«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #22, 2017-06-09ԳՅՈՒՄՐՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐՆ ԷԼ ԿԼԻՆԵՆ ՄՈՒՏՔԱՎՃԱՐՈՎՄեր պետական կառույցների պաշտոնական լեզվում հայերենը երբեմն այնպես է ոլորվում ու ծռմռվում, որ ստացված գլուխկոտրուկը հասկանալու համար լրացուցիչ ջանք է պահանջվում: Գյումրու ավագանին օրերս կայացրած որոշումներից մեկով հաստատել էՙ «Գյումրու համայնքային ենթակայության թանգարանների մուտքի համար մատուցվող ծառայությունների դիմաց փոխհատուցվող վճարների նկատմամբ արտոնությունների սահմանման եւ կիրառման կարգը»: Խոսքը վերաբերում է այստեղ գործող Մհեր Մկրտչյանի թանգարանի, Ավետիք Իսահակյանի, Հովհաննես Շիրազի հուշատուն-թանգարանների եւ Մարիամ ու Երանուհի Ասլամազյանների պատկերասրահի մուտքի վճարներ ու այցելուների որոշ խմբերի համար դրա հետ կապված արտոնություններ սահմանելուն: Բավական աշխույժ գործող նշված թանգարանային օջախները, ի տարբերություն պետբյուջեից ֆինանսավորվող նման հաստատությունների, մինչեւ այժմ այցելուներին ընդունել են առանց մուտքի վճարի, ունեցել են միայն հանագանակությունների արկղ, ուր այցելուն կարող էր ըստ ցանկության դրամ գցել: Այս մեթոդն իրեն չի արդարացրել, եւ թանգարանների տնօրենները հանդես են եկել մուտքի ու էքսկուրսավարների ծառայությունների վճարներ սահմանելու առաջարկությամբ, որն ընդունվել է: Դրա հետ մեկտեղ սահմանված արտոնություններով մուտքավճար չի գանձվի պետական պաշտոնական պատվիրակություններից, մշակույթի ոլորտի ուսանողներից, ժամկետային զինծառայողներից, ստեղծագործական միությունների անդամներից, նախադպրոցական տարիքի երեխաներից եւ այլ անձանցից, իսկ մինչեւ 12 տարեկան երեխաների, բոլոր ուսանողների, թոշակառուների համար սահմանվել է 50 տոկոս զեղչ: Ակնկալվող գումարները կուղղվեն թանգարանների պահպանման եւ այլ ծախսերը հոգալուն: Մնացածը թերեւս ժամանակը ցույց կտա: Գ. Մ. https://www.archive.azg.am/AM/2017060907 © AZG Daily, 2008 |