մեթոդի մշակման համար 1972 թ. Լենինյան մրցանակի դափնեկիր դարձած Կոստանդովը դասախոսում էր Քիմիական պաշտպանության ռազմական ակադեմիայում, դրսեւորելով մեծ խորագիտակություն եւ ակնառու մանկավարժական հատկանիշներ: Ունկնդիրները որսում էին նրա ամեն մի բառը եւ տարիներ անց համոզվում էին, որ Կոստանդովի խոսքերից շատերը հաստատվում են կյանքում:

Նա հղանում էր գաղափարներ, որոնք կանխորոշում էին ԽՍՀՄ քիմիական արդյունաբերության զարգացումը եւ միջազգային համագործակցության կազմակերպումը: Սոցճամբարի Տնտեսական փոխօգնության խորհրդի շրջանակներում Բուլղարիայում ստեղծվեցին կրածնավորած սոդա արտադրող ձեռնարկություններ, Հունգարիայումՙ բույսերի պաշտպանության զանազան քիմիական միջոցներ, ԳԴՀ-ն մատակարարում էր նուրբ օրգանական սինթեզի արտադրանք, Լեհաստանըՙ սինթետիկ ներկանյութեր եւ ծծումբ, Ռումինիանՙ կաուստիկ սոդա, կալցիումի կարբիդ, Չեխոսլովակիանՙ զանազան քիմիկատներ, հակազդակներ, ախտորոշիչ պատրաստուկներ, Հարավսլավիանՙ ավտոմոբիլային էմալներ, լաքեր ու ներկանյութեր: Միաժամանակ նա զգալի ջանքեր էր գործադրում Արեւմուտքի առաջատար ընկերությունների հետ համագործակցությունը զարգացնելու համար: Ի դեպ, 1972 թ. Կոստանդովի կարգադրությամբ ԱՄՆ-ի «Մոնսանտո» ֆիրմա գործուղվեցին մի խումբ մասնագետներ Յու.Մ. Լուժկովի գլխավորությամբ (այն ժամանակ նա Քիմարդնախարարության բաժնի պետ էր): Կոստանդովի նախաձեռնությունները թույլ տվեցին յուրացնել բազմաթիվ արտադրություններ, ընդլայնել քիմմանրաթելերի, պարարտանյութերի, պլաստմասսաների թողարկումը, զգալիորեն ավելացնել քիմիական արտադրանքի միջազգային փոխշահավետ ապրանքաշրջանառությունը:

Եվ այս ամենի հետեւում կանգնած էր խելացի, եռանդուն, նրբանկատ եւ միաժամանակ պահանջկոտ մի մարդ, որը գիտեր այսօրվա եւ վաղվա խնդիրները: Լ.Ա. Կոստանդովի հեղինակությունն ուներ շատ բաղադրիչներ: Դրանք են ապշեցուցիչ եռանդը, բազմագիտակությունը, մասշտաբային կատեգորիաներով մտածելու կարողությունը, փայլուն կազմակերպչական հատկանիշները: Բայց թերեւս ամենակարեւորը նրա զարմանալի ջերմ վերաբերմունքն էր մարդկանց հանդեպ, կնոջՙ Լյուդմիլայի եւ երեք դուստրերի, բարեկամների, զինակիցների եւ աշխատակիցների, յուրաքանչյուր մարդկային էակի հանդեպ: Նրա արտասովոր հմայիչ դեմքն ու ժպիտը բարություն էին ճառագում:

Մի զվարճալի դեպք են պատմում: Արձակուրդից սեփական ավտոմեքենայով (ինքն էր վարում) վերադառնալիս Կոստանդովը ճաշում էր Նովգորոդի ռեստորաններից մեկում: Սրահը դատարկ էր, եւ մատուցողուհիները գանգատվում էին, որ քաղաքում փեսացուները քիչ են: Կոստանդովը գնաց մարզի ղեկավարության մոտ, եւ որոշվեց կառուցել Նովգորոդի խոշորագույն ձեռնարկությունը, որը քաղաքն ապահովեց արական աշխատուժով, իսկ աղջիկներինՙ փեսացուներով: Նա ամենքի հետ խոսում էր իբրեւ հավասարի հետ, առանց սնապարծության մւ մեծամտության: Չէր ներում ստախոսությունը, չէր սիրում դատարկախոսներին, կյանքում հումորով էր վերաբերվում ամեն ինչին:

