«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #23, 2017-06-16

ԴՈԿՏ. ԶԱՎԵՆ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԻ ՆՈՐԱԳՈՒՅՆ ՆՎԱՃՈՒՄՆԵՐԸ

Գիտությունը ընդարձակում է իր ոլորտները նվաճելով անսահման տիեզերքի նորանոր սահմանները: Անջրպետային գիտության առաջատար գիտնականներից մեկն է նախկին մոնրեալահայ, այժմ Մ. Նահանգների Վաշինգտոնի պետական «ՆԱՍԱ» բաժնի գիտաշխատող դոկտ. Զավեն Արզումանյանը , որն ավելի քան մեկ տասնամյակ իր ամերիկացի գործընկեր Քիտ Ժանդրոնի հետ գլխավորում է հեռավոր «մարած աստղերի» (Neutron stars) ուսումնասիրությունը:

Մոնրեալում 1967-ին ծնված Արզումանյանը ՀԲԸՄ Ալեք Մանուկյան վարժարանի շրջանավարտ է: Համալսարանական կրթությունը ստացել է տեղվույն Մկ-Գիլ համալսարանում, ապա Ամերիկայի Քոռնել համալսարանումՙ պրոֆ. Երվանդ Թերզյանի գլխավորած աստղագիտության բաժնում: Դոկտորի գիտական աստիճանը ստացել է Նյու Ջերզիի Պրինստոն համալսարանից:

Ենթադրվում է, որ «մարած աստղերը» ներքին քայքայման ենթարկվելով ստանում են չափազանց խտացյալ եւ մագնիսական մի վիճակ: Առավել մոտիկից քննարկելու համար այս աստղերը, երկու գիտնականները պատրաստել են էլկետրոնիկական արտակարգ մի «դիտակ», որ կոչվում է «նայսեր»: Անցյալ շաբաթ «նայսերը» հրթիռի միջոցով ուղարկվեց անջրպետ, դեպիՙ միջազգային մասնակցությամբ մնայուն կերպով այնտեղ հաստատված «Տիեզերական կենտրոն», որտեղից կատարվելու են «մարած աստղերի» ուսումնասիրությունները եւ գծագրվելու են ապագայի քարտեզներն ու ուղեցույցները:

Շնորհավորում ենք երիտասարդ գիտնականին եւ ցանկանում նորանոր հաջողություններ:


https://www.archive.azg.am/AM/2017061609

© AZG Daily, 2008