«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #24, 2017-06-23

ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՑԱԽՄԲԻ «ԿԵՂՏՈՏ» ԼՎԱՑՔԸ

Գերմանացի իրավապահները, հետաքննող լրագրողները գաղտնազերծում են խարդախությունների շղթան

«Ազգն» արդեն գրել է Գերմանիայում, ավելի ստույգՙ Թյուրինգիա երկրամասում գործող հայկական մաֆիայի մասին (տե՛ս «Ազգ»-ի 06-11-2015-ի հրապարակումը- Ան. Հ.): Տեղական MDR հեռուստաալիքի, մամուլի ուշադրության առանցքում հունիսի 20- ից դարձյալ հայկական մաֆիան է, որ, ինչպես կասկածում է կարեւորագույն գործերով զբաղվող Քրեական դաշնային վարչությունը, տարիներ ի վեր ներգրավված է երկրամասային մի շարք բանկերում փող լվանալու մեջՙ մասնավորապես հոլովվում է երկու խնայդրամարկղիՙ Landesbausparkasse Hessen-ThՖringen- ի եւ Sparkasse MittelthՖringen-ի անուն: 2009-ից 2015-ին փաստաթղթեր կեղծելու միջոցով, խարդախ ճանապարհով բանկերում անշարժ գույք ձեռք բերելու նպատակով հանցավոր խումբը վարկեր է ձեւակերպել տվել, իրենց քրեական գործարքներից ստացված «կեղտոտ» գումարները իբրեւ փոխառություն վճարել, ստացել «մաքուր» գումար: Ըստ մեր գերմանացի գործընկերներիՙ Աքսել Հեմմերլինգի , Լուդվիգ Քենդցիայի , Դիրք Ռայնհարդի (Axel Hemmerling, Ludwig Kendzia und Dirk Reinhardt) հետաքննության, վերոնշյալ խնայդրամարկղերից երկրորդի մամլո խոսնակը պարզաբանել է, թե իրենք միայն MDR- ի հետաքննությունից են իրազեկ դարձել, որ մաֆիան նպատակադրված իրենց հետ գործարքներ է կնքել:

Գործը հեշտ չէ, նյարդերի լարում է պահանջում, պատմում են գերմանացի մեր գործընկերները հայկական մաֆիայի մասին իրենց հետաքննական ծավալուն հոդվածում: Հովո Բ.-ի (գերմանացի լրագրողները նշում ենՙ անունը փոխված է- Ան. Հ.) գործարքը տեղից չի շարժվում: Վաղուց դրամը տիկնոջ հաշվին փոխանցված պիտի լիներ, այդտեղից էլՙ իրեն հասանելիք գումարը պիտի գար: Բայց սայլը տեղից չի շարժվել: Ուստի Հովոն նորից պիտի հանդիպի բանկի իր վստահելի մարդունՙ Մաթթիաս Հ-ին (անունը դարձյալ փոխված է- Ան. Հ.): Էրֆուրտի հյուրանոցներից մեկի ավտոկայանատեղում 2010-ի ապրիլի կեսերին Հովոն եւ Մաթթիասը հանդիպում ենՙ առանց կասկածելու, թե Քրեական դաշնային վարչության աշխատակիցների ուշադրության առանցքում են: 2009-ից արդեն այդ վարչության աշխատակիցները «ծանր եւ կազմակերպված հանցագործության» շրջանակներում, Էրֆուրտի դատախազությունից իրենց վարույթ են ընդունել տասնակ անդամները գերազանցող մի խմբի գործ, որի մեջ ընդգրկված են եղել ենթադրաբար հայկական մաֆիայի պարագլուխներ, Հովոնՙ իր զույգ եղբայրների հետ, հայ եւս երկու եղբայրներ: Նրանք բոլորն էլ եղել են իրավապահ մարմինների դիտակետում, տարիներ ի վեր գաղտնալսվել են նրանց հեռախոսային խոսակցությունները:

Մաֆիայի պարագլուխները սկզբում իրենց ծանոթ, վստահելի անձանց շրջանում փնտրել ու գտել են մարդկանց, որոնք վարկ վերցնելու հայտ կարող են ներկայացնելՙ լրացնելով հիմնական տվյալներըՙ անուն- ազգանուն, ծննդյան թիվ, հասցե: Այնուհետ պահանջվող մյուս փաստաթղթերըՙ աշխատավարձի չափը հաստատող, եկամուտների, հարկավճարների վերաբերյալ ապացույցները շատ հաճախ կեղծվել են: Վարկային միջնորդը բանկում իր վստահելի մարդն ունի, նա էլ հոգ է տանում, որ անհրաժեշտ փաստաթղթերը ծառայեն նպատակինՙ վարկ տրամադրվի: Ինչպես Քրեական դաշնային վարչության կազմած գործից է տեղեկացել գերմանացի հետաքննող լրագրողների եռյակը, հենց այսպես հայկական մաֆիայի պարագլուխները տասնյակը գերազանցող գործարքներ են իրականացրել: Հովո Բ- ի եւ Մաթթիաս Հ- ի հարյուրավոր հեռախոսային զրույցներ են գաղտնալսվել, նույն բանը միշտ կրկնվել էՙ փաստաթղթերը պիտի կեղծվեն: Էրֆուրտի հայկական մաֆիան դրա հանձնակատարն էլ ունեցել էՙ հաշվապահական անձնական գրասենյակն ունեցող ֆինանսական մի խորհրդատու նման գործերի պատվեր միշտ է ունեցելՙ հայտատուի փաստաթղթերն այնպես «դասավորել», որ վարկ տրամադրելու հարցում բանկը կասկած չունենա:

«Ազգի» սուղ տարածքը մեզ չի արտոնում վերապատմել մեր գործընկերների բացահայտած խարդախությունների կծիկի բոլոր մանրամասները: Լայնածավալ այս գործին անդրադարձ դեռ կանենք մեր թերթի էջերում, MDR-ի մեր գործընկերների հրապարակումները, Քրեական դաշնային վարչության տրամադրած տվյալները առատ նյութ են տրամադրում:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա


https://www.archive.azg.am/AM/2017062307

© AZG Daily, 2008