«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #4, 2018-02-02

ՆԱՏՕՙ ԱՌԱՆՑ ՕՍԻԱՅԻ ԵՎ ԱԲԽԱԶԻԱՅԻ

Վրաստանի ԱԳՆ ղեկավար Միխայիլ Ջանելիձեն մեկնել է Բրյուսելՙ «Վրաստան-ՆԱՏՕ» հանձնաժողովի աշխատանքին մասնակցելու: Ջանելիձեն Բրյուսելում կհանդիպի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Իենս Սթոլթենբերգի եւ նրա տեղակալների հետ:

Ի դեպ, ԱՄՆ Heritage Foundation ռազմավարական հետազոտական ինստիտուտը հրապարակել է զեկույց, որում նշվում է, որ մասնավոր զրույցներում պաշտոնական անձինք չեն բացառում ՆԱՏՕ-ին Վրաստանի «փոխզիջումային անդամակցումը», որը կենթադրի Աբխազիայից եւ Հարավային Օսիայից «ժամանակավոր հրաժարում»:

Ըստ զեկույցի` «ՆԱՏՕ-ի կանոնադրության 5-րդ հոդվածը, որը սահմանում է հավաքական պաշտպանություն եւ անվտանգության երաշխիքներ, ժամանակավորապես չի տարածվի Ռուսաստանի կողմից օկուպացված տարածքների վրա, մինչեւ այդ հարցը չլուծվի Ռուսաստանի հետ խաղաղ բանակցությունների ճանապարհով»:


https://www.archive.azg.am/AM/2018020221

© AZG Daily, 2008