Դժվար է թվարկել այն ամենը, ինչ արել է Լ.Ա. Կոստանդովը իր նախարարական աշխատանքի քառորդ դարում: Բացվեցին մի ամբողջ շարք նոր ԳՀԻ-ներ եւ նախագծային ինստիտուտներ, որոնք հիմք նախապատրաստեցին քիմհամալիրի զարգացման համար: Շահագործման հանձնվեցին հարյուրավոր խոշորագույն ձեռնարկություններ: Քիմիական մեքենաշինությունը դարձավ արդիական սարքավորումների հուսալի մատակարար: Նրա ստեղծած ներուժը իր մահից հետո էլ ծառայում է ոչ միայն Ռուսաստանին, այլեւ հետխորհրդային տարածքի մյուս երկրներին, այդ թվում Հայաստանին: Քիմիկոսների համար նա այսօր եւս ճյուղի ղեկավարի յուրատեսակ էտալոն է:

Լեոնիդ Կոստանդովը հաճախ կրկնում էր. «Մի՛ խուսափեք խնդրից, դժվարությունից: Գնացեք դրան ընդառաջ, լուծեք այն: Եթե փախչեք, այն կհասնի ձեր հետեւից եւ կտապալի ձեզ: Մի՛ վախեցեք լուծելուց»: Նրա այդ կարգախոսը կարեւոր է մանավանդ այսօր, երբ ամենքս ապրում ենք ծանր ժամանակներ: «Այժմ մեզ շատ պետք են Կոստանդովի նման ղեկավարներ», իր հուշերում գրում է ԽՍՀՄ նավթավերամշակման եւ նավթաքիմիական արդյունաբերության նախկին նախարար Նիկոլայ Լեմաեւը: Ճյուղում Կոստանդովի հետ աշխատած խոշորագույն մասնագետները համոզված են, որ թե՛ Ռուսաստանի եւ թե՛ Հայաստանի քիմիական արդյունաբերության վերածնունդը լավագույն հուշարձանը կլիներ այն ստեղծած Լեոնիդ Արկադիի Կոստանդովի համար:

Նրա հետ ազգակցական կապեր ունենալը ինձ համակում է հպարտության զգացումով: Ես նրա հետ հանդիպել եմ Մոսկվայում, իսկ դուստրերի հետ ամենաջերմ հարաբերություններն եմ պահպանում մինչեւ օրս: Հանդիպելիս նա աշխուժորեն հետաքրքրվում էր մեր գործերով, հարցուփորձ անում որդիներիս մասին: Նրա հետ շփվելիս ես ենթարկվում էի իր խելքի, եռանդի, մարդկայնության հմայքին: Նա արտասովոր, իր աշխատանքին խելահեղորեն սիրահարված մարդ էր: Չէի հասկանում, թե ինչպես է հաջողեցնում ժամանակ գտնել գեղարվեստական գրականություն կարդալու, թատրոններ հաճախելու, հոդվածներ գրելու համար: Բառերս չեն բավականացնում նրա մասին ամենաջերմ հիշողություններս արտահայտելու համար:

Այս տարի Հայաստանի Կապանի շրջանի Գեղանու գյուղում կանգնեցվեց Լ.Ա. Կոստանդովի կիսանդրին: Թող նրա հիշատակը պայծառ լինի:

Ռուս. թարգմ. Պ. Ք.

Նկար 1. Լեոնիդ Կոստանդով


https://www.archive.azg.am/AM/2016102818

© AZG Daily, 2